Նարե Գեւորգյանի անունը վերջին շրջանում հաճախ է շոշափվում մամուլում: Օրերս նա հուզեց շատերին «Մոր երգը զինվորին» երգի կատարմամբ՝ չկարողանալով զսպել արցունքները երգելու ընթացքում: Իսկ ավելի ուշ մամուլում սկսեցին քննարկել երգչուհու մասնակցությամբ հաղորդումներից մեկը, որտեղ Նարեն չէր պատասխանել հաղորդավարի կողմից հնչեցրած մաթեմատիկական հարցին:
NEWS.am STYLE-ը անկեղծ զրույց է ունեցել Նարեի հետ, որի ընթացքում երգչուհին խոսել է երգարվեստի դժվարությունների, հիասթափությունների, բեմում հուզվելու եւ իր անվան շուրջ ստեղծված սկանդալի մասին.
-Նարե, քեզ ճանաչեցին «Հայ Սուպերսթար» նախագծի շնորհիվ, ու չնայած դու չհաղթեցիր` դարձար այն մասնակիցներից, որոնք անկախ տիտղոսից նվաճել են իրենց տեղը շոու-բիզնեսում: Դժվա՞ր է այդ տեղը պահելը:
-Դժվար է. այնքանով է դժվար, որ եթե մարդիկ քեզ սիրում են ու գնահատում, դու իրավունք չունես տեղդ զիջելու: Ինձ սիրել են այնպիսին, ինչպիսին ես կամ: Կարծում եմ՝ կարեւոր է, որ երգչուհին բեմում լինի մաքսիմալ անկեղծ. այդ դեպքում երբեք չես կորցնի տարիների ընթացքում մարդկանց սրտերում նվաճած տեղդ։
- Ի՞նչ խնդիրների ու հիասթափությունների հետ ես հաճախ բախվել:
-Շատ տարբեր… Բայց կնշեմ մեկը, որն ինձ ամենաշատն է փորձել կոտրել: Դա այն դեպքն էր, երբ «Հայ Սուպերսթար» նախագծից հետո նկարահանված իմ տեսահոլովակը, որը «Շանթ» TV-ի նվերն էր, ոչ մի հեռուստաընկերություն առանց կլորիկ գումարի չցանկացավ ցուցադրել…
-Վերջերս քո հեռուստատեսային մենահամերգի ժամանակ թե՛ ինքդ հուզվեցիր, թե՛ հեռուստադիտողին հուզեցիր «Մոր երգը զինվորին» ստեղծագործության կատարմամբ: Էմոցիոնալ լինելը չի՞ խանգարում քեզ բեմում:
-Երբեմն շատ է խանգարում, երբեմն էլ օգնում է. խանգարում է այն առումով, որ երբ հուզվում եմ, վոկալս տուժում է, չեմ երգում այնպես, ինչպես պարտավոր եմ երգել, բայց նաեւ օգնում է, քանի որ այն, ինչ ներսումս կա, անմնացորդ հասնում է մարդկանց սրտերին, ու նրանք էլ ապրում են այն, ինչ ես եմ զգում այդ պահին բեմում:
-Սպասո՞ւմ էիր, որ եթերից հետո կատարումդ այդպիսի բուռն եւ հաճելի արձագանք կստանա:
-Սպասում էի, որ կլսեն, բայց որ այս աստիճան կսիրեն, հաստատ՝ ոչ: Փողոցում քայլում եմ ու նկատում, որ երգս մի քանի անգամ հնչում է նույն վայրում:) Դա հաճելի է, բայց որ երգը ազգիս հերոսների մասին է, կրկնակի հաճելի է, չնայած նրան, որ կցանկանայի՝ այլեւս երբեք նման երգեր չծնվեն, ու երգենք մեր կենդանի հերոսների ու մեր հաղթանակի մասին։
-Հաջորդ երգը, որը կատարելիս միշտ հուզվում ես, «Իմ փոխարեն»-ն է: Երգի խոսքե՞րն են քեզ հուզում, թե՞ անձնական պատմություն ունես կապված դրա հետ:
