loading...

Կհաջողվի՞ Սերժ Սարգսյանին «արտաքսել» Դուբայ, թե՞…



Դիտումներ ` 717
Կհաջողվի՞ Սերժ Սարգսյանին «արտաքսել» Դուբայ, թե՞…

Նիկոլ Փաշինյանը խոստացել է վաղվանից սկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունների շարք, որի նպատակը վարչապետի ապրիլի 17-ի ընտրության խափսնումն է: Ուշագրավ է, որ խոսվում է ցանցային գործողությունների մասին: Մի կողմից` դա արդյունավետ է, որովհետև իշխանության համար դժվարանում է կոնկրետ կենտրոնին, հարթակին թիրախավորելը, մյուս կողմից` միտված է քաղաքական պատասխանատվության տարալուծմանը` գործընթացի կանխատեսելի ձախողման պատասխանատու դարձնելով ոչ թե հարթակին, այլ` քաղաքացիներին:

Խորհրդանշական է, որ քաղաքացիական անհնազանդության մեկնարկի մասին Փաշինյանը հայտնեց System of a Down խմբի երգիչ, աշխարհահռչակ Սերժ Թանկյանի ֆեյսբուքյան գրառման հրապարակումից հետո: Անկասկած, այս իրադարձությունները կապակցված չեն, նույնիսկ հակառակը` աշխարահռչակ երգչի ողջույնի խոսքում առկա են ուղերձներ, որոնց ճիշտ հակապատկերն է Ֆրանսիայի հրապարակում:

Մեկ կուսակցական համակարգը վտանգում է խորհրդարանական ժողովրդավարությանը նոր Սահմանադրությամբ` գրում է Թանկյանը, և նա միանշանակ իրավացի է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը առաջադրում է ոչ թե համակարգի հեռացման պահանջ կամ վիճարկում է ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց հետևանքով ձևավորվել է այսօրվա ստատուս-քվոն, այլ պայքարում է բացառապես Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ: Եթե նույնիսկ տեսականորեն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հասնեն հաջողության, ապա ներկայացված չէ միակուսակցական կամ օլիգոպոլ համակարգի հեռացման ծրագիր:



«Հետո»-ն փողոցում ընդվզող այսօրվա ընդդիմության ամենամեծ բացն է, ինչը հետևանք է հարթակի քաղաքացիական գիտակցության, մեծ հաշվով` ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայության: Եթե գործընթացը դիտարկենք դասական քաղաքագիտության կանոններով, ապա ընդդիմության անձնավորված պահանջն ադեկվատ չէ ինստիտուցիոնալ այն նոր իրողություններին, որոնցով ապրում է Հայաստանը: Նույնիսկ կարելի է պնդել, որ «Մերժիր Սերժին» շարժումը դնում է ոչ թե իշխանափոխության, այլ միայն` Սերժ Սարգսյանի հեռացման պահանջ: Խորհրդարանական կառավարման պարագայում իշխանության առաջին դեմքի հեռացումն ամենևին չի ենթադրում իշխանափոխություն` բառի դասական իմաստով:

«Քաղաքացիական անհնազանդությունը նման է կախարդանքի, երբ բավականաչափ մարդիկ են մասնակցում: Դա պատմության ամենահզոր զենքերից մեկն է»,-ողջույնի իր ուղերձում նշել է Սերժ Թանկյանը: Արևմտյան քաղաքակրթական միջավայրում մեծացած մարդու համար խիստ էական է գործընթացի լեգիտիմությունը, որովհետ դա է միակ հատկանիշը, որը քաղաքացիական անհնազանդությունը սահմանազատում է բռնությունից: Մարդկանց մասնակցությունը լեգիտիմության հիմնական հատկանիշներից մեկն է, հատկապես, երբ հայաստանյան ապրիլյան թեժացման օրակարգը` քաղաքական տեսանկյունից, մեղմ ասած` ադեկվատ չէ:

Նիկոլ Փաշինյանն ասում է` իրենց շարժումը վայելում է համընդհանուր աջակցություն: Ո՞րն է վիճահարույց այս պնդման չափման միավորը` հրապարակում հավաքված առավելագույնը մի քանի հազար մարդի՞կ, մի քանի հարյուր հազար դրամի հանգանակություննե՞րը, թե՞ ֆեյսբուքյան «հեղափոխությունը»:


Այս հարթության վրա իշխանության փաստարկը դարձյալ ավելի քաղաքական ու ռացիոնալ է, որովհետև Սերժ Սարգսյանի վարչապետությունը մոտիվացվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, մինչդեռ ընդդիմությունը դնում է բացառապես մեկ մարդու իշխանությունից հեռացնելու խնդիր, այսինքն` պայքարում է ոչ թե պատճառի, այլ` հետևանքի դեմ: Այլ խոսքով` ընդդիմության պահանջը քաղաքական տեսանկյունից լեգիտիմացված չէ:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը, մի քանի հարյուր կամ հազար ցուցարարի պահանջով, «արտաքսելու» է Դուբայ` այնտեղ ձևավորելով վտարանդի կառավարություն:

Երբ ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայության ֆոնին ընդդիմադիր սեգմենտում գերիշխում են նման պրիմիտիվ, մեկքայլանոց լուծումները, ակամայից կանխատեսում ենք, որ ապրիլի 18-ի լուսաբացը դիմավորելու ենք հանրային ապատիայի նոր ճահիճում, որտեղ խեղդվելու են քաղաքացիականության վերջին դրսևորումները:

http://www.1in.am/2335063.html


loading...

Փակել