loading...

Կանի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը «իր Քայլը» Հայաստանի ազատագրման ճանապարհին



Դիտումներ ` 967
Կանի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը «իր Քայլը» Հայաստանի ազատագրման ճանապարհին

Անցած շաբաթը բավական հագեցած էր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առումով։ Հունիսի 21-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհրդի առաջին նիստը, որի ավարտից հետո այդ մարմինը, իմա՝ Եվրամիությունը պաշտոնական հաղորդագրությամբ իր աջակցությունը հայտնեց Հայաստանին՝ ինչպես ներքին բարեփոխումների, այնպես էլ արտաքին քաղաքական կարևորագույն ուղղություններով։ Այդ միջոցառումից հետո նաև ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը իր աջակցությունը հայտնեց Հայաստանին՝ գրեթե նույն շեշտադրումներով՝ զորակցելով Հայաստանի իշխանության բոլոր նախաձեռնություններում։

Անցած շաբաթ հայտնի դարձավ նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի սկզբին կարող է մասնակցել ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին։ Մամուլի այդ տեղեկատվությունը պաշտոնապես չհերքվեց, այսինքն՝ մեծ հավանականությամբ վարչապետի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կայանալու է։ Արդեն տեղի ունեցած Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը, դրան հաջորդած բարձր մակարդակի հայտարարությունները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի առաջիկա հայտարարված այցը Բրյուսել և հնարավոր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին էական շեշտադրումներ են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։

Հայաստանը նախորդ երկու իշխանությունների պաշտոնավարման շուրջ 20 տարիներին գտնվել է Ռուսաստանի տոտալ ազդեցության տիրույթում։ Ռուաստանը տիրապետել է ներհայաստանյան ամենայնին՝ սկսած ռազմավարական նշանակության օբյեկտներից ու տնտեսական ենթակառուցվածքներից, մինչև քարոզչությամբ մանիպուլացված հանրային գիտակցություն։



Սա օբյեկտիվ իրողություն է, որի հետ նոր իշխանությունը հաշվի չնստել չի կարող։ Նույնպիսի օբյեկտիվ իրողություն է վերը նշվածի հետևանքը հանդիսացող Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

Միանգամայն հիմնավոր ու կրկին օբյեկտիվ հիմք ունեն նոր իշխանության հայտարարությունները այդ ձևաչափերում Հայաստանի փոխգործակցությունը շարունակելու մասին։ Հակառակը, միանգամից արտաքին քաղաքական դոկտրինի փոփոխությունը կարող էր վտանգավոր, չափազանց վտանգավոր լինել Հայաստանի համար։ Մենք տեսել ենք ռուսական հրահրմամբ տեղի ունեցած ապրիլյան պատերազմ, արդեն մեկ ամիս Նախիջևանում կուտակվող ադրբեջանական զորքը վկայում է, որ կարող է ցանկացած պահի տեղի ունենալ նաև եռակողմ՝ ռուս-թուրք-ադրբեջանական սադրանք։ Այսինքն՝ վտանգներն ու սպառնալիքները չափազանց առարկայական են ու իշխանության զգուշավորությունը ռուսական ուղղությամբ արդարացված է։ Բայց սա կարճաժամկետ հեռանկարին վերաբերող իրականություն ու իրավիճակ է։ Եվ այս իրավիճակը չպետք է խոչընդոտի Հայաստանի զարգացման երկարաժամկետ, ռազմավարական հեռանկարին ու համապատասխան սցենարների մշակմանը։

Արդյոք երկարաժամկետ, ասենք 5 կամ 10 տարիների կտրվածքով ևս Հայաստանը շարունակելու է իր անդամակցությունը ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին և արդյոք դա կարող է նպաստել ու չխոչնդոտել Հայաստանի զարգացմանը։ Քաղաքական բանականություն ու ադեկտվատություն ունեցող ցանկացած մեկը այդ հարցին միարժեք բացասական պատասխան կտա։ Հետևաբար Հայաստանի զարգացման ռազմավարական տեսլականը եվրասիական տնտեսական տիրույթն ու ՀԱՊԿ-ական կեղծ անվտանգության համակարգը չէ։ Իսկ եթե դա չէ, ուրեմն հակառակն է, քանի որ, լավ է դա, թե վատ, այդպիսին է ներկայիս աշխարհակարգը։ Հայաստանի երկարաժամկետ, ռազմավարական զարգացումը եվրոպական ընտանքին լիիրավ անդամակցությունն ու ժամանակակից համաշխահային անվտանգության համակարգին՝ ՆԱՏՕ-ին ինտեգրումն է։ Անդամակցության, թե այլ ձևաչափերով, այլ հարց է։

 



loading...

Փակել