Կարեն Կարապետյանը տարօրինակ կերպով է հիմնավորել Սերժ Սարգսյանին «առաջին դեմքի» թեկնածու առաջադրելու որոշումը: Նա չի նշել Սերժ Սարգսյանի որեւէ առավելություն, անգամ չի արտաբերել թմբկահարվող թեզերը, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է անվտանգության հարցերում: Կարեն Կարապետյանը նշել է միայն, որ քանի որ կառավարությունը մեծ հաջողությունների է հասել, ապա որոշվել է պահպանել «ներկայիս կոնֆիգուրացիան»:
Ինչպես հայտնի է, մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը որպես նախագահ գործադիր իշխանության ղեկավարն էր եւ խոսելով «նախկին կոնֆիգուրացիայի» մասին, Կարեն Կարապետյանը հավանաբար նկատի ունի հենց այդ հանգամանքը: Այլապես, նրա հիմնավորման մեջ այլ տրամաբանություն չկա:Ինչու՞ է Կարեն Կարապետյանը որոշել այսքան «չոր» առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ չհամեմելով սոուսով: Չէ՞ որ ավելի տրամաբանական կլիներ պատմել, թե ինչու հենց Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել կառավարությունը «ներկայիս սպառնալիքների ու մարտահրավերների պայմաններում»:
Կարեն Կարապետյանը գերադասել է անտրամաբանական դրդապատճառը, հավանաբար, տրամաբանական հիմքի բացակայությունն ընդգծելու համար:Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը ղեկավարելու մոտակա 5 տարիներին, առնվազն մինչեւ 2022 թվականը: Կովկասի հարցերով հայտնի մասնագետներից մեկը՝ Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմ դե Վաալն իր վերջին հոդվածում նուրբ նկատառում է արել Սերժ Սարգսյանի քաղաքական բնույթի մասին: Նշելով, որ Սերժ Սարգսյանը լավ խաղացող է, դե Վաալն ընդգծում է, որ նա կարողացել է պայմաններ ստեղծել իր իշխանության շարունակման համար:
Փորձագետը, սակայն, հարցնում է, թե ինչու է նրան իշխանություն պետք, Սերժ Սարգսյանը փոփոխություններ եւ զարգացում ցանկանու՞մ է, թե՞ նրա նպատակը եղածը պահպանելն է:Դեռեւս ղարաբաղյան պատերազմի ժամանակներից շատերը Սերժ Սարգսյանի «պլյուսներից» են համարում ռեսուրսներ պահպանելու եւ միշտ մի «կանիստր» բենզին ունենալու կարողությունը: Սերժ Սարգսյանն իրոք կարողանում է պահպանել եղածը, ժամանակին գույքագրում անել, իմանալ ամեն ինչի տեղը:
Նա սակայն կարո՞ղ է դուրս գալ «պահեստի» շրջանակներից, ռիսկի գնալ ու զարգացնել:Կարեն Կարապետյանի խոսքում, համենայն դեպս, Սերժ Սարգսյանի այդ ունակության մասին չի նշվում: Թեեւ, Սարգսյանն անձամբ է անցած շաբաթ խոսել 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստանի հասնելու ծրագրերի մասին: «Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, և ծրագրում պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Ծ
րագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգալիորեն կրճատելու հարցը: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և եղած աշխատավարձը բարձրացնելու միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման», - ասել է Սարգսյանը:«Պահեստում» բավարար պաշար կա՞ այդ հավակնոտ նպատակներին հասնելու համար եւ ինչի՞ վրա է հույս դնում Սերժ Սարգսյանը: