Քաղաքական բուռն զարգացումներին զուգահեռ կասկածելի մահափորձերի, մահերի և ՔԿՀ-ներից ապօրինի ազատության մեջ հայտնվելու դեպքերի մասին տեղեկություններ են արտահոսում:
Ապրիլի կեսերին համացանցային լրատվամիջոցները, «Սասնա ծռեր» խմբավորումը տեղեկություններ տարածեցին, որ դրանից 2-3 շաբաթ առաջ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, Արայիկ Խանդոյանի խցի հարևանությամբ պահվող կալանավորներից մեկի մոտ խուզարկությամբ ինքնաշեն ատրճանակ է հայտնաբերվել:
«Ըստ իրենց «տեղեկության»՝ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն է տվել ղեկավարությունը՝ Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով»,- գրել էր ՔԿՎ մամուլի հետ աշխատանքի պատասխանատուն, ավանդույթի համաձայն՝ չմոռանալով նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Սասնա ծռեր» խմբավորման համակարգող Սյուզան Սիմոնյանը ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել էր, որ չգիտի կալանավորի անունը, ում մոտ ինքնաշեն զենք է հայտնաբերվել, սակայն վստահեցրել է, որ հաստատվել է այդ անձնավորության կապը ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի՝ նշված դեպքի վերաբերյալ համացանցային լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու նպատակով:
Եվ մինչ նրանք փորձում են ստուգել տեղեկությունները և «մահափորձի նախապատրաստված անձի» ինքնությունը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ևս մեկ կասկածելի մահվան մասին է լուր ստացվում:
Միայնակ Գայլի դեմ «մահափորձի» մասին տեղեկության հրապարակայնացումից օրեր անց՝ ապրիլի 21-ին, հանկարծ «մահանում է» Սեդրակ Զատիկյանի աղմկահարույց սպանության պատվերը կատարած Արսեն Առուշանյանը, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման: Իրավապահներն այս տեղեկությունը ևս պետք է ստուգեն, քանի որ, ՔԿՎ-ն կարծես այն գաղտնի է պահել, ինչը կասկածի տեղիք է տալիս:
Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նույն՝ հիվանդանոցային հատվածում է գտնվում Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանության պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանը, ով, ըստ գործի նյութերի, մյուս պատվիրատու Ստեփան Հակոբյանի հետ միասին Արսեն Առուշանյանին խոստացել էր 100,000 դոլար՝ սպանության դիմաց, սակայն տվել էր ընդամենը 30,000 դոլարը, քանի որ եղբայրներից միայն մեկին էր կարողացել սպանել: Նրանք վեճով էին բաժանվել…
Ի՞նչ կապ կարող է լինել այս երկու դեպքերի՝ Արայիկ Խանդոյանի դեմ մահափորձի և Առուշանյանի մահվան միջև, արդյո՞ք այն կա, թե՞ պարզապես ժամանակային զուգադիպություն է…
Համենայնդեպս՝ կապող երկու կետ կա. Նարեկ Խաչատրյանը ևս գտնվել է ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ նախապատրաստվել, պահվել է ինքնաշեն ատրճանակը, իսկ Արսեն Առուշանյանը հարմար թեկնածու է կամ էր՝ որպես սպանության պատվեր կատարող:
Նկատենք, սակայն, որ այդ ժամանակային և հանգամանքային զուգադիպությունները կասկածելիորեն շատ են Սեդրակ Զատիկյանի սպանության գործով անցած անձանց մահվան առումով, որոնք տեղի են ունեցել քաղաքական խառը իրավիճակներում կամ դրանցից անմիջապես առաջ, և բոլորը՝ ի նպաստ սպանության սցենարիստների.
