Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում Իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը կիրականացնի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը։ Այդ մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարարությունն ու իրանական ընկերությունը, որը հաղթել է կամրջի շինարարության մրցույթը:
Թեեւ իրանական ընկերությունը կամրջի շինարարությունը կիրականացնի մրցույթին հաղթելու շնորհիվ, բայց խիստ խորհրդանշական է, որ Հայաստանն ու Վրաստանը կապող այդ կամուրջը կառուցելու է հենց Իրանը: Կամուրջ ներկայում էլ կա, սակայն խոսքը նոր եւ արդիականացված հաղորդուղու մասին է, որը առավել համարժեք կլինի այն ներուժին, որ առկա է Հայաստան-Վրաստան կոմունիկացիոն ոլորտում: Ընդ որում, բոլոր ուղղություններով` տնտեսություն, քաղաքականություն, ռեգիոնալ քաղաքականություն եւ անվտանգություն:
Իրանն այն սուբյեկտն է, որը էապես բարձրացնում է հայ-վրացական փոխադարձ, լայն եւ համակողմանի հաղորդակցության ներուժն ու ընդհանրապես նշանակությունը, այն երկկողմից վերածելով թե ռեգիոնալի, թե աշխարհքաղաքականի:
Իհարկե, այստեղ անշուշտ առկա է կոնկրետության խնդիր: Ներուժն առկա է, բայց այն զարգանում է բավական դանդաղ: Համենայն դեպս, իրականացման փուլում է թերեւս միայն Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որը Հայաստանում խոշորագույն ճանապարհաշինական ծրագիր է, սակայն շատ դանդաղ իրականացվող:
Պարզ չէ, թե ինչպիսին է վիճակը գազային բնագավառում: Դեռեւս նախորդ կառավարության պաշտոնավարման ժամանակաշրջանում սկսվեց խոսակցություն Իրանի գազը Հայաստանի տարածքով փոխանակման տարբերակով Վրաստան առաքելու մասին: Թբիլիսին այդ կապակցությամբ բանակցել էր Գազպրոմի հետ, առանց որի այդ փոխանակումը չի կարող տեղի ունենալ տեխնիկապես: Հայաստանն էլ ստեղծեց Էներգաիմպեքս 100 տոկոս պետական բաժնեմասով ընկերություն, որն իրավունք ուներ Իրանից գնել գազն ու վաճառել երրորդ երկրների: Իրանի էներգետիկայի ոլորտի պաշտոնյաները հայտարարեցին նույնիսկ պիլոտային պայմանագրի մասին:
Ներկայում սակայն պարզ չէ, թե ինչ ընթացք ունեցավ այդ գործընթացը: Փոխանակման տարբերակով գազի առաքում կարծես թե տեղի չի ունենում: Արդյոք պատճառն այն է, որ կողմերը չպայմանավորվեցին գնային հարցում: Չորս մասնակցից որտե՞ղ է ավելի շատ խոչընդոտը՝ Հայաստանու՞մ, Իրանու՞մ, Գազպրոմու՞մ, թե Վրաստանում:
Օրերս Վրաստանը տեղեկություն հրապարակեց, որ երկրի գազի 99 տոկոսից ավելին մատակարարելու է Ադրբեջանը, իսկ մնացյալ մոտ մեկ տոկոսը կծածկվի ներքին աղբյուրներով:
Միեւնույն ժամանակ, կասկածից վեր է, թերեւս, որ Վրաստանի համար Իրանը գազի ցանկալի աղբյուր է, քանի որ կնպաստի Ադրբեջանից կախվածությունը հաղթահարելուն: Գազպրոմի հետ վրացական կողմը չի ցանկանում պայմանավորվածություն ձեռք բերել, քանի որ դա առաջացնում է ընդդիմության խիստ դժգոհությունը:
Միեւնույն ժամանակ, օգոստոսին հայկական կողմն առաջին անգամ նախագահի մակարդակով անդրադարձավ Իրանից նոր՝ տարանցիկ գազամուղի կառուցման հարցին: Օգոստոսի 5-ին Թեհրան մեկնելուց առաջ հարցազրույց տալով իրանական մամուլին եւ պատասխանելով նոր գազամուղի մասին հարցին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի համար դա ողջունելի է եւ եթե հաշվի են առնվում բոլոր կողմերի շահերը, ապա Երեւանը միարժեք կողմ է տարանցիկ նոր գազամուղի կառուցմանը:
Թե որոնք էին բոլոր կողմերը, այդքան էլ պարզ չէր, բայց Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին ակնարկում էր երկու բան. նախ Ռուսաստանը կամ Գազպրոմը, եւ երկրորդ՝ Եվրամիությունը: Բանն այն է, որ Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ գազամուղը թերեւս իմաստ կստանա այն դեպքում, երբ Եվրոպան պատրաստ է գնել իրանական գազը:
Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին ակնարկում էր Իրանին, որ Թեհրանը պետք է պայմանավորվի Ռուսաստանի ու Եվրամիության հետ, ու քանի դա չկա, Երեւանն ավելին չի ասի, որպեսզի խնդիրներ չունենա Մոսկվայի հետ:
Ըստ երեւույթին դա է պատճառը, որ դեկտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանի վրացական այցի օրակարգում որեւէ խոսք չկար գազամուղի մասին, փոխարենը Սարգսյանը հայտարարեց, թե քննարկել են երկկողմ տարանցիկ տրանսպորտային հնարավորությունները զարգացնելու հարցը:
Իրան-Հայաստան-Վրաստան տնտեսա-քաղաքական, հաղորդակցային առանցքը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն հարավից դեպի հյուսիս-արեւելք՝ Եվրամիություն հաղորդուղիների բազմազանության համար, ընդհուպ չինական Մեծ Մետաքսի ճանապարհի ուղիներից մեկը լինելու առումով, այլ նաեւ Կովկասում իրավիճակը հավասարակշռելու համար:
Արեւմուտքի համար դա առաջին հայացքից չնշմարվող, սակայն շոշափելի խնդիր է, քանի որ հիմնական հաղորդուղիները գտնվում են թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքին, որն էլ դրա շնորհիվ ավելի ու ավելի մեծացող քաղաքական ազդեցություն է ձեռք բերում Կովկասում Եվրատլանտյան միակ հենարանի՝ Վրաստանի վրա, այդպիսով դառնալով նաեւ Եվրատլանտյան տնտեսա-քաղաքական համակարգի տարածաշրջանային քաղաքականության շոշափելի արգելակ: Այդ իմաստով, հայ-վրացական սահմանին Իրանի կառուցած կամուրջ կլինի այդ արգելակի յուրօրինակ խորհրդանշական ճեղքում: