loading...

Ո՞րն է ռուսական հիստերիայի պատճառը․ ի՞նչ է ուզում Մոսկվան Նիկոլ Փաշինյանից



Դիտումներ ` 510
Ո՞րն է ռուսական հիստերիայի պատճառը․ ի՞նչ է ուզում Մոսկվան Նիկոլ Փաշինյանից

Վերջին օրերին ռուսական առաջատար կայքերը՝ մեկը մյուսի հետևից, անդրադառնում են Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին՝ խիստ քննադատական, անգամ վիրավորական շեշտադրումներով ։ Regnum.ru, Lenta.ru, Gazeta.ru լրատվական-վերլուծական կայքերում զետեղված հրապարակումներն ունեն նույն տրամաբանությունն, դրանցում անգամ կան կրկնվող պարբերություններ, ձևակերպումներ։ Կասկածից վեր է, որ Կրեմլին մոտ կանգնած այս կայքերի հրապարակումները ուղղորդվել են մեկ կենտրոնից՝ խիստ որոշակի նպատակներով ու ռուսական, այսպես կոչված, օֆիցիոզ պրոպագանդայի մաս են կազմում։

Բանականությունը հուշում է, որ Մոսկվային առանձնապես պետք է չմտահոգեին Նիկոլ Փաշինյանի բրուսելյան հանդիպումները, որովհետև դրանց ընթացքում Հայաստանի ղեկավարը շարունակ պնդում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու։ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած ասուլիսում Փաշինյանը նույնիսկ ուղերձներ հասցեագրեց Մոսկվային, որոնք կասկած չպետք է թողնեին, որ պաշտոնական Երևանի օրակարգում չկա ԵՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության չեղարկման հարց։ Սակայն հենց այդ ճեպազրույցից հետո ռուսական կայքերում նկատվեց հակահայկական կամպանիայի աննախադեպ բռնկում։

Պատճառների մասին կարող ենք տարբեր ենթադրություններ անել, որոնց հիմքերը թաքնված են Հայաստանի նոր կառավարության ներքին և արտաքին քաղաքականության խորքերում։ Մոսկվայի ամենամեծ պրոբլեմն այն է, որ Հայաստանում ձևավորվում է նոր որակի պետություն, որի հետ իրենք աշխատել չեն կարող՝ ռացիոնալ օրակարգի բացակայության հետևանքով։

 



Թվում է՝ Ռուսաստանին չպետք է մտահոգեին Հայաստանի ներսում տեղի ունեցող արմատական փոփոխությունները, որովհետև մեր ռազմավարական գործընկերն այստեղ ունի տոտալ ազդեցության գործիքներ։ Սակայն թերևս մոռանում ենք, որ ռուսական տոտալ ազդեցությունը հիմնված է ոչ թե գործընկերային հարաբերությունների, այլ՝ ստվերային միջամտությունների, կոռուպցիոն գործարքների, օլիգարխիկ սեգմենտների վրա։

Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն քաղաքականությունն, ըստ էության, վերացնում է բոլոր այն հիմքերը, որոնց վրա կառուցված է ռուսական ազդեցությունը։ Հեռանկարի իմաստով սա խիստ մտահոգիչ է Մոսկվայի համար․ վերջինս զրկվում է ապակայունացնող մեծ ռեսուրսից, որի միջոցով ցանկացած պահի կարող էր ներսից «պայթեցնել» Հայաստանը։ Այս համատեքստում խիստ ուշագրավ է այն միջադեպը, որ օրերս տեղի ունեցավ Փանիկ գյուղում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ։ Շատերը սա համարում են անփության հետևանք, սակայն դա իրավիճակի համարժեք գնահատականը չէ։ Գործ ունենք ռուսական կողմի կանխամտածված սադրանքի հետ, որի միջոցով Մոսկվան մի կողմից՝ ցանկանում էր ցույց տալ, որ մտադիր չէ հրաժարվել վասալության ռեժիմից, մյուս կողմից՝ փորձում էր հասկանալ Երևանի հնարավոր արձագանքը։ Մոսկվայում թերևս առաջին անգամ առիթ ունեցան ուղղակիորեն առնչվել նոր Հայաստանի իրողությանը․ համենայն դեպս՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր առումներով մոտիվացված գնահատականը որևէ կասկած չի թողնում, որ նոր կառավարությունը հետևողական է լինելու երկրի ինքնիշխանության պաշտպանության հարցերում։

Գոյություն ունի մեկ այլ խիստ ուշագրավ հանգամանք, որը թերևս համարժեք չի գնահատվում մեր կողմից։ Շատերը կարծում են, որ Հայաստան-Եվրամիություն դիվանագիտական «փոխհրաձգությունը» վկայում է Երևանի պրոռուսական դիրքորոշման մասին ու ձեռնտու է հենց Մոսկվային։ Սակայն, ինչքան էլ դա պարադոքսալ թվա, Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում այս պահին նկատվող լոկալ ճգնաժամն իրականում հարվածում է հենց Ռուսաստանի շահերին։

 


Ինչի՞ շուրջ են, ըստ էության, վիճում Երևանն ու Բյուսելը։ Սա ոչ թե քաղաքակրթական կամ քաղական դիմակայություն է, այլ դիսկուրս Երևանի ու Բրյուսելի միջև՝ նոր որակի հարաբերություններ հաստատելու շուրջ։ Այսինքն, թե Հայաստանի նոր կառավարության մոտ և թե Բրյուսելում կա այն հաստակ գիտակցումը, որ հեղափոխությունից հետո երկու կողմերի միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային հարաբերությունները չեն համապատասխանում նոր իրավիճակին։

Առայժմ տարբեր են նոր հարաբերությունների մասին Երևանի ու Բրյուսելի պատկերացումները, սակայն գրեթե կանխատեսելի է, որ քննարկումների ընթացքում կողմերը կգտնեն ընդհանուր բանաձևեր, ինչը եվրոպական ինտեգրացիայի ավելի բարձր նշաձող կսահմանի Հայաստանի համար՝ դրանից բխող հետևանքներով։ Նման հեռանկարը չի կարող չանհանգստացնել Մոսկվային․ մանավանդ, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգացման հեռանկար, ըստ էության, չունեն։

Տեխնոլոգիապես հետամնաց Ռուսաստանը ոչինչ չի կարող առաջարկել Հայաստանին, իսկ մեր երկիրը կարող է միայն խոստանալ, որ օրակարգային չի դարձնի եվրասիական նախագծերում իր անդամությունը չեղարկելու հարցը։ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ Երևանի այդ հավաստիացումները մարտավարական բնույթ ունեն, որովհետև Հայաստանում սկիզբ առած ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու դրա վրա խարսխաված նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը երկիրն ամեն օր ավելի են ինտեգրում, այսպես կոչված, արևմտյան համակարգին։ Եթե դա այսօր առայժм, այսպես ասած, քաղաքակրթական կողմնորոշում է, հեռանկարում դառնալու է գործնական քաղաքականություն։ Ահա, թե որն է ռուսական հիստերիայի խորքային պատճառը։

https://www.1in.am/2394809.html


loading...

Փակել