Անդրանիկ Զատիկյանին մահացած գտան իր եղբոր սպանության պատվիրատուներից Ստեփան Հակոբյանի դատավարության առաջին օրը՝ 2013թ. հունվարի 13-ին: Այսինքն՝ մինչ նախագահական ընտրությունները:
Գաղտնի վկա Արամ Արամյանի դիակը գտան կամրջի տակ՝ դատարանում ցուցմունք տալուց առաջ, ապրիլյան պատերազմի օրերին:
Արսեն Առուշանյանի մահվան լուրն էլ փաստորեն նախորդեց Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ՝ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի կայացմանը և Սերժ Սարգսյանի հրաժարականին:
Հիշեցնենք նաև, որ Զատիկյան եղբայրների հոր՝ ԱԺ պատգամավոր, «Մալաթիա» ջոկատի հրամանատար Վահան Զատիկյանի մահն էլ նախորդել էր 1999թ-ի արյունոտ հոկտեմբերի 27-ին: Համառորեն պտտվող լուրերն ասում էին, որ նրան թունավորել են:
Այնպիսի տպավորություն է, որ հենց այդ ժամանակ է որոշվել Զատիկյանների ճակատագիրը. այն անձինք, ովքեր ԱԺ-ի կուլիսներում և դրանից դուրս ներգրավված են եղել այդ հրեշավոր հանցագործության նախապատրաստման, կատարման, Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատը՝ հավատարիմ մարտական ընկերներին չեզոքացնելու գործում՝ հոկտեմբերի 27-ից առաջ, այդ օրը և դրանից հետո, հետագայում կամ միաժամանակ կարծես անպատիժ հանցագործություններ անելու «դաբրո» են «ստացել» ու մինչ օրս էլ կարծես թաքնված, կիսաթաքնված շարունակում են հանձնարարություններ կատարել նույն մեթոդներով՝խառը քաղաքական իրավիճակում:
Միայնակ Գայլի՝ «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի դեմ նախապատրաստված, բայց ձախողված դավադրությունն էլ կարող է այդ շարքից լինել:
Եթե հաշվի առնենք, որ ինքնաշեն ատրճանակը ոչ ոք չէր կարող աննկատ անցկացնել ՔԿՀ, ապա ենթադրելի է, որ այն իսկապես ներս է մտցրել տեղի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներից մեկը: Այնպիսի մեկը, ում չեն ստուգում այդ հիմնարկ մտնելիս: Այնպիսի մեկը, ով բանտերում քաղբանտարկյալներին և ազատամարտիկներին «ճնշելու», հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվածների մահվան դեպքերը «կազմակերպելու» ԱԱԾ-ականի հարուստ փորձ ունի և կատարում է Հայաստանը չսիրողների հրահանգները…
Ի դեպ, «Նուբարաշեն» ՔԿՀ ներկայիս պետը՝ Սերոբ Հարությունյանն է: Նա ԱԱԾ ներկայացուցիչն է եղել բանտերում՝ սկսած Քոչարյանի ժամանակներից:
Այստեղ է, որ որոշ հարցեր են ծագում. ու՞մ կարող է ձեռնտու լինել Արայիկ Խանդոյանի մահը և ու՞մ՝ ցմահ դատապարտված Արսեն Առուշանյանի մահը, ո՞վ կարող է կազմակերպել դա: Իսկ միգուցե կազմակերպողը ցանկացել է միանգամից երկո՞ւ հարց լուծել՝ ելնելով հնարավոր համախոհի հետ ունեցած ընդհանուր շահերից…
Չի բացառվում, որ հենց Առուշանյանն է ներգրավված եղել Միայնակ Գայլի դեմ պատվերը կատարելու համար, սակայն դրա ձախողումից և բարձրացված աղմուկից, փնտրտուքից հետո, Առուշանյանին «լռեցրել են»՝ «անմեղ» հիվանդության ձևակերպման տակ, որ աղմուկը չտարածվի բանտում ու դրանից դուրս: Սա դեռ չհերքված վարկած է:
Հիշենք նաև, թե մինչ այդ ինչ դաժանությամբ էին ծեծել Արայիկ Խանդոյանին և Սասնա ծռերից ոմանց՝ մեկ այլ ԱԱԾ-ականի՝ «Կրակեմ Հրաչ» մականունով հայտնի Հրաչյա Հարությունյանի որդու ղեկավարած դատարանի նկուղում:
Այսինքն, դեռ հոկտեմբերի 27-ից հետո հատուկ ծառայություններում մնացած պաշտոնյաներ կան, որոնք կարծես շարունակում են այս երկրի պաշտպանների վերացման գաղտնի օպերացիաները՝ համագործակցելով որոշակի խումբ անձանց հետ՝ օգտագործելով նրանց անձնական թշնամության կամ այլ հանգամանքները:
Հիշեցնենք, որ Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանությունը թշնամական հողի վրա պատվիրած Ստեփան Հակոբյանի ու առաջիկա օրերին իր դատավճռին սպասող Նարեկ Խաչատրյանի դերակատարության մասին հայտնի էր դարձել սպանությունը կատարած Արսեն Առուշանյանի և այլ վկաների ցուցմունքներից:
Սպանողը չկա, փոխարենը փաստացի ազատության մեջ է 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանը՝ երկրից հեռանալու մտադրությամբ՝ իբր բուժման նպատակով: Մինչդեռ ըստ օրենքի՝ նա պատիժը պետք է կրի «Դատապարտյալների հիվանդանոցում», որի պետը հոկտեմբերի 27-ից հետո բանտերում օպերություն անող խմբից է:
Հոկտեմբերի 27-ի գործով անցնող վկաներից է նաև Ստեփան Հակոբյանի հորեղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր, Լեդի Հակոբ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը…
Հ.Գ. Այդուհանդերձ, պետք է լուրջ քննություն սկսել վերոնշյալ կասկածելի մահափորձի և մահվան ու նման այլ դեպքերով, քանի որ դրանք կարող են կրկնվել: Եվ, ընդհանրապես, պետք է խստացնել հսկողությունը հատկապես ՔԿՀ-ներում, քանի որ հոկտեմնբերի 27-ով առնչվածների կամ դերակատարների շրջանում ակտիվացում կամ ներքին խլրտոց կա: