loading...

Նիկոլը գտել է ամենաարդյունավետ տնտեսական ծրագիրը՝ առանց ծրագիր գրելու



Դիտումներ ` 1714
Նիկոլը գտել է ամենաարդյունավետ տնտեսական ծրագիրը՝ առանց ծրագիր գրելու

Հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում շատերն են խոսում Սփյուռքի ներուժն օգտագործելու, աշխարհահռչակ կայացած հայերին Հայաստան հրավիրելու մասին։ Ամենացայտուն օրինակը աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն է, որի հետ, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել, մեր հայրենակիցը խոստացել է առաջիկայում այցելել Հայաստան։ Ինչպես Տարոն Աջեմօղլուի, այնպես էլ տարբեր բնագավառներում կայացած մեր այլ հայրենակիցների օգնությունը, իհարկե, դրական է։

Բայց դա ավելի շատ էմոցիոնալ մոտեցում է և խորքային իմաստով նույնիսկ կարող է խանգարել գործող իշխանությանը, կառավարությանը՝ ինչպես օպերատիվ, այնպես էլ ռազմավարական կառավարման հարցում։ Կառավարությունն առաջիկա օրերին ներկայացնելու է իր գործունեության ծրագիրը, որից, խոստովանենք, շատ մեծ սպասումներ են ձևավորված հասարակության մեջ։ Դա միանգամայն նորմալ է, քանի որ հեղափոխության առաջնորդները, Նիկոլ Փաշինյանն ինքը գրեթե բոլոր բնագավառների հետ կապված սահմանել է շատ բարձր նշաձողեր։ Եվ հասկանալի է՝ տնտեսական ծրագիրը պետք է համահունչ լինի այդ նշաձողերին։

Կարծում ենք՝ այդպիսին էլ կլինի ծրագիրը ու այդպիսին կլինի առանց որևէ աշխարհահռչակ անունների մասնակցության։ Կոկնրետ տնտեսության առումով, որից սպասելիքներն ամենամեծն են, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ անում է առարկայական, շոշափելի ու չափելի քայլեր՝ առանց իսկ տնտեսական ծրագրի՝ օպերատիվ կառավարման ռեժիմում։ Նիկոլ Փաշինյանին դա հաջողվում է, որովհետև նա իր գործունեության հիմքում դրել է Սահմանադրության ու օրենքի գերակայության անխախտ սկզբունքը։ Իսկ ՀՀ Սահմանադրությունից ու տնտեսական օրենքներից ավելի լավ ծրագիր դժվար է պատկերացնել՝ ոչ ուղիղ իմաստով, բնականաբար։ Պարզապես խնդիրն այն է, որ մեր Սահմանադրությունն ամբողջությամբ կիրառվելու ու անվերապահորեն կիրառվելու դեպքում, ապահովում է ազատ շուկայի բնականոն ու մրցակցային գործունեության համար բոլոր պայմանները։

 



Իսկ տնտեսական օրենսդրությունը, որը բխում է Սահմանադրությունից, շատ ավելի ազատական ու մրցակցային է, քան անգամ կայացած շատ երկրների համանման օրենքներ։ Ի դեպ, այդ մասին միշտ բարձրաձայնում են նաև միջազգային ֆինանսատնտեսական կառույցների ներկայացուցիչները։ Բարձրաձայնում են՝ շեշտելով, որ Հայաստանի օրենսդրությունը շատ լավն է, ու խնդիրը ոչ թե տնտեսական օրենսդրության բովանդակությունն է, այլ իմպլեմենտացիան։ Հենց վերջին օրերի աղմկոտ բացահայտումները, նախկին իշխանության ներկայացուցիչների ուղիղ հայտարարությունները վկայում են, որ տնտեսական հարաբերությունները կարգավորվել են ոչ թե Սահմանադրությամբ ու օրենքներով, այլ «իշխանության հետ պայմանավորվածություններով»։

