Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, 20-ամյա Արթուր Արտյոմի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Մենք տեղեկացանք, որ զինծառայողը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչ էր։ Սովորել էր նույն մարզի Նոր Հաճն քաղաքի դպրոցներից մեկում։
Ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը նշեց, որ Արթուրը չափազանց հավասարակշռված, խելացի ու հանգիստ բնավորության տեր տղա էր։ Ընտանիքի միակ տղան էր, ուներ մեկ քույր։
Դեպքի նախորդ օրը Արթուրը զանգել է հորը, ասել, որ մոտակա խանութում ծխախոտի պարտք ունի՝ մոտ 2 հազար դրամ, հայրը նույն օրը գումարն ուղարկել է։ Երեկոյան՝ դեպքից ընդամենը 2 ժամ առաջ Արթուրը զանգահարել է հորը, ասել, որ արդեն տվել է պարտքը, որ գալուց տատիին անպայման իրենց հետ բերեն, իսկ ինքը 2 ժամից գնում է քնելու։
2 ժամ անց՝ 01։15-ի սահմաններում տեղի է ունեցել ողբերգական դեպքը։
«Սոցիալապես ապահովված չէին։ Հայրը վարկով տուն էր գնել Նոր Հաճն քաղաքում, գնում էր արտագնա աշխատանքների, որ փակեր վարկը։ Քույրը սովորում ա, ինքն էլ ժողինստիտուտում էր սովորում»,-մեզ հետ զրույցում նշեց բարեկամներից մեկը։
Արթուրը երբևէ չի բողոքել ծառայությունից, 8 ամիս անց պետք է զորացրվեր։