loading...

Մխիթարյանի «ախտորոշումը». Վենգերը մատը դրել է ցավի վրա



Դիտումներ ` 1459
Մխիթարյանի «ախտորոշումը». Վենգերը մատը դրել է ցավի վրա

Լոնդոնի Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ Հենրիկ Մխիթարյանը ամբողջովին նվիրվող ֆուտբոլիստ է եւ ինքը միշտ հավանել է նրա խաղը: Վենգերն այդ կապակցությամբ արել է նաեւ հայտարարություն, որը խոշոր հաշվով հնարավոր է բնութագրել իբրեւ հայկական ֆուտբոլի յուրօրինակ ախտորոշում: «Նա եկել է մի երկրից՝ Հայաստանից, որտեղ յուրահատուկ բնավորություն է անհրաժեշտ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար», ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Արսեն Վենգերը խոսում է Մխիթարյանի բնավորության մասին, կամա թե ակամա հենց դա դնելով նրա ֆուտբոլային տաղանդից ավելի առաջ, գոնե տվյալ իրավիճակում: Խոշոր հաշվով, «բնավորությունը» սկզբունքային է գրեթե բոլոր մասնագիտություններում հաջողության եւ առաջընթացի համար, այդ թվում ֆուտբոլում:

Ֆուտբոլային տաղանդը անշուշտ կարեւոր է, սակայն բազմաթիվ են ահռելի տաղանդի տեր ֆուտբոլիստներ, թե աշխարհում, թե Հայաստանում, որոնք սակայն չեն ունեցել այդ տաղանդին «կից» պահանջվող այդ բնավորությունը, ինչը նրանց թույլ կտար հասնել իրապես բարձր մակարդակի:Այդ հանգամանքը հատկապես նշանակալից է այն պետություններում, որտեղ կա հանրային մտածողության արդիականացման, համաշխարհային փոփոխությունների բնույթին եւ տեմպին համարժեք լինելու խնդիր:



Արսեն Վենգերը փաստացի խոսում է Մխիթարյանի հենց այդ համարժեքության մասին, ինչը նրան թույլ է տվել Հայաստանում դառնալ միջազգային մակարդակի բարձրակարգ եւ պահանջված ֆուտբոլիստ, դառնալ Հենրիկ Մխիթարյան: Հնարավոր չէ դուրս գալ միջազգային մակարդակ եւ մնալ այնտեղ, միաժամանակ դուրս չգալով այսպես ասած թաղա-բակային մտածողության մակարդակից:Հայկական ֆուտբոլի առանցքային խնդիրներից մեկը հենց թաղա-բակային մտածողության չհաղթահարվածությունն է: Ընդ որում, ոչ միայն ֆուտբոլի, այլ կյանքի ընդհանրապես:

Թեեւ, ֆուտբոլը հենց կյանք է, ինչպես ասում էր տաղանդավոր հեռուստամեկնաբաններից մեկը՝ Սավիկ Շուստերը իր «Երրորդ խաղակես» հաղորդաշարի թողարկումների մեկնարկին:Ինչպե՞ս հաղթահարել հայկական ֆուտբոլում թաղա-բակային մտածողությունը: Դա հիմնարար հարց է, որ հայկական ֆուտբոլի ապագայի ճանապարհին է, եւ այդ ճանապարհի ընթացքը որակապես կփոխվի միայն այն բանից հետո, երբ համակարգային քայլերի միջոցով հնարավոր կլինի հարցը հանել ճանապարհից:

Շաբաթներ առաջ մամուլի ասուլիսում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը արեց ուշագրավ հայտարարություն, ի պատասխան հարցի, թե կա՞ն Հայաստանում Մխիթարյանի պես տաղանդավոր ֆուտբոլիստներ, որ ունեն այդպիսի հեռանկար:Հայրապետյանը պատասխանել էր, թե ինքն անձամբ տեսնում է Մխիթարյանից ավելի տաղանդավորների, առնվազն 10 ֆուտբոլիստի, որոնց սակայն Մխիթարյան դառնալու համար պահանջվում է Հենրիկի նման աշխատաասիրություն, կարգապահություն, պրոֆեսիոնալություն եւ սիրել ֆուտբոլը Մխիթարյանի նման:


Այլ կերպ ասած՝ պետք է մտածել Հենրիկ Մխիթարյանի նման, լինել «մխիթարյանական» մտածողության կրող, այսինքն թաղա-բակային մտածողությունից դուրս:Իսկ դա իրապես բարդ խնդիր է, եթե այդ մտածողության ցանցում է մի ամբողջ հանրություն գրեթե բոլոր ոլորտներում: Հնարավո՞ր է հաղթահարել այդ մտածողությունն առանձին վերցրած մի ոլորտում, օրինակ՝ ֆուտբոլում: Հնարավո՞ր է Մխիթարյան անձի փոխարեն, ունենալ «Մխիթարյան» համակարգ: Թե՞ հենց առանձին ոլորտներում աշխատանքով է նաեւ, որ պետք է հաղթահարվի համընդհանուր ցանցը կամ սարդոստայնը:

Ովքեր եւ ի՞նչ պետք է անեն դրա համար: Ի՞նչ պետք է անի ֆուտբոլի ֆեդերացիան մտածողության այդ խնդիրը հաղթահարելու համար, ինչ պետք է անեն, ինչպե՞ս պետք է մոտիվացված լինեն հայկական ֆուտբոլում ներդրումներ կատարողները: Չէ՞ որ թաղա-բակային մտածողությունը հաղթահարելը միայն կարող է լինել նրանց ներդրումների հետգնման հեռանկարի առանցքային նախադրյալ ու հիմք:

Ըստ այդմ հարց է առաջանում, թե՝ իսկ ի՞նչ մտածողության կրող են հենց իրենք ֆեդերացիայի, ակումբների ղեկավարները, սեփականատերերը, ներդրողները, որոնցից շատերը նաեւ խոշոր «խաղացողներ» են կյանքի այլ ոլորտներում, որտեղ նույնպես գերիշխում է թաղա-բակային մասշտաբը:Արսեն Վենգերը կամա թե ակամա մատը դրել է հայկական ֆուտբոլի ցավի վրա: Գուցե Հենրիկ Մխիթարյանի հետ ինչ որ ֆորմատով ժամանակ առ ժամանակ խոսեն բուժման ուղիների մասին եւ խթանեն Հայաստանում այդօրինակ դիսկուրս:

http://www.lragir.am/index/arm/0/society/view/169536


loading...

Փակել