Եվ ընհանրապես, Հայաստանը, որպես պետություն, չի տեսել իր Սահմանադրության ու տնտեսական օրենսդրության արդյունավետությունը, քանի որ լայն իմաստով, նախկին բոլոր երեք իշխանությունների պարագայում էլ տնտեսական կյանքի շարժիչի ուժն ու կարգավորողը եղել է ոչ թե շուկան, այլ իշխանական աշխատասենյակներում որոշված քվոտաներն ու մասնաբաժինները, ինչը եղել է նաև այդ իշխանությունների ապօրինի կենսագործունեության ֆինանսավորման հիմքը։

Հիմա «պայմանավորվածությունները» համարվում են առ ոչինչ, և տնտեսությունը սկսում է ապրել օրենքով։ Եվ, փաստորեն, առաջին անգամ մենք, ՀՀ քաղաքացին հնարավարություն է ստանալու ճաշակելու ազատ շուկայական հարաբերություններ ասվածը, ըստ էության ու սեփական կյանքում։ Քրեաօլիգարխիկ տնտեսությանը փոխարինելու է գալիս կապիտալիստական, պետության կողմից չափավոր կարգավորվող տնտեսությունը, որտեղ տնտեսական ազատությունն ու ազատ ընտրությունը՝ բառի ինչպես տնտեսական, այնպես էլ սպառողական իմաստով, լինելու է տնտեսահարաբերությունների կարգավորման հիմնական նորմը։

 


Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը սկսել է կիրառել Սահմանադրությունն ու օրենքները՝ դեռևս առանց ծրագիր ներկայացնելու ու ԱԺ-ի կողմից հավանանության արժանանալու։ Ընդ որում, եթե գործողությունների ու քայլերի այս բովանդակությունն ու տեմպը պահպանվի, ապա դրանց էֆեկտները տեսանելի ու շոշափելի են լինելու կարճ ժամանակ անց։ Իսկ եթե այս օպերատիվ, «անծրագիր» կառավարումը զուգակցվի արդեն նաև տեսլականներ պարունակող տնտեսական ռազմավարական ծրագրով, ապա արդյունքները շատ ավելի շոշափելի են լինելու։ Այնպես որ, ինչպես հեղափոխությունն ապավինեց միայն ներհայաստանյան ռեսուրսներին, այնպես էլ կառավարության ծրագրի մշակումն ու իրականացումը պետք է հենվի առավելապես ու առաջին հերթին ներհայաստանյան ուժերի, ներքին պոտենցիալի վրա։

Ի վերջո, ոչ միայն հանրահավաքային հարթակներից ու հրապարակներից, այլ նաև գործնականում, ամենօրյա կյանքում պետք է ապացուցել «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսին հավատարիմ լինելու ու ոչ միայն տեր, այլ նաև պատասխանատու ու կերտող լինելու համոզումը։ Որովհետև ինչպես ընդհանրապես Սփյուռքից, այնպես էլ մեր հռչակավոր հայրենակիցներից չպետք է ունենալ գերագնահատված սպասումներ՝ ֆրուստրացիաներից խուսափելու համար։ Այո, Սփյուռքն ունի մեծ ներուժ՝ ինչպես մարդկային, մասնագիտական, այնպես էլ ֆինանսական առումով։ Բայց պետք է մշակել, գտնել այդ ներուժն օգտագործելու այլ, ավելի արդյունավետ մեխանիզմներ՝ չապավինելով Սփյուռքի ու սփյուռքահայերի մեխանիկական աջակցությանը։

Վանո Սիրադեղյանն ասում էր. «Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս՝ համեմատելու կարիք չկա…»:

Հայաստանը պետք է իսկապես մանրամասն սիրել ու այդ սերը առարկայացնելու համար պետք է մանրամասն աշխատել։ Հենց դա է այսօր անում Նիկոլ Փաշինյանը։

http://www.1in.am/2363255.html


loading...

Փակել