loading...

Ո՞ւմ է պատրաստվում զոհաբերել Սերժ Սարգսյանը



Դիտումներ ` 1960
Ո՞ւմ է պատրաստվում զոհաբերել Սերժ Սարգսյանը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում բոլորի առաջնորդն է, այդ թվում թե՛ Կարեն Կարապետյանի, թե՛ Վիգեն Սարգսյանի: Այդ հայտարարությունն արվել է վարչապետի 2018 թվականի խնդրի «հավերժական» հարցի համատեքստում, որը, սակայն, արդեն կարծես թե հայտնվում է տեղապտույտի մեջ կամ տեղապտույտի մեջ է գցում հանրությանը:

Բանն այն է, որ իշխանության ներսում տեղի է ունենում երկու զուգահեռ գործընթաց: Մեկով հանրությունը նետվում է տեղապտույտի մեջ՝ անընդհատ և ապարդյուն պտտվելով վարչապետի հարցի շուրջ, մյուսով համակարգը զուգահեռ վերակազմավորվում է այնպես, որ վարչապետի խնդիրը չունենա առանցքային նշանակություն, և իշխանության կառավարման մեխանիզմը լինի առավել բազմակենտրոն և ունիվերսալ: Դա բացարձակապես կասկածի տակ չի դնում այն, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է կամ ամբողջ իշխանության առաջնորդն է:



Նախ՝ այդ առաջնորդությունն անկասկած ֆրանսիական արքունիքի հայտնի սկզբունքով է՝ «թագավորը մեռավ: Կեցցե թագավորը»: Սերժ Սարգսյանն առաջնորդ է այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀԿ-ի համար չի հայտնվել ռեալ առավել լայն երաշխիքներ տվող այլ առաջնորդ: Բայց, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի առաջնորդ լինելը ամենևին չի հակադրվում վարչապետ չլինելուն, այն պարզ պատճառով, որ դե յուրե առաջին դեմք հանդիսացող վարչապետը դե ֆակտո ամենևին առաջնորդի կարգավիճակում չէ:

Սերժ Սարգսյանին առաջնորդի կարգավիճակը պահելու համար կարիք չկա պահել վարչապետի պաշտոնը, պահել դե յուրե իշխանությունը: Հենց այստեղ է, որ հանրությունը հայտնվում է տեղապտույտում՝ վարչապետի հարցի շուրջ, իսկ իշխանությունը սահուն և հանդարտ վերակազմակերպվում է՝ պատրաստվելով Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ նոր համակարգի:


Այդ համակարգում առաջնորդը ՀՀԿ նախագահն է, ոչ թե Սերժ Սարգսյանը: Ըստ այդմ, զուտ իշխանության և հետագա քաղաքականության տեսանկյունից հարցը ոչ թե այն է, թե ով կլինի վարչապետ, այլ այն, թե արդյոք երբ և ո՞վ կհամարձակվի ՀՀԿ նախագահի պաշտոնում ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին:

Վարչապետի և Սերժ Սարգսյանի առաջնորդության հարցերը բացարձակապես կապ չունեն միմյանց հետ և առավել ևս չեն հակադրվում միմյանց՝ առնվազն 2018-ի ռեժիմում: Այլ հարց է, թե ինչ փոփոխություն կլինի արդեն այն ժամանակ, երբ իշխանությունը լիարժեք մտնի 2022-ի նախընտրական ռեժիմի մեջ՝ ոչ դե յուրե, այլ դե ֆակտո:

Եվ այդ համատեքստում է նաև առանցքային հարցերից մեկը, թե Սարգսյանն այդ ռեժիմում ինչ զոհաբերության կգնա իր առաջնորդությունը պահելու և վերարտադրելու համար կամ, ավելի շուտ, ո՞ւմ կտանի զոհաբերության:

http://www.1in.am/2270112.html


loading...

Փակել