loading...

Կարծում եմ՝ մինչև վերջ կգնան



Դիտումներ ` 894
Կարծում եմ՝ մինչև վերջ կգնան

Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, երեկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել իր հորդորով և որ նրա ազատման պատճառը աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն ու թերացումն է։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը։

Ի ուրախություն բոլորի՝ պետք է ասեմ, որ սա շատ նորմալ երևույթ է, որովհետև վերջին հաշվով բանակում շատ լուրջ կադրային խնդիրներ պետք է լուծվեն, այդ թվում նաև բարձրագույն հրամանատարական կազմում։ Ես այս փոփոխությունները նորմալ եմ գնահատում։ Երկար աշխատած, մարտական անցյալ ունեցող գեներալիտետին պետք է փոխարինեն երիտասարդ կադրերը՝ ավելի եռանդով։ Պետք է ազատվենք այն մարդկանցից, ովքեր և զինվորական ծառայություն են իրականացնում, և պաշտոնից օգտվելով՝ քաղաքացիական բիզնես են անում, հարկեր չեն վճարում և այլն։ Նրանք շատ մեծ վնաս են հասցնում բանակին, և նման ազատումները միանգամայն ուրախությամբ պետք է ընդունենք։

Մինչև հիմա երբևէ որևէ բարձրաստիճան զինվորականի ազատման դեպքում չէր նշվել, որ ազատման պատճառը աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն ու թերացումն է։

Կարծում եմ՝ այս հայտարարությունը դեռ մեղմ է ասված, և կարելի էր ավելի վատ ասել։ Բայց, այո, այսպիսի հայտարարություն դեռ չէր եղել։ Երևի մեղմ է ասել՝ հաշվի առնելով անցյալի ծառայությունը։ Մեր պայմաններում, որպեսզի հասարակական համերաշխությունը պահպանվի և թշնամություն չառաջանա, կարծում եմ, դա ամենանորմալ և ամենաքաղաքակիրթ ձևերից մեկն է։

Կարծում եք՝ Բաղմանյանի պաշտոնականությունը շարունակականությո՞ւն է ենթադրում։ Մամուլը գրում էր նաև Մովսես Հակոբյանի հնարավոր ազատման մասին։ Դուք պայքարում եք՝ բացահայտելու Մովսես Հակոբյանի՝ բանակի հաշվին բիզնեսները և չարաշահումները, բայց այն 



ժամանակ արդյունք չեղավ:

Ես այն ժամանակ նրա անունը նշել էի որպես օրինակ, նման շատ օրինակներ կային, բայց չեմ ուզում անդրադառնալ, քանի որ փակել եմ այդ թեման: Սակայն ասեմ, որ եթե այս ձևով բանակն ազատվի նման գեներալներից, սա կարևոր է, ոչ թե բանակի հաշվին հարստացածը հետ բերվի, այլ երբ դադարեցվի բանակի թալանը, այդ ժամանակ, կարծում եմ, բանակի վիճակը կտրուկ կլավանա։

Կարծում եք՝ իշխանությունը մինչև վերջ կգնա։

Կարծում եմ՝ մինչև վերջ կգնան։

Վերջին մեկ տարվա փոփոխությունները ինչպե՞ս եք գնահատում։ Տարկետման իրավունքի սամանափակման հետ կապված նախարարը հայտնվեց թիրախում, նաև հազար դրամների հետ կապված դժգոհությունը բավական մեծ էր։

Գնահատում եմ ամեն առումով նորմալ։ Իհարկե հասարակությունը 1000 դրամի պատմությունը շատ վատ ընդունեց, ես նույնպես վատ ընդունեցի, և ոչ թե նրա համար, թե ինչու են 1000 դրամ հավաքում, այլ նրա համար, որ բանակում պետք է կանխվի գողությունը, որը այդ հազար դրամից ավելի շատ է։ Բայց իհարկե, այդ հազար դրամների  բարոյական կողմն այն է, որ ամբողջ ժողովուրդն է հոգում և հավաքում այդ հազար դրամը՝ ի շահ բանակի և հայտնի պատճառաբանությամբ։ Եթե կանխվի գողությունը, ապա դա շատ նորմալ է, որովհետև ազգ-բանակ կոնցեպտի շրջանակում դա տեղավորվում է։

Գանք առաջնագծում կատարված աշխատանքներին։ Իհարկե դա չի լուսաբանվում և շատ չէի ուզի անդրադառնալ դրան, բայց ապրիլյան դեպքերից հետո շատ մեծ փոփոխություններ են կատարվում՝ կապված պաշտպանության ամրապնդման հետ։ Փետրվարին հանրությունը տեսավ, թե ինչպես խոցվեց հակառակորդի դիվերսիոն խումբը և կանխվեց ներթափանցումների փորձը, որը լայնամասշտաբ հարձակումներից մեկն էր։ Բանակում կատարվում են նաև այլ փոփոխություններ, իհարկե անելիքներ շատ կան։ 


Օրինակ՝ անելիքներ կան բանակում կանոնադրային հարաբերություններ ճշտող իրավապահ մարմինների գործողությունների մեջ, շատ հանցավոր գործողություններ կան այնտեղ՝ կապված թե ռազմական ոստիկանության, թե քննչական մարմնի, թե դատախազության և դատարանի գործողությունների մեջ, անհամարժեք գործողություններ են կատարվում սպայական կազմի նկատմամբ, և սրա վերջը պետք է տրվի:

Համոզված եմ, որ նախարարը տեղյակ է այդ հարցերից և հետևողական կլինի: Արդարության վերականգնման հարցը շատ կարևոր է: Եվ ճիշտ որոշումներից մեկն էլ տարկետման իրավունքի սահմանափակումն է: Չի կարելի կրթությունը պատճառ բռնել և չծառայել, և իսկապես բացառիկ գիտականները չպետք է ծառայեն, ոչ թե տարկետմամբ, այլ ընդհանրապես պետք է ազատվեն ծառայությունից, բայց եթե գիտնական չէ և հեռու է գիտությունից և ծառայությունից խուսափելու համար է գիտությամբ զբաղվում, շատ սխալ է:

Ուսանողների բարձրացրած հարցն ինձ հիասթափեցրեց, դա անձնական դեմագոգիայի դրսևորում է: Եթե նրանք հարց բարձրացնեին, որ տարկետման վերացման պատճառներից մեկը երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է, որ զինակոչիկների թիվը պակասել է, այսինքն՝ խորքային հարց պետք է բարձրացնեին՝ որպես առաջադեմ երիտասարդներ, բայց նրանք ընդամենը ճղճիմ կենցաղային անձնական հարցեր բարձրացրին:

Արդյոք պատկերացնո՞ւմ եք արդարության սկզբունքի վերականգնում բանակում այս բոլոր քայլերով:

Եթե խուսափեն, չէ, չի վերականգնվի, բայց արդեն որպես գիտնական պատճառաբանությամբ չեն ազատվի բանակից պաշտոնյաների զավակները, այլ ամոթալի պատճառաբանությամբ: Եվ եթե ազատվում են ամոթալի պատճառաբանությամբ, թող ազատվեն, նրանք գիտության մեջ մեր գլխին պատուհաս են դառնում: 

 

http://www.lragir.am/index/arm/0/interview/view/166270

 


loading...

Փակել