lragir.am -գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանել են Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ուենցած միջադեպը, որտեղ ռուսական 102-րդ բազայի զինծառայողները որոշել էին վարժանքներ իրականացնել գյուղի փողոցներում՝ չզգուշացնելով բնակիչներին:
Արթուր Վանեցյանը միջադեպն անվանել է անփութություն վարժանքների ժամանակ եւ ասել, որ բազայի հրամանատարությունը հավաստիացրել է, որ այլեւս չի կրկնվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջադեպն անթույլատրելի է անվանել:
«Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իհարկե, դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի, հետաքննվի այս միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել: Ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են», ասել է նա:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարություն էր արել: Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ ռուս զինվորականները կրակել են դատարկ փամփուշտներով:
Հարցը միայն այն չէ՝ արդյոք ռուս զինվորականները զգուշացրել են զորավարժությունների մասին եւ ինչ փամփուշտներով են կրակել, այլ այն, թե ով է հետեւում, որ երկկողմ պայմանագրերի կետերը կատարվեն: Օրինակ, կա՞ որեւէ մարմին, որը հետեւում է, թե ռուսական բազայի զինվորականներ ինչպես են կատարում համաձայնագրի պահանջերը: Մասնավորապես, դա վերաբերում է Հայաստանի տարածքով զինված ռուս զինծառայողների տեղաշարժին:
Կա նաեւ մեկ այլ հարց՝ քաղաքականը: Նիկոլ Փաշինյանը ու՞մ է մեղադրում հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների դեմ սադրանքում: Միջադեպի մեղավորը ռուսական բազայի հրամանատարն է, եւ նա արդեն ընդունել է մեղքն ու ներողություն խնդրել: Նիկոլ Փաշինյանը ռուսական բազայի հրամանատարությա՞նն է մեղադրում սադրանքների մեջ: Ի՞նչ նպատակով բազայի հրամանատարությունը պետք է սադրանք աներ Հայաստանի հետ բարեկամության դեմ:
Հայաստանում փորձագետներն այս եւ նման այլ դեպքերում քաղաքական ենթատեքստ են տեսնում: Կարծիք կա, որ Հայաստանի բնակչությանը ցանկանում են զգուշացնել, որ Բրյուսել ու Վաշինգտոն այցերը, ժողովրդավարության ու հեղափոխության մասին խոսակցությունները միայն ձեւականություն են, եւ «տերը» նույնն է մնացել: Ռուս զինվորականները կարող են հանգիստ տեղաշարժվել Հայաստանի տարածքում եւ կրակել, առայժմ միայն դատարկ փամփուշտներով:
Կա նաեւ կարծիք, որ սադրանքն արվել է, որ ստուգեն Հայաստանի նոր իշխանությունների արձագանքը: Արդյոք նա էլ նույնքան զիջողական կլինի ռուսական քմահաճույքների նկատմամբ, ինչպես նախորդ իշխանությունները: