Sputnik-ը գրում է.Մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: Ինչպես հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է ՀՀ սահմանային անցակետերի մոտ տեղակայված «Ռոսգոսստրախի» գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարևանությամբ տեղակայված «LIBERTY» բանկի գրասենյակներում։
Հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության այլ մասնաճյուղերում (բանակցություններ են վարվում, և շուտով ապահովագրական ընկերությունների ցանկը կընդլայնվի), ինչպես նաև www.tpl.ge կայքի միջոցով:
Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրման ժամկետից, բայց ոչ պակաս, քան 15 օր ժամկետով:
Ապահովագրական փաթեթի արժեքներն են․
• Մինչև 3500 կգ քաշ և ոչ ավելի քան 9 տեղ ունեցող տրանսպորտային միջոցներ — 15 օրվա համար՝ 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի, 90 օրվա համար՝ 90 լարի, մեկ տարվա համար՝ 295 լարի:
• 9 նստատեղ (վարորդի հետ) և ավելին ունեցող ավտոբուսներ — 15 օրվա համար՝ 45 լարի, 30 օրվա համար՝ 75 լարի, 90 օրվա համար՝ 140 լարի, մեկ տարվա համար՝ 480 լարի:
• 3500 կգ ավել քաշ ունեցող բեռնատարներ — 15 օրվա համար՝ 60 լարի, 30 օրվա համար՝ 100 լարի, 90 օրվա համար՝ 170 լարի, մեկ տարվա համար՝ 610 լարի:
• Բեռնատարների կցորդիչներ — 15 օրվա համար՝ 14 լարի, 30 օրվա համար՝ 25 լարի, 90 օրվա համար՝ 40 լարի, մեկ տարվա համար՝ 145 լարի:
Ապահովագրումը թույլ կտա ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում փոխհատուցել տուժածների կրած ֆիզիկական և նյութական վնասները: Ընդ որում, բժշկական օգնության ծախսերը կհատուցվեն մինչև 15000 լարի, մահվան կամ հաշմանդամության դեպքում՝ մինչև 30000: Մեկ դեպքի համար ապահովագրական փոխհատուցման սահմանափակումը կկազմի 300000 լարի:
Գործում է թեժ գիծ։ Հարցերի դեպքում դիմել +995322301111 համարով։