-«Իմ փոխարեն» երգը շատ խորն է: Ամեն անգամ լսելիս ցանկացած բառ ապրում եմ: Երգի տեքստը առաջին հայացքից կարող է հասարակ թվալ, բայց այն ֆանտաստիկ խորություն ու մեծ հուզականություն ունի իր մեջ: Պարտադիր չէ կատարածդ երգը, որից հուզվում ես, քո պատմությունը լինի, որպեսզի հասնի մարդկանց։
-Ովքե՞ր են երգարվեստում քո մտերիմները:
-Շատ-շատ են, չեմ ուզում անուններ նշել. գուցե մեկին մոռանամ, արդյունքում նեղացնեմ:) Որքան էլ փորձում եմ չունենալ մտերիմներ երգարվեստում, չի ստացվում, ես ընկերասեր եմ ու շփվող, եւ երբ մեկի հետ շփվում եմ, ամբողջ հոգով նվիրվում եմ նրան։ Շատ մարդիկ կան, ովքեր սկզբում ինձ համար ուղղակի կոլեգա էին, իսկ հիմա հարազատ են դարձել: Նրանք այն մարդիկ են, որոնց ես ամեն օր տեսնում եմ ու որոնց հետ աշխատում եմ:
-Հայկական մրցույթների մասնակցել ես, իսկ միջազգային հարթակում ներկայանալու ցանկություն չունե՞ս:
-Կարծում եմ՝ իմ հանդիսատեսն արդեն ինձ ճանաչեց՝ որպես ամենաէմոցիոնալ երգչուհի, արդեն գաղտնիք չէ, որ ես աշխարհի ամենահուզվող երչուհին եմ:) Մրցույթներին հատկապես լարվում եմ: Իմ երկրում ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին ես կամ, բայց մի ամբողջ ազգի պատասխանատվությունն ուսերիս վերցնել ու մեկնել այլ երկիր եւ հուզմունքի պատճառով տապալվել… դրա իրավունքը չունեմ… Առհասարակ, ես ինձ մրցութային երգչուհի չեմ համարում։
- Նարե, շոու-բիզնեսի ցանկացած ներկայացուցիչ, վաղթե ուշ, հայտնվում է ինչ-որ սկանդալի կիզակետում: Վերջերս համացանցում տարածվեց քո մասնակցությամբ հաղորդումներից մեկի տեսանյութը, եւ մամուլում սկսեցին քննարկել քեզ («Քաղցած սպասում էին» հաղորդման ժամանակ երգչուհին չի պատասխանել Սուրեն Շահվերդյանի՝ «ի՞նչ կլինի 7X8» հարցին) : Ինչպե՞ս ես վերավբերվում նման խոսակցություններին:
- Ես չեմ չարանում ոչ մի լրագրողի հանդեպ, հասկանում եմ, որ այդ պահին իրենց դիտումների մասին են միայն մտածել: Եթե անգամ ոչինչ չանեի, գրելու էին, որ ես ոչինչ չեմ արել: Իսկ հոդվածի համար ուղղակի կասեմ, որ միայն ծիծաղել եմ, քանի որ առանձնապես ուշադրություն չեմ դարձնում այդպիսի անիմաստ հրապարակումներին:
- Առաջիկա նորություններիդ մասին կպատմե՞ս:
-Առաջիկայում նոր երգի պրեմիերա է սպասվում՝ «Գնա եղբայր, հասիր տղաներին» (երգի հեղինակը Տիգրան Աթայանն է): Այն նվիրված է մեր կենդանի հերոսներին եւ այն մարդկանց, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին կամավոր մեկնեցին դիրքեր ու, կռիվ տալով թշնամու դեմ, մեզ պաշտպանեցին եւ ողջ-առողջ վերադարձան տուն։ Հուսով եմ՝ իմ կատարած աշխատանքը կրկին կսիրվի հանդիսատեսի եւ հեռուստադիտողի կողմից, ամենակարեվոը՝ այն մարդկանց կողմից, որոնց նվիրված է երգը: