loading...

Որքան էլ Էրդողանը շարունակի հոխորտանքները, թուրքերը հիմա երկընտրանքի առջև են կանգնել․ Հակոբ Չաքրյան



Դիտումներ ` 312
Որքան էլ Էրդողանը շարունակի հոխորտանքները, թուրքերը հիմա երկընտրանքի առջև են կանգնել․ Հակոբ Չաքրյան

Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մասին զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

-Պրն Չաքրյան, ի վերջո ինչի՞ կհանգեցնի թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը։

-Որքան էլ Էրդողանը շարունակի հոխորտանքները, այնուամենայնիվ, թուրքերը հիմա երկընտրանքի առջև են կանգնել։ Որովհետև ԱՄՆ-ի նման պետությանը հակադրվելը լուրջ հետևանքներ կունենա։ Վերջերս թուրքական ապրանքների վրա Դոնալդ Թրամփը մաքսատուրք դրեց, որն ապրանքի արժեքի 50 տոկոսին է հավասար։ Պատկերացնո՞ւմ եք վիճակը։ Ու խնդիրը միայն ԱՄՆ չի, նա ունի դաշնակիցներ՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, նրանց էլ կստիպի, որ վերանայեն Թուրքիայի հետ արտաքին առևտուրը։

 

Թուրքիայի հաշվեկշիռը խիստ բացասական է․ ընթացիկ տարվա երեք ամսվա ընթացքում արտաքին առևտուրը 180 մլդ դոլլարի պակասորդ է տվել։ Այսինքն՝ ավելի քիչ են արտահանել, քան ներմուծել են։ Դա ինֆլացիա է առաջացնում և ազդում է տնտեսության վրա, ավելացնում է արտաքին պարտքը։ Այս դեպքում ո՞ւմից պետք է պարտք վերցնի։ Կամ Միջազգային արժույթային հիմնադրամից կամ Համաշխարհային բանկից, որոնք էլ ԱՄՆ վերահսկողության տակ են։ Այսինքն, եթե Վաշինգտոնը շատ ցանկանա, կարող են անգամ վարկ չտրամադրել Թուրքիային։

 



-Արդյո՞ք ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների լարվածության պատճառը միայն S-400 հակաօդային համակարգերի գործարքն է Ռուսաստանի հետ։

-Թուրքիան ԱՄՆ-ի հետ այլ հակասություններ ևս ունի, մասնավորապես՝ Սիրիայում։ Թուրքիան զայրացած է, որ ամերիկացիները Սիրիայի դեմոկրատական ուժերին, որոնք մեծամասամբ քրդեր են, զինում է։ Նույնիսկ Էրդողանն ասաց, որ զինում են այն զենքերով, որոնք Թուրքիան ուզում է, բայց ԱՄՆ իրենց չի վաճառում, սակայն քրդերին անվճար նվիրում է։ Փաստորեն՝ Թուրքիան ԱՄՆ-ի համար Սիրիայում խոչընոտ է դարձել, ամերիկացիների քրդական ծրագրերն էլ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն են խոչընոդում։ Այդ պատճառով հարաբերությունները լարված են։

Իր մեղքի բաժինն ունի նաև Թուրքիայի նախագահը՝ Ռեջեպ Թայիպ Էրդողանը, որ միշտ սանձարձակ հայտարարություններ է անում։ Կամք էր թելադրում՝ սկսած Օբայամից մինչև Թրամփ։ Նա դա անում է ներքին օգտագործման համար, սակայն պետք է հաշվի առնել, որ երկրի համար պարտավորեցնող են արտգործնախարարի, վարչապետի, առավել եւս նախագահի հայտարարությունները։

 


-Կարող ենք խոսել այն մասին, որ ռուս-թուրքական հարաբերություններն օր օրի ամրանում են։ Դա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա։

-Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Նրա հարաբերությունների բարելավումը մեր հակառակորդ Թուրքիայի հետ չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա վատ անդրադառնան։ Այսինքն դա նույնիսկ դրական է, հնարավոր է, որ Ռուսաստանը միջամտի։ Մեր խնդիրը սակայն հիմա դա չէ։ Առաջնային այլ խնդիրներ ունենք, որոնք լուծելուց հետո կարող ենք խոսել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին։ Կամ գուցե չկարգավորել։ Մենք սովոր ենք 90-ական թվականներից առանց Թուրքիայի հետ հարաբերությունների գոյատևելու և նույնիսկ զարգանալու։


loading...

Փակել