Առողջապահության նախարարության առաջարկով` կառավարության որոշմամբ նոր կարգ է սահմանվել, ըստ որի` Հայաստանում կամ Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:
Ի դեպ, տուժած անձին տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է նաև լաբորատոր ախտորոշիչ գործիքային հետազոտությունները և դեղերի տրամադրումը: Տուժածի՝ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրված ժամանակավոր փաստաթուղթը: Հորդորում ենք Հայաստան տեղափոխված արցախցիներին դիմել ժամանակավոր բնակության վայրին տարածքային առումով մոտ տեղակայված ամբուլատորիա կամ պոլիկլինիկա` անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային բուժման ուղեգիր ստանալու համար: