loading...

Իրանի ու Իսրայելի միջեւ. Ինչ է «ընտրել» Հայաստանը



Դիտումներ ` 842
Իրանի ու Իսրայելի միջեւ. Ինչ է «ընտրել» Հայաստանը

2018 թվականի առաջին օրերը նշանավորվեցին Իրանում ցույցերով եւ տարածաշրջանում հնարավոր վերափոխությունների հանդեպ վերաբերմունքի ձեւավորման փորձերով: Հայաստանը պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել, սակայն փորձագետները հիմնականում համակարծիք են, որ Հայաստանին ձեռնտու չէ հարեւան Իրանում ապակայունացումը:

Ճիշտ է, ոչ բոլոր փորձագետներն են համաձայն, որ տարածաշրջանի ներկայիս իրավիճակն ու Իրանի քաղաքականությունը կարելի է «կայունություն» անվանել: Ներքին իրադրությունից, ԱՄՆ պատժամիջոցներից ու բազմաթիվ կոնֆլիկտային օջախներից բացի տարածաշրջանում կայունության բացակայության նշաններից մեկն Իրանի ու Իսրայելի թշնամական հարաբերություններն են: Հենց այդ առճակատումից ելնելով շատ երկրներ հարկադրված են սեփական քաղաքականությունը կառուցել հարեւանների հետ:

Օրինակ, Հայաստանի վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ մեծապես կախված է Հայաստանի եւ Իրանի հարաբերություներով: Վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունների մասին շատ է խոսվում, հատկապես Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու Իսրայելի փորձերի լույսի ներքո: 



Փորձագետները, սակայն, նշում են, որ Հայաստանը հարեւանների հետ հարաբերությունները կառուցելիս հաճախ քաղաքական կախվածության մեջ է հայտնվում երրորդ երկրների հակամարտություններից: Դա նվազեցնում է Հայաստանի սուվերեն քաղաքական ներուժը:

Հակամարտող կողմերից յուրաքանչյուրը փորձում է Հայաստանն ու մյուս երկրներն իր «կողմ քաշել»: Օրինակ, Իսրայելը Հայաստանին զգուշացնում է տարածաշրջանում Իրանի ռազմական ներկայության ընդլայնման սպառնալիքի մասին, իսկ Իրանն իր հերթին Հայաստանին զգուշացնում է Կովկասում «սիոնիստական ռեժիմի» գործողությունների մասին:

Փորձագետները նշում են, որ եթե Իրանի ու Իսրայելի միջեւ ջրբաժանը հանվի, եթե նրանց միջեւ առճակատումը թուլանա, այլ պատեր ու արգելապատնեշներ եւս կարող են վերանալ:

Հայաստանը հավանություն տալի՞ս է Իրան-Իսրայել առճակատման «կայուն» գծին եւ դատապարտու՞մ է Իրանում ցույցերը, որոնք, ինչպես ասում են, կարող են հանգեցնել այդ գծի վերացմանը: Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե Իրանը փոխի իր քաղաքականությունը, Իրանն ու Իսրայելը նախկինի պես բարեկամություն կանեն:


Հայաստանն թույլ, սակայն որոշ քայլեր անում է, որոնք դուրս են «առճակատման» գծից: Հայաստանի հրեական համայնքը ցանկանում է Վայոց ձորի Եղեգիս գյուղում հրեական թանգարան ստեղծել: Այդ մասին News.am-ի հետ զրույցում հայտնել է հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

13-14-րդ դարերի հին հրեական գերեզմանոցը հայտնաբերվել է 1997 թվականին: «Մեծագույն ափսոսանքով պիտի նշեմ, որ մեզ մոտ հրեական կենտրոն չկա: Մենք հույս ունենք, որ թանգարանում գիտաժողովներ, սիմպոզիումներ կանցկացվեն: Շատ մեծ հույս ունենք, որ Մատենադարանը մեզ հնարավորություն կընձեռի ունենալու այնտեղ պահպանվող բազմաթիվ հրեական ձեռագրերի սլայդները», ասել է Վարժապետյանը:

Փաստացի, Հայաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ ինչ-ինչ պատճառներով հրեական կենտրոն չկա: Դժվար է ասել, արդյոք դա պայմանավորված է Հայաստանի եւ Իրանի բարեկամական հարաբերություններով: Ակնհայտ է սակայն, որ Հայաստանի համար «կայունությունը» ոչ թե Իրանի ու Իսրայելի միջեւ առճակատումն է, այլ լարվածության թուլացումը, եւ Հայաստանը կարող է դեր խաղալ դրանում: Ժամանակն է, որ Հայաստանը դադարեցնի իր հարեւանների հետ հարաբերությունները պայմանավորել երրորդ երկրների դիրքորոշմամբ:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/167776


loading...

Փակել