Իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է, ինչի պատճառն այժմ միարժեքորեն հնարավոր է ասել՝ Սերժ Սարգսյանի պահվածքն է ապրիլի 22-ի առավոտյան, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում: Ակնառու էր, որ Սարգսյանը չտիրապետեց իրեն, չկարողացավ մնալ հավասարը հավասարի դաշտում, ինչը ուղղակի բխում էր ստեղծված իրավիճակի օբյեկտիվ անհրաժեշտությունից, դուրս եկավ ու թերեւս դրան հաջորդեց նրա հրամանը ոստիկանությանը՝ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին եւ Իմ Քայլը շարժման կազմակերպիչներին:
Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե վրիպեց հերթական անգամ, նա թույլ տվեց երկրորդ ճակատագրական սխալը՝ վարչապետ առաջադրվելուց հետո, որը ուղղելու պատմական հնարավորություն էր ապրիլի 22-ը: Նիկոլ Փաշինյանի եւ Իմ քայլը շարժման նկատմամբ ուժային գործողությունից հետո շարժումը բազմապատկվել է: Իրավիճակը միեւնույն ժամանակ դարձել է ծայրահեղ լարված:Բանակցությունը ցույց տվեց, որ Սարգսյանը ոչ թե իրավիճակին չի տիրապեում՝ դա դեռ կլիներ փոքր խնդիր, այլ չի տիրապետում ինքն իրեն:
Ընդ որում, նրա վիճակը լիովին հասկանալի է, ընդհուպ մարդկայնորեն, անկախ նրա կառավարման վերաբերյալ գնահատականներից: Լիովին մարդկայնորեն պատկերացնելի է, որ նա այլեւս չի տիրապետում ինքն իրեն: Դա նշանակում է, որ Հայաստանի պետականության եւ Սերժ Սարգսյանի ֆորմալ կապի պահպանումը գերվտանգավոր է: Նա մարդկայնորեն, հոգեբանորեն եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված միանգամայն հասկանալի ծանր իրավիճակում լինելով կարող է պարզապես անդառնալի վնաս հասցնել պետությանն էլ, քաղաքացիներին էլ, իրեն էլ՝ թե ներքին, թե անգամ արտաքին որոշակի խոցելիության պայմաններում;
Պետք է օգնել նրան եւ պետությանը, պետք է փրկել թե պետությունը, թե Սերժ Սարգսյանին, այն է՝ կտրել նրանց ճակատագրերի փոխադարձ կապվածությունը հնարավորինս արագ: Դա պետք է անեն առաջին հերթին պետականության առանցքային երեք հենասյուները՝ բանակ, ԱԱԾ, ոստիկանություն:Սերժ Սարգսյանին պետք է իր համար լիովին անվտանգ եւ ապահով մեկուսացնել կառավարումից եւ վերցնել իրավիճակի ղեկը սեփական ձեռքերը, պետության եւ պատմության առաջ հստակ պատասխանատվությամբ: Մնում է, որ նրանք ստանձնեն պատասխանատվությունը:
Առանցքային դեր ունի Գարեգին Երկրորդը, որն ունի Ամենայն Հայոց Կաթողիկոս դառնալու պատմական հնարավորություն, պատմական հնարավորություն՝ սկսել իրական Կաթողիկոսությունը ոչ թե հոկտեմբերի 27-ին, այլ ապրիլի 22-ին: Նա պետք է հրապարակավ կոչ անի Սերժ Սարգսյանին ներկայացնել հրաժարական, պետության, պատմության եւ ժողովրդի առաջ ծանր մեղքից խուսափելու համար: Նույն կոչով պետք է հանդես գա Արմեն Սարգսյանը, որը իր հերթին ստացել է Հայաստանի Հանրապետության իրական նախագահ դառնալու պատմական հնարավորություն:
Հանրությունն առաջնորդվում է Մերժիր Սերժին կարգախոսով, իշխանությունից ներկայում պահանջվում է Օգնիր Սերժին կարգախոսը՝ օգնիր Սերժ Սարգսյանին հեռանալ, դրանով օգնելով հայկական պետականությանը մնալ եւ դուրս գալ ծայրահեղ վտանգավոր իրավիճակից: