Երեկ Ազատության հրապարակում հացադուլ է սկսել Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «Սերժ, գնա» կարգախոսով: Արամ Հարությունյանը կառավարման կարգի փոփոխությունից ամենաշատ տուժած քաղաքական գործիչներից մեկն է, որովհետեւ նա սովորաբար առաջադրվում էր նախագահական ընտրություններին, իսկ ներկայում այդ ընտրությունները վերացվել են:
Բայց խնդիրը տվյալ դեպքում այլ է. նրա քայլն «արմատականացնում» է Ազատության հրապարակը, որտեղ մի քանի ընդդիմադիր խմբեր պատրաստվում են հանրահավաքներ անել Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու համար: Ապրիլի 13-ից սկսած նրանք փաստացի միատեղվելու են հրապարակում:
հրապարակում:Այս խմբերի միջեւ նշմարվում են համագործակցության հեռանկարներ, եւ նրանց միավորող երկու հանգամանք կա՝ առաջինը Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալն է, երկրորդ՝ բոլորն իրենց գործողությունների արդյունքը պայմանավորում են նրանով, թե որքան մարդ կհավաքվի հրապարակում:
Այստեղ էլ թաքնված է ինտրիգը՝ ինչ է լինելու այն դեպքում, երբ իսկապես շատ մարդ հավաքվի: Եվ ներիշխանական ու դրանից դուրս ինչ նոր խմբեր են այդ դեպքում մտնելու ասպարեզ:Շատ մարդու հավաքվելը դեռեւս հաջողության երաշխիք չէ, եւ դա ցույց են տվել Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական զարգացումները:
Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող խմբերը քաղաքական պայքարի մեթոդաբանության ու տեխնոլոգիաների առումով առայժմ նոր բան չեն առաջարկում, որը կարող էր անակնկալ լինել իշխանության համար:
Այս տեսակետից, չի բացառվում, որ Ազատության հրապարակում իրավիճակի արմատականացումն ու «շատ մարդ հավաքելը» իշխանությունը փորձի օգտագործել ստվերից ինչ որ խմբերի հանելու եւ «մարգինալ խմբերի» համար ծուղակ դարձնելու նպատակով, որոնց անդրադարձել էր Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում:Ազատության հրապարակում իշխանությունը նման հարցերում մեծ փորձ ունի: