«Սասնա ծռերի» անազատության մեջ գտնվող 3 անդամները՝ Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն:Այս մասին օգոստոսի 23-ին, լրագրողներին ասաց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Պետք է ձեւաչափը փոխվի, եւ մեղադրանքները հանվեն: Այն ինչ տեղի է ունենում այսօր նախորդ ռեժիմից մնացած դատավարությունը վիրավորանք է մեր պետությանը և ժողովրդի իրավունքին: Ապստամբության իրավունքը ինքնապաշտպանության իրավունքի բաղադրիչ է, բնական իրավունք է եւ ապստամբները կարող են պատասխանատվության ենթարկվել միայն բացառիկ դեպքերում, երբ կշեռքի նժարին են դրված անդառնալի բարձրագույն արժեքը, այսինքն՝ մարդու կյանքը խլվել է մարդասիրական իրավունքի խախտմամբ»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:
«Սասնա ծռերի» անդամը նշեց, որ նախ պետք է պարզվի 3 ոստիկանների մահվան հանգամանքները եւ առնչությունը խմբավորման գործողություններին եւ պատասխանատվության դեպքում էլ պետք է հաշվի առնվի մարդասիրական իրավունքը:
«Մինչդեռ ապստամբության իրավունքը չի ճանաչվում, մինչդեռ այն Սահմանադրությամբ ճանաչված է»,- հավելեց նա:
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ ոստիկան Յուրի Տեփանոսյանը սպանվել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից. «Մյուս ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները շատ մութ են, նա ստացել է մահվան հետ հավանականություն չունեցող վնասվածք եւ չկար դիտավորություն, մենք չգիտենք, թե ում գնդակից է վիրավորվել Գագիկ Մկրտչյանը»: