loading...

Ի՞նչ է ակնարկում Մակրոնը. նոր ինտրիգ ԼՂ խնդրում



Դիտումներ ` 1287
Ի՞նչ է ակնարկում Մակրոնը. նոր ինտրիգ ԼՂ խնդրում

Դեռ քննարկվում էր Իլհամ Ալիևին հասցեագրված Դոնալդ Թարմփի ուղերձը, երբ վերջինիս երեկ երկրորդեց Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին հղած նամակում հայտարարել է, որ Փարիզը ջանք չի խնայի բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը միշտ կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը ապագա մարտահրավերների լուծման և Եվրամիության հետ հետագա մերձեցման գործընթացում: Միևնույն ժամանակ` Մակրոնը հույս է հայտնել` Ալիևին հանդիպել հուլիսին, Փարիզում:

Այս օրերին Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ավելի բացել է փակագծերը` ասելով, որ ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտության համար լուծում չէ: «Հուսով ենք, որ առաջիկա ամիսներին այս հակամարտության լուծման համար ակտիվ աշխատանք կսկսվի»,-այսօր Բաքվում ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Արդյո՞ք եք փոխկապակցված են Թրամփի և Մակրոնի ուղերձների ղարաբաղյան շետադրումները և առաջիկա ամիսներին կարգավորման գործընթացում պետք է ակնկալել արևմտյան համանախագահների դիվանագիտական կոնսոլիդացված ջանքերի, թե՞ ԼՂ խնդրի մասին ձևակերպումները տեղավորվում են, այսպես կոչված, դիվանագիտական ստանդարտի մեջ ու կիրառելի են միջնորդ երկրների նախագահների ուղերձներում: Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ:

 



Մի կողմից` Հայաստանում և Ադրբեջանում ընտրական ցիկլերի ավարտից հետո ենթադրվում էր դիվանագիտական աշխուժություն կարգավորման գործընթացում, մյուս կողմից` Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն և միջնորդներին գոնե որոշակի ժամանակ է պետք` այդ փաստը մարսելու, Երևանի նոր դիրքորոշումներին ծանոթանալու համար: Մյուս կողմից` խիստ հարաբերական է ստատուս-քվոյի մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարի ասածը: Խոսքն, ըստ ամենայնի, ոչ թե կարգավորման գործընթացը բովանդակային հարթության վրա զարգացնելու մասին է, այլ` տարածաշրջանային համատեքստի:

ԼՂ խնդիրը մոտ ապագայում լուծման հեռանկար չունի, որովհետև անգամ տեսանելի չեն այն մեխանիզմները, որոնք գոնե պարբերական կարող են դարձնել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումները: Էլ չենք խոսում ավելի խորքային հակասությունների մասին, որոնք վերաբերում են կարգավորման գործընթացի ձևաչափին ու բովանդակությանը: Այս պարագայում խոսք կարող է գնալ ավելի գլոբալ` տարածաշրջանային ստատուս-քվոյի պահպանման կամ դրա փափոխության անհրաժեշտության մասին:

Երբ Ժան-Իվ Լե Դրիանն ասում է, որ ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտության համար լուծում չէ` ենթադրաբար ակնարկում է հակամարտության մենեջմենթի փոփոխության անհրաժեշտության մասին:


Ներկայումս այդ դերակատարությունը վերապահված է Ռուսաստանին, որը ռեգիոնում իր ազդեցությունը պահպանում է դրա տոտալ միլիտարիզացիայի միջոցով, ինչը լրջագույն ռիսկեր է ծնում` նոր, լայնածավալ պատերազմի վերսկսման առումով:

Վաշինգտոնն ու Փարիզն այս առումով իսկապես հակված են ստատուս-քվոյի փոփոխության` տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պատկերացնելով միջազգայնորեն երաշխավորված գործիքակազմի շնորհիվ: Պատահական չէ, որ առաջնագծում վստահության մեխանիզմների ներդրման մասին Վիեննայի պայմանավորվածությունները հենց ամերիկյան նախաձեռնության հետևանք էին:

Ըստ ամենայնի` Թարմփի և Մակրոնի ուղերձները հենց այս տրամաբանության համատեքստում են, ինչը կարգավորման գործընթացի բովանդակության տեսանկյունից ենթադրում է հենց այսօրվա իրողությունների փաստացի միջազգային ճանաչում, ամրագրում: Համենայն դեպս, պաշտոնական Վաշինգտոնը և Փարիզը քանիցս հայտարարել են, որ Վիեննայի պայմանավորվածությունները մնում են իրենց օրակարգում: Այս լույսի տակ ավելի տեսանելի են դառնում Թրամփի ու Մակրոնի ուղերձների դիվանագիտական տողատակը:

http://www.1in.am/2360295.html

 


loading...

Փակել