Հատված ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքից. «...եթե այս երկու օրվա ընթացքում Ադրբեջանը չկատարի այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ նախագահի միջնորդությամբ, ապա դիմելու եմ Հայաստանին ու աշխարհի բոլոր երկրներին՝ Արցախի ճանաչման հարցով։ Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին, բոլոր այդ երկրները պետք է պատասխան տան մարդկության առաջ։ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ ու կոչ եմ անելու բոլոր հայերին՝ մասնակցել։ Ուզու՞մ եք պատերազմ, կստանաք պատերազմ, այն մեզ պարտադրվել է»: Հայաստանի իշխանությունների հետ այս փուլում արդեն ոչ թե ներդաշնակ ենք աշխատում, այլ միասին ենք իրականացնում կառավարման ու մարտական ամբողջ գործընթացը։ Կարեւորում եմ վարչապետի դերակատարումը, առնվազն ժամը մեկ կապի մեջ ենք։ ՀՀ իշխանությունները ողջ պրոցեսից տեղեկացված են։ Այս համախմբվածությունը պետք է շարունակել, դա է լինելու մեր հաղթանակի գրավականը։ Առավոտվա դրությամբ համեմատաբար ավելի հանգիստ է իրավիճակը, բնակավայրերի վրա հրիթռահրետակոծություն չի կատարվում, առաջնագծում հրաձգություններով փոքր պայքար լինում է։ Բայց իրավիճակը կարող է րոպեների ընթացքում փոխվել։ Ես խոնարհվում եմ առաջնագծում գտնվող մեր հայրենակիցների առաջ։ Ես հպարտ եմ, որ ձեզ նման հայրենակիցներ ունեմ, սիրելի զինվորներ, մարտական ընկերներ։