Մոտ տաս օր առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ հեռախոսազանգ է ստացել: «Գարդիանի» հրապարակած ձայնագրությունում ՄԲ արտգործնախարարը շնորհավորում է զանգահարողին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, շոշափել են նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների, Սկրիպալների թունավորման, Սիրիայի քիմիական հարձակումների թեմաները:
Բրիտանիայի արտգործնախարարությունը հաստատել է, որ ձայնագրությունում զրուցակիցներից մեկն իրոք Բորիս Ջոնսոնն է: Նա, այսպես կոչված, «պրանկ» զանգի զոհ է դարձել: Այդպես են կոչում կեղծ անուններով ներկայացող զանգահարողներին: Բրիտանիայի արտգործնախարարությունը նաև հայտնել է՝ Ջոնսոնը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի անունից զանգը կեղծ է ու ընդհատել է խոսակցությունը: Բրիտանիայի արտգործնախարարին զանգահարել են ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (կեղծանունը՝ «Վովան») և Ալեքսեյ Ստոլյարովը («Լեքսուս»): Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը պնդում է, որ ռուսաստանցի պրանկերների հետևում կանգնած է Կրեմլը. սա հավանաբար նրա վերջին փորձն էր՝ Սկրիպալներին թունավորելուց հետո աշխարով մեկ սևացած երեսը փրկելու:
Պրանկերների զանգի առիթն այդ օրերին Սոչիում նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպումն էր: Նիկոլ Փաշինյանի անունով ներկայացած պրանկերը Բրիտանիայի արտգործնախարարին ասել է, որ շուտով հանդիպելու է Ռուսաստանի նախագահին, կատակելով՝ հուսով է, որ վերջինս իրեն «նովիչոկով» չի թունավորի:
Բորիս Ջոնսոնը «Փաշինյանին» խորհուրդ է տվել Պուտինի հետ հանդիպմանը վճռական և ամուր լինել: Ասել է, թե 100 տոկսով համոզված է, որ Սկրիպալների թունավորման հետևում հենց Պոտինն է կանգնած, և որ իրենք շարունակելու են ճնշումներ գործադրել Պուտինի շրջապատի օլիգարխների վրա:
Իրապես ցավալի է տեսնել, թե ինչպես է միջազգային քաղաքականության կարևորագույն սուբյեկտներից մեկն իջնում պրանկերի նշաձողին: Մոսկվան միջազգային հարաբերություններում ակտիվորեն կիրառում է բանդիտիզմի վարքագիծ` միջամտելով արևմտյան երկրների ընտրական գործընթացներին, քարոզչական հարձակումների թիրախ դարձնելով Մոսկվայի համար անցանկալի գործիչներին ու կուսակցություններին:
Շատերը համարում են, որ վերջին հեռախոսազանգն ուղղված է Մեծ Բրիտանիայի պետական ինստիտուտների, Ռուսաստանին պարբերաբար քննադատող Բորիս Ջոնսոնի վարկաբեկմանը: Դա, իհարկե, այդպես էլ կա և, ըստ էության, չի վիճարկվում որևէ մեկի կողմից: Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի քաղաքականությունը զրկված է ռացիոնալ վարքագծից, փաստարկներից և շեշտը դրվում է նման` ըստ էության, դիվերսիոն քայլերի վրա, որոնք, որպես կանոն, հակառակ էֆեկտն են ունենում և ավելի են ամբողջացնում այսօրվա Ռուսաստանի տոտալիտար դեմքը:
Մյուս կողմից` ինչո՞ւ են ռուսները միջազգային այս սկանդալային պատմության մեջ թիրախավորել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արդյո՞ք տեղի ունեցածն, այսպես ասած պատահականություն կամ զուգադիպություն է` պայմանավորված այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շաբաթների միջազգային լրահոսի հերոսներից մեկն է, թե՞ Մոսկվան տողատակով ինչ-որ ակնարկ է անում Հայաստանի առաջնորդին:
Մեծ հավանականությամբ` Մոսկվայում Փաշինյանին ակնարկում են, որ «գծից» շեղվելու պարագայում Փաշինյանը դառնալու է Մոսկվայի դիվերսիոն քաղաքականության թիրախ:
Այս պնդումը շատերի համար թերևս այս պահին զարմանալի թվա, մանավանդ, երբ Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորությամբ է խոսում հայ
-ռուսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության, իր և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: Այս ամենն, իհարկե, ճիշտ է, սակայն աքսիոմատիկ է այն ճշմարտությունը, որ Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը թշնամաբար է վերաբերում հատկապես իր դաշնակից երկրի որևէ իշխանության, որի ձևավորման հիմքում ոչ թե իր «դաբրոն» է, այլ` ժողովրդի վստահությամբ ամրապնդված լեգիտիմությունը: Ի դեպ, հենց դա չհանդուրժվեց Վազգեն Սարգսյան – Կարեն Դեմիրճյան տանդեմին:
Իհարկե, չենք ուզում պարզունակ զուգահեռներ անցկացնել, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երբեք չպետք է անտեսի այն իրողությունը, որ այսօր Մոսկվան նույնանում է խիստ վտանգավոր, դեստրուկտիվ ու անկանխատեսելի քաղաքականության հետ: