loading...

Մավրը արեց իր գործը, Մավրը հեռացավ. ՀՀԿ-ի ավարտված «առաքելությունը»



Դիտումներ ` 671
Մավրը արեց իր գործը, Մավրը հեռացավ. ՀՀԿ-ի ավարտված «առաքելությունը»

Երեկ ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին: Քաղաքապետի պաշտոնի հավակնորդների թիվը մեկով պակասել է. ՀԺԱՄ-ն ինքնաբացարկ է հայտնել՝ ընտրական հանձնաժողովից հետ վերցնելով իր փաստաթղթերը:

Իհարկե, այս կուսակցությունը հանրության լայն շերտերին հայտնի չէ, ու գրեթե հարյուր տոկոսով կանխատեսելի էր, որ ընտրություններին մասնակցելու դեպքում ոչ միայն անցողիկության շեմը հաղթահարելու շանս չուներ, այլև հավաքելու էր չնչին ձայներ: Նույնիսկ իր ակտիվ գործունեության պիկին՝ 2003-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ՀԺԱՄ-ը Երևանում ստացել էր ընդամենը 20000 ձայն, ինչն անցողիկության «ուղեգիր» չի ապահովում:

Սակայն սա չէ էականը, այլ այն, որ այս կուսակցությունը կամ նրա տանիքը ընթացիկ ընտրությունները դիտարկել են ոչ թե դրանց մասնակցելու և հաջողություն արձանագրելու, այլ դրանք, այսպես ասած, հարամելու դիտանկյունից: Բանն այն է, որ ժամանակին ԱԺՄ-ից պոկված այս խումբը 2003-ից ըստ էության դադարել է ինքնուրույն կուսակցություն լինել՝ դառնալով ՀՀԿ-ի կցորդը և հնարավորություն ստանալով Սերժ Սարգսյանի ցուցակով մեկ պատգամավոր անցկացնել խորհրդարան:

Անցած գումարման ԱԺ-ում կուսակցության նախագահ Վահրամ Մկրտչյանը ՀՀԿ խմբակցության անդամ էր, 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո զբաղեցրեց կրթության փոխնախարարի պաշտոնը և այն պահպանեց մինչև հեղափոխության հաղթանակը: ՀԺԱՄ-ը Սերժ Սարգսյանի մտերիմ օլիգարխ, վերջերս քրեական մի պատմության մեջ հայտնված Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի անձնական օգտագործման կուսակցությունն է, ու այսքանով ամեն ինչ ասված է:

 



ՀԺԱՄ-ը Երևանի ընտրություններին մասնակցում էր՝ դրանց վրա, այսպես ասած, կոմպրոմատ հավաքելու նպատակով: Խնդիրը հարմար պահի ընտրությունները բոյկոտելն էր՝ դրանց քաղաքական գնահատական տալով ու լեգիտիմությունը կասկածի տակ դնելով: Դա հնարավոր էր անել ընտրական սուբյեկտի կարգավիճակով: Գրեթե վստահաբար ՀԺԱՄ-ը նախկին համակարգի կամ դրա մի հատվածի պատվիրակն էր ընտրական գործընթացում՝ պատեհ պահին դրա լեգիտիմությունը կասկածի տակ դնող հայտարություն անելու նպատակով, որը հետո անկասկած թմբկահարվելու է ՀՀԿ հայտնի դեմքերի կողմից:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի, մեղմ ասած, անհաջող ելույթը հրաշալի «նվեր» դարձավ ՀԺԱՄ-ի կամ նրա հանրապետական հովանավորների համար: «Հայաստանում առկա նոր իրողությունը հույս էր ներշնչել, որ այսուհետ ՀՀ-ում ընտրություններն ընթանալու էին առանց վարչական լծակների կիրառման և ֆինանսական խոշոր միջոցների անհրաժեշտության: Այդմ վստահ էինք, որ կարող ենք արժանապատիվ հանդես գալ Երևանի ավագանու ընտրություններին: Սակայն պարզվեց, որ վարչական լծակներ չկիրառելու մասին հավաստիացումները ճիշտ չէին, և մեր նախնական ցանկում ընդգրկված որոշ թեկնածուների «հորդորել» էին ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց:

Նշենք, որ անընդունելի ենք համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» և «հակահեղափոխականների», «հների» և «նորերի», «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու և հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը: Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ չենք մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին և ներկայացնում ենք ինքնաբացարկ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության տեքստում:

 


Երբեք քաղաքական տեքստերն անտեսել չի կարելի, եթե նույնիսկ դրանց հեղինակը աննշան ազդեցություն ունեցող քաղաքական ուժ է: Կոնկրետ պարագայում ՀԺԱՄ-ի «առաքելությունը» եղել է բացառապես ընտրությունները «փչացնելը» ու երեկվա հայտարարության հեղինակումը, որն, անկասկած, ՀՀԿ-ն տարբեր առիթներով ջանասիրությամբ օգտագործելու է սեպտեմբերի 23-ի ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար:

Նոր կառավարությունը չպետք է թույլ տա նման մանիպուլյացիա՝ ՀԺԱՄ-ից պահանջելով հրապարակայնացնել բոլոր այն դեպքերը, երբ իբր թե վարչական ճնշում է գործադրվել նրա թեկնածուների նկատմամբ: Ի վերջո, հասարակությունը պետք է իմանա՝ ՀԺԱՄ-ը ստո՞ւմ է, թե՞ հեղափոխությունը մեր կյանքում ոչինչ չի փոխել: Հին համակարգը պետք է զրկվի այս ընտրությունները ստվերելու հնարավորությունից, ըստ այդմ՝ պատկան մարմինները պարտավոր են գնալ երեկվա հայտարարության հետքերով՝ ՀԺԱՄ-ից պահանջելով կոնկրետ փաստեր:

Մյուս կողմից` «Իմ քայլը» և քաղաքապետի նրա թեկնածուն ավելի պատասխանատու քաղաքական վարքագիծ պետք է դրսևորեն՝ ռեստավրացիայի կողմնակիցներին «նվերներ» մատուցելու փոխարեն:

Լուսանկարը՝ Photolure-ի


loading...

Փակել