loading...

Ողբերգալի Դեպք Միթե Սրա նմանները արժանի են արդարացման «Էրեխին դրել ա չոքերին մորթելա» Մանրամասները



Դիտումներ ` 404
Ողբերգալի Դեպք  Միթե Սրա նմանները արժանի են արդարացման «Էրեխին դրել ա չոքերին մորթելա» Մանրամասները

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Դավիթ Թամրազյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Դավիթ Թամրազյանը, վիրավորված լինելով նախկինում իր հետ ինտիմ հարաբերություններ ունեցած աղջկանից՝ Մ.-ից, վրեժի հողի վրա դիտավորությամբ նրան  կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ի երեկոյան գնացել է Մ.-ի վարձակալած բնակարան: Մուտքի մոտ հանդիպել է աղջկան, միասին բարձրացել են բնակարան:
Դավիթը նախկին ընկերուհուն պառկեցրել է մահճակալին, համբուրել է և «անակնկալ» մատուցելու անվան տակ առաջարկել է, որ նա աչքերը փակի:
Երբ աղջիկը փակել է աչքերը, Դավիթն իր մոտ եղած երկսայր դանակով կտրել է աղջկա կոկորդը և սպանել է նրան:
Դավիթը մասնագիտությամբ խոհարար է: Մեղադրանքի կողմն այդ հանգամանքը կարևորում էր՝ առաջին ատյանի դատարանում ընթացող քննության սկզբում նշելով, թե տուժողի կոկորդը կտրվել էր մսագործի «հմտությամբ»:
Տուժողը մատուցողուհի է եղել, նախկինում աշխատել է այն խորտկարանում, որտեղ աշխատում էր նաև ամբաստանյալ Դավիթը:
Սպանությունից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, առաջադրված մեղադրանքի համաձայն, Դավիթը հրկիզել է դեպքի վայր բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680 հազար 437 դրամի գույքային վնաս:
Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:
Ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Թամրազյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հրաժարվել է նախաքննական խոստովանական ցուցմունքից՝ պնդելով, թե այն իրենից կորզել են ճնշումների ազդեցության տակ:
Ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ավարտին մեղադրողը միջնորդել էր Թամրազյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 14 տարի ազատազրկման:
Դատարանը հաստատված է գնահատել Դավիթ Թամրազյանին մեղսագրված արարքները ու վերջին հաշվով նրան դատապարտել է 13 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մայիսի 19-ից:
Դավիթ Թամրազյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 131 հազար  700 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:
Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ հնարավորություն է տրվել պահանջը ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել միայն ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն ու նրա շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքների գրավոր  պատասխան չի ստացել ո՛չ մեղադրողի, ո՛չ տուժողի իրավահաջորդի կողմից:
Տուժողի իրավահաջորդը՝ սպանված աղջկա մայրը, մեր զրույցում նշեց, որ գործը քննվում է  տևական ժամանակ, ինքն արդեն մեծ դժվարությամբ է գալիս նիստերին և, չնայած շատ գոհ չէ նշանակված պատժից՝ «Էրեխին դրել ա չոքերին ու մորթելա», բայց դատավճիռը  խստացման առումով չի բողոքարկել, քանի որ իր աղջկան դրանով «հետ չի բերելու»: «Ինչքան պատիժ տվել են, թող էնքանն էլ կրի»,- ասաց տուժողի իրավահաջորդը:
Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն իր վերաքննիչ բողոքով պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռը, հռչակել իր անմեղությունն ու արդարացնել իրեն:
Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն իր բողոքով պահանջել է բեկանել դատավճիռը, ապացույցների անբավարարության, իր պաշտպանյալի մասնակցությունը մեղսագրված արարքներին ապացուցված չլինելու հիմքով կայացնել արդարացման դատական ակտ: Փաստաբանը միջնորդել է գործը քննել վերաքննության կարգով:
Վերաքննիչ դատարանը գործը քննության է նշանակել վճռաբեկության կարգով: Նախագահող դատավոր Ռ. Մխիթարյանը նշեց, որ գործի քննության ընթացքում հարկ եղած դեպքում՝ եթե պաշտպանը պնդի վերաքննության անցնելու միջնորդությունը,  դատարանը կանդրադառնա այդ հարցին:
Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը դատարանի դահլիճ մտավ ուղեկցողի վրա գոռալով: Դատավորները նրան նկատողություն արեցին:
 

 


Երբ նախագահողն առաջարկեց, որ սկզբում իր բողոքը հիմնավորի ամբաստանյալը, վերջինս ասաց, թե իրեն լավ չի զգում՝ «էսօր առավոտվանից ներվայնացած եմ…»:
Ամբաստանյալը խնդրեց հնարավորություն տալ՝ բողոքը հիմնավորելու հաջորդ դատական նիստին, քանի որ նյարդայնացած վիճակում կարող է բողոքը վատ ներկայացնել:
Պաշտպան Կրոմվել Գրիգորյանն էլ, նկատի ունենալով իր պաշտպանյալի հայտարարությունը, թե լավ չի զգում, ցանկություն հայտնեց իր բողոքը հիմնավորել ամբաստանյալից հետո, այսինքն՝ հաջորդ նիստին:
Տուժողի իրավահաջորդը դժգոհեց նիստը փաստորեն հետաձգելու՝ ամբաստանյալի խնդրանքից. «Ասում է՝ լավ չի զգում, բայց ես էլ առողջ չեմ ու ամեն նիստին գալիս եմ… Արդեն 5 տարի է՝ տանջվում ենք, պիտի վերջանա՞ էս ամենը…»:
Վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, որոշեց նիստը հետաձգել, քանի որ ամբաստանյալը նշել էր առողջական խնդիր ունենալու հանգամանքը:
Հաջորդ նիստին՝ հուլիսի 11-ին, կներկայացվեն վերաքննիչ բողոքները:

 
loading...

Փակել