Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն օրերս հերթական անգամ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ուղղակի մասնակցությունը հիմնախնդրի շուրջ բանակցություններին:
«Եթե Հայաստանի ղեկավարությունն առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, նշանակում է ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին», – հայտարարել է Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում: Մամեդյարովի խոսքով՝ ինքը համանախագահներին ասել է, որ հայկական կողմի առաջարկը «ծիծաղելի է»:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու հետո Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը Արցախ մեկնեց, նա Ստեփանակերտում մամլո ասուլիս հրավիրեց, որտեղ էլ նշեց, որ այսուհետև պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում այդ բանակցությունները լիարժեք չեն:
Իհարկե, պաշտոնական Երևանը չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններից: Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պատրաստ են շարունակել բանակցությունները պաշտոնական Բաքվի հետ:
Հայտնի է, որ մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի միջև, որի ժամանակ, ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Առհասարակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից որոշակի ակտիվություն է նկատվում: Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լեդրիանն է Երևանում բանակցություններ վարելու, ապա մեկնելու է Ադրբեջան: Այս շաբաթ Երևանում սպասում են ամերիկյան պատվիրակությանը` ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարը Փարիզում հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և պնդել, թե Հայաստանում ու Ադրբեջանում ավարտված ընտրական գործընթացներից հետո Բաքուն պատրաստ է «ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար»:
Հիմնախնդրի շուրջ բանակցություններն ինտենսիվորեն շարունակելու անհրաժեշտության մասին հայտարարել է նաև պաշտոնական Վաշինգտոնը: «Առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն», – գրել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ադրբեջանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ուղղած նամակում:
Այսօրվա ելույթում Էլմար Մամեդյարովը նաև ասել է․ – «Մեր հիմնական խնդիրը ադրբեջանական հողերի՝ Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջանների օկուպացիան է»: Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է հարաբերություններ հաստատել հայերի հետ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»: Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Բաքուն երբեք չի հրաժարվի երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և չի զոհաբերի իր ինքնիշխանությունը:
Այսպես, կարելի է ասել, որ Բաքուն պատասխանեց Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարություններին: Խաղն, ինչպես ասում են, հետաքրքրանում է, և ոչ միայն, ավելի ու ավելի բարդանում:
Փաշինյանն, ինչպես ասում են՝ բարձր «պլանկա» վերցրեց Ստեփանակերտում, կարողանալու՞ է նա առաջիկա բանակցություններում գոնե դրա կեսը պահել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն, ակնհայտորեն, զգում են լարվածության աճը դիվանագիտական ճակատում՝ կարգավորման գործընթացն առաջ մղելու տեսանկյունից:
Մնում է հարցը՝ Վաշինգտոնն ու Փարիզը կզիջե՞ն Մոսկվային ղարաբաղյան ղեկը: Եթե զիջեցին, ապա Մոսկվան կխնայի՞ Նիկոլին Ղարաբաղի հարցում:
Թամար Բագրատունի