loading...

Մերի Հակոբյանը՝ «Դոմինո 5 » սիթքոմում խորամանկ ու գեղեցիկ կնոջ կերպարում. լուսանկարներ նկարահանման հրապարակից



Դիտումներ ` 1351
Մերի Հակոբյանը՝ «Դոմինո 5 » սիթքոմում խորամանկ ու գեղեցիկ կնոջ կերպարում. լուսանկարներ նկարահանման հրապարակից

Արմենիա TV-ի աշնանային եթերաշրջանում շուտով կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի վերջին՝ 5-րդ եթերաշրջանը։ Այս անգամ հեռուստադիտողը եթերում կտեսնի ոչ միայն հին ու սիրված կերպարներին նոր իրավիճակներում, այլև նոր դեմքերի, որոնցից մեկն էլ դերասանուհի, մոդել Մերի Հակոբյանն է: BlogNews.am-ը ներկա է եղել Մերիի առաջին նկարահանմանն ու տեղում զրուցել կերպարի ու առաջարկն ընդունելու պատճառների մասին:

«Հետաքրքրությամբ եմ ընդունել առաջարկը, քանի որ նախկինում հումորային նախագծերում չէի նկարահանվել: Սիրում եմ տարբեր կերպարներում ինձ փորձել, ու սա լավ հնարավորություն էր հումորային ժանրում էլ ինձ դրսևորելու համար»:

Մերին իրեն նկարահանման հրապարակում շատ ազատ էր զգում: Նրա խոսքով՝ միջավայրին ինտեգրվելու խնդիր չի ունեցել. «Նկարահանման հրապարակում հիանալի մթնոլորտ է տիրում, բոլորն էլ հարազատ մարդիկ են, որոնց հետ աշխատելու փորձ էլի եմ ունեցել: Պրոֆեսիոնալ թիմն ու հատկապես Հարություն Խալաֆյանն ինձ շատ են  օգնում թերություններս շտկելու և ավելի լավ խաղալու առումով»:

Մերիի կերպարը զարգանալու է Մհեր Խաչատրյանի հերոսի` Գարիկի հետ: Ըստ սցենարի` նա պետք է աշխատեցնի Գարիկի բիզնեսը, իսկ հետո փորձում է շորթել նրա գումարները. «Սոֆին փաբում ծանոթանում է Գարիկի հետ, ու դրանից հետո իր մոտ միտք է հղանում, որ կարելի է տղայի փողերն իրենով անել ու բարելավել սեփական կյանքը: Ներխուժում է տղայի կյանք, գումար է շորթում խորամանկության ու իր գեղեցկության հաշվին»:

Կերպարն իրական Մերիի հետ ոչ մի նմանություն չունի: Դերասանուհու խոսքով՝ իր առավելությունն էլ հենց դա է, հակառակ դեպքում կերպարը լիարժեք չեր կարողանա մարմնավորել. «Իմ հիմնական նպատակը «Դոմինոյի» նոր եթերաշրջանին նոր շունչ տալն է ու ինչ-որ ալիք բարձրացնելը, որը սիթքոմի հավատարիմ հեռուստադիտողին անսպառ ժպիտ կպարգևի»:

Մհերի կարծիքով՝ Մերին լավ խաղընկեր է, նրա հետ աշխատանքը հեշտ է ստացվում. «Ծանոթ ենք արդեն 5 տարի. Մշակութաբանության մագիստրատուրայում Մերիի հետ մեկ կիսամյակ սովորել ենք միասին: Բայց որպես գործընկերներ առաջին անգամ ենք աշխատում»:

Մհերը նաև վստահեցրեց՝ այս եթերաշրջանը տարբերվելու է նախորդներից, լինելու է շատ ավելի հետաքրքիր ու դիտարժան: Ստեղծագործական թիմը ջանք չի խնայելու, որ հրաժեշտն էլ գեղեցիկ լինի:


loading...

Փակել