Ես Արամ Սարգսյանին ընդունել եմ որպես մրցակից և պատրաստ եմ պայքարելու, որ ԵԿՄ-ն ի դեմս ինձ ունենա պատերազմ անցած ղեկավարի. ասել է Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորցի Արոն, ով ևս հավակնում է դառնալ ԵԿՄ նախագահ:
ԵԿՄ համագումարում, իհարկե, լուրջ մրցակցություն չի սպասվում, որովհետև ստեղծված իրավիճակում Արամ Սարգսյանը գրեթե կոնսենսուսային թեկնածու է` զրոյական հարթության վրա դնելով միության նախագահի մյուս հնարավոր հավակնորդների շանսերը:
Շատ ավելի հետաքրքիր է այն փաստարկը, որ բերում է Սարգսյանի պոտենցիալ կամ թվացյալ մրցակիցներից մեկը:
Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո Մանվել Գրիգորյանի թեկնածությունն առաջադրող մարդիկ գրեթե նույն փաստարկն էին առաջ քաշում` միայն պատերազմի բովով անցած հրամանատարը կարող է սկզբունքային և հետևողական լինել միության օրակարգի իրականացման հարցում:
Գեներալ Մանվելի «սկզբունքայնությունից» ԵԿՄ-ն ստացավ միայն միլիտարիզացված վերնախավ, որը կտրվեց հազարավոր երկրապահների դարդ ու ցավից` դառնալով Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ համակարգի հիմնասյուններից մեկը:
Հիմա Երկրապահին տրամագծորեն հակառակ գործընթացն է պետք, որը միությանը կտեղափոխի քաղաքացիականության հարթություն: Գլոբալ իմաստով` երկրապահության գաղափարը տրանսֆորմացիայի կարիք ունի. այն քաղաքացիականության հետ ներդաշնակվելու, առնվազն չհակադրվելու անհրաժեշտություն ունի:
Մանվելի ԵԿՄ-ն վաղուց ասոցացվում էր ոչ թե հերոսականության ու հաղթանակի, այլ` գռեհիկ ուժի ֆետիշացման ու Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կոռուպցիոն համակարգի հետ:
Եթե այս պահին ԵԿՄ-ի ղեկը վստահվի պատերազմի հրամանատարներից մեկին, մեծ է հավանականությունը, որ պահպանվում են, այսպես կոչված, մանվելականությունը վերականգնելու մենթալ հիմքերը: Խոսքը կառավարման ավտորիտար մշակույթի մասին է, որի կրողներն են, մեծ հաշվով, բոլոր հրամանատարները:
ԵԿՄ-ն այսօրվա ճգնաժամը կարող է հաղթահարել քաղաքացիական դեմքով, ինչն, ըստ էության, այլընտրանքից դուրս է թողնում Արամ Սարգսյանի թեկնածությունը:
Հնչում են տեսակետներ, որ եթե Արամ Սարգսյանը դառնա ԵԿՄ նախագահ, ապա կառույցն օգտագործվելու է քաղաքական նպատակներով ինչպես նախկինում, պարզապես եթե ժամանակին ԵԿՄ-ն ՀՀԿ-ի օգտին էր գործում, հիմա էլ նոր իշխանությունների օգտին կգործի: Նման պնդում անողներն առնվազն չեն գիտակցում նոր Հայաստանի բովանդակությունը, էությունը:
Նիկոլ Փաշինյանի թիմը քաղաքականության, նրա գործիքների, մոտիվների մասին միանգամայն այլ պատկերացումներ ունի, որոնք բխում են ոչ թե կոնյուկտուրայից, այլ` արժեքային համակարգից: Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց իշխանությունը կառուցում էին քաղաքական և հասարակական ինստիտուտների քրեականացման միջոցով, որի դրսևորումներից մեկը ԵԿՄ նախկին վերնախավն էր, ապա նոր Հայաստանում շեշտը դրվում է քաղաքացու ինդենտիֆիկացիայի վրա, ինչը բացառում է միասնական բուրգի ստեղծում` իր ենթաշերտերով:
Ըստ այդմ` Հայաստանում ստեղծվում են ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք բացառելու են քաղաքական, հասարակական ինստիտուտների կլանայնացումը և դրանց օգտագործումը քաղաքական նպատակներով:
Պրակտիկ քաղաքականության տեսանկյունից առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է ապահովելու ոչ թե ինչ-որ կառույց կամ գաղափար, այլ` հենց Նիկոլ Փաշինյանի կերպարն, որն, ըստ էության, միակ առարկայական քաղաքական ասոցիացիան է հեղափոխության հետ:
Ոչ թե նոր կառավարությունը, այլ հենց ԵԿՄ-ն ունի նոր կառավարության որոշակի աջակցության անհրաժեշտությունը` բացառապես ինստիտուցիոնալ, ֆունկցիոնալ հարթության վրա ռեաբիլիտացվելու համար: Այս առաքելության իրականացման հարցում դարձյալ Արամ Սարգսյանն այլընտրանք չունի, որովհետև առավելագույնս ասոցացվում է նոր Հայաստանի հետ: Ավելին, շատ մեծ է հավանականությունը, որ եթե Արամ Սարգսյանը չստանձնի ԵԿՄ ղեկը, միությունը կարող է ուղղակի կամ անուղղակի օգտագործվել նախկին համակարգի` մուտացիայի ենթարկված սեգմենտներից մեկի կողմից` հակահեղափոխական ռևանշի նպատակով: Արամ Սարգսյանը ԵԿՄ-ում կանխում է հենց քաղաքականացումը, ընդ որում` քրեաօլիգարխիայի մոդիֆիկացված դեմքով:
Գլոբալ իմաստով` ԵԿՄ-ն չի կարող ասոցացվել քաղաքականության, որևէ ուժի հետ և անկախ քաղաքական փոփոխություններից պետք է աշխատի պետության հետ` իր հետապնդած ռազմա-հայրենասիրական, կրթական, սոցիալական ծրագրերն իրականություն դարձնելու համար: