Այնպես է ստացվել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները տարբեր ձևաչափերով անդրադարձել են բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցին:
«Ազատության» հարցին, թե գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բավականին զուսպ, սակայն բազմաշերտ պատասխան է տվել: «Ես կսահմանափակվեմ միայն ասելով, որ մեր կարևորագույն նպատակը՝ դա վերներգրավել բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի նախագահության շրջանակներում»,-ասել է նա:
Հայաստանի արտգործնախարարի պատասխանի մեջ հատկապես ուշագրավ է Մինսկի խմբի առաքելության ընդգծումը: Հայաստանը մի կողմից՝ իր անվերապահ աջակցությունն է հայտնում բանակցային գործընթացին, մյուս կողմից՝ փակում է մոսկովյան որոշ շրջանակների մանիպուլյատիվ ջանքերի ճանապարհը, որոնց նպատակն է ԼՂՀ ասոցացումը Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի հետ՝ Մինսկի խմբի ձևաչափի արդյունավետությունը կասկածի տակ դնելու և կարգավորման գործընթացի, այսպես կոչված, ռուսաֆիկացման միտումով:
«Եթե Հայաստանի ղեկավարությունը առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին», – այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում:
Մամեդյարովը թերևս միտումնավոր խեղաթյուրում է մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը. Հայաստանի վարչապետը երբեք իմպերատիվ պահանջներ չի դրել և առավել ևս չի հայտարարել, թե Հայաստանը մտադիր է լքել բանակցային գործընթացը: «Բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը»,- մայիսի 9-ին ասել էր վարչապետ Փաշինյանը:
Մեծ ցանկության դեպքում անգամ Փաշինյանի հայտարարությունը չի կարելի մեկնաբանել որպես բանակցային գործընթացը վիժեցնելու փորձ. հակառակը՝ Երևանը միջազգային հանրությանն ու միջնորդներին ներկայացնում է արդյունավետ բանակցությունների իր տեսլականը:
Ավելին՝ Հայաստանի նոր իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում են պրագմատիկ մոտեցումներով և հստակ գիտակցում են, որ բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության վերականգնումը չի կարող տեղի ունենալ մեկ շաբաթում կամ մեկ ամսում, և այդ նուրբ խնդրին փորձում են հետամուտ լինել ոչ թե վերջնագրերի ու դեմարշերի, այլ միջնորդների հետ երկխոսության դաշտում:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որևէ կերպ չի լեգիտիմացնում պատերազմ սանձազերծելու Բաքվի ցանկությունները:
Հայաստանի արտգործնախարարի այսօրվա զուսպ և դիվանագիտական ձևակերպումների ֆոնին Մամեդյարովի խոսքը, մեղմ ասած, զուրկ է դիվանագիտական ադեկվատությունից: Ըստ ամենայնի, Բաքվում խիստ մտահոգ են, որ Հայաստանի միջազգային հեղինակության շեշտակի աճը կարող է լեգիտիմացնել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները ԼՂ խնդրում: