Կարեն Կարապետյանը կլքի ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ դա փախուստ չէ, այլ Կարապետյանը պարզապես նոր իրավիճակում քանի որ չի զբաղվում աշխույժ քաղաքականությամբ, նպատակահարմար չի գտնում զբաղեցնել այդ պաշտոնը: Իսկ արձագանքելով հարցին, որ Կարապետյանը ՀՀԿ նախընտրական դեմքն էր, ասել է, թե Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմք էր, բայց հետո ստեղծեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:
Արդյոք ՀՀԿ խոսնակը ակնարկել է, որ Կարեն Կարապետյանն էլ իր կուսակցությունն է ստեղծելու: Կարեն Կարապետյանն այդ ցանկությունն ունեցել է միշտ, անգամ այն ժամանակ, երբ մտնում էր ՀՀԿ: Կարապետյանն այդ առիթով հայտարարեց, թե առանց քաղաքական ուժի չէր լինի, նորը բացելու ժամանակ չկար, իսկ ՀՀԿ-ից բացի էլ այլ տարբերակ չկա, եթե իշխող ուժը ՀՀԿ-ն է:
Հիմա Կարեն Կարապետյանը նոր կուսակցություն ստեղծելու ժամանակ ունի, ֆինանսներ նույնպես, եթե իհարկե չկա որեւէ կոռուպցիոն մեխանիզմի մեջ, որին կարող է հասնել ԱԱԾ-ն: Բայց ունի՞ այժմ կուսակցություն ստեղծելու ցանկություն Կարապետյանը: Ի՞նչ պետք է անի դրանով, հատկապես ապրիլի 25-ից հետո, երբ կատարեց թերեւս իր կյանքի ամենամեծ քաղաքական սխալը, որոշելով ի վերջո քաղաքականությամբ զբաղվել ամենաանհարմար պահին, երբ հենց այդ ժամանակ չէր կարելի եւ պետք չէր անել դա: Կամ, ավելի շուտ, պետք էր քաղաքականությամբ զբաղվել իշխանությունը թողնելու, ոչ թե պահելու միջոցով:
ՀՀԿ խոսնակն ասում է, որ Կարապետյանը ներկայումս աշխույժ քաղաքականության մեջ չէ, դրա համար թողնում է կուսակցական այդ պաշտոնը: Իսկ ե՞րբ է Կարեն Կարապետյանը եղել աշխույժ քաղաքականության մեջ: Նա եկավ իբրեւ մենեջեր, մնաց իբրեւ մենեջեր, եւ միայն իբրեւ քաղաքական գործիչ հեռացավ՝ թիթեռի կյանքով, քաղաքական գործիչ լինելով ընդամենը մեկ օր:
loading...