«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1990-1999թթ. ԳԽ և ԱԺպատգամավոր Երջանիկ Աբգարյանը։
-Պարոն Աբգարյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հակառակորդի մեծ կուտակումները և զորքերի տեղաշարժերը: Արդյո՞ք սա կարող է պատերազմի նախապատրաստություն լինել, թե՞ պարզապես ուժի ցուցադրություն է:
-Արտաքնապես և՛ մեկը, և՛ մյուսը: Բայց կարևորն այն է, թե ինչո՞ւ այդ աննախադեպ լայնամասշտաբ կուտակումերն ու տեղաշարժերը թափ առան հենց վերջին ամիսների ընթացքում, երբ Հայաստանում սկսվեց հեղափոխական շարժումը, և տեղի ունեցավ իշխանափոխություն: Այս առումով դիտարկելով Ադրբեջանի հիշյալ գործողությունները, խաբուսիկ տպավորություն է առաջանում, թե դա ուղղակի «ուժի ցուցադրություն» է կամ «պատերազմի նախապատրաստություն»: Ժողովրդական խոսք կա, թե «պատից կախված հրացանը մի օր կրակելու է»: Հարցն այն է, թե Ադրբեջանի համար արդյոք եկե՞լ է տասնյակ տարիներով կուտակվող զենքը գործի դնելու ժամանակը: Միաժամանակ, արդյո՞ք ներքին և արտաքին պայմանները նպաստավոր են Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու գործում:
–Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել Ադրբեջանի կողմից նման կուտակումները: Հնարավոր համարո՞ւմ եք, որ գերտերություններից որևէ մեկը, ասենք, Ռուսաստանը, աջակցի կամ հրահրի նոր ռազմական գործողություններ:
-Իրականությանը պետք է բաց աչքերով նայել և ցանկալի երևակայությունների գրկում չմնալ: Սա վերաբերում է հատկապես հայ զինվորականությանը և քաղաքական ղեկավարությանը: Անցած երկու տասնյակ տարիներին երբեք միջազգային հարաբերությունների լարվածությունն այնքան չի սրվել, ինչպես հիմա է՝ արևմտյան միասնականությունը ճեղքեր է տվել, ընթանում է տնտեսական պատերազմ, ավելացել են տեղական հակամարտությունների թիվը և սրվածությունը, միլիտարիզացիայի ախտով են վարակվել որոշ գերտերություններ և այլոք, և այլն, այլն:
Մեզ համար առավել վտանգավորն այն իրողությունն է, որ մեր տարածաշրջանում, փաստորեն, արդեն ձևավորվել է մի նոր հակահայ «եռյակ միություն»՝ ի դեմս Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, որոնց տնտեսական և քաղաքական շահերը համակողմանիորեն համընկնում են: Կարճ ասած՝ միջազգային սրվող այս և այսպիսի այլ իրողությունների հաշվառմամբ է Ադրբեջանը զարգացնում իր վերոհիշյալ ագրեսիվ սպառնալիքները՝ վստահ լինելով, որ այդ եռյակի իր դաշնակիցները և միջազգային աղմկոտ անտարբերությունը կնպաստեն մարսել «կատարված փաստը»: Մյուս կողմից, չմոռանանք ռուս կայսերապաշտների ավանդական ոխակալությունը և հայկական հեղափոխության նկատմամբ նրանց վատ քողարկված ատելությունը: Իրադրությունը համարում եմ շատ վտանգավոր:
-Այս պայմաններում ո՞րը պետք է լինի Հայաստանի անելիքը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական դաշտում:
-Դեռ չեմ համարում, որ այդ անելիքների բացահայտ թվարկման կարիքը կա հատկապես նշված դաշտերում: Նախ և առաջ, Հայաստանի նոր ղեկավարությունն է պարտավոր գիտակցել ստեղծված ծայրաստիճան վտանգավոր դրությունը և ըստ այդմ որոշումներ կայացնել երկրի ներքին և արտաքին իրադրությունը համապատասխանեցնելու ստեղծված իրավիճակի պահանջին: Քաղաքական առումով, կարծում եմ, ներկայումս շտապ ու վճռական քայլերով է պետք իրականացնել իշխանական հիերարխիայի կայունացում:
-Շատերը նշում են, որ հեղափոխությունից հետո Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրապնդվել են՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում ժողովրդավարություն է, Ադրբեջանում՝ բռնապետություն: Ինչպե՞ս եք գնահատում այդ գործոնի դերը, մի փոքր ուռճացված չէ՞ այն: Ընդհանրապես, հեղափոխությունից հետո բանակցային գործընթացն ի՞նչ ընթացք կարող է ունենալ:
-Դա այդքան էլ այդպես չէ: Արևմուտքն ունի իր հաշվարկը: Հայաստանի և հայերի առումով Արևմուտքը որոշակիորեն արժևորում է մեր բավականին ստվար և ազդեցիկ Սփյուռքը, հարավկովկասյան բարդ տարածաշրջանում և քրիստոնեա-իսլամական սահմանին գտնվելու հանգամանքը և այլևայլ մասնակի հանգամանքներ: Արևմուտքի համար չափազանց անընդունելի է այն, որ հայերն այդպես էլ չեն ուզում դուրս գալ ռուսական ազդեցության ոլորտից: Նրանք անլուրջ են համարում ռուսական արջի գրկում ժողովրդավարություն կառուցելու հայերի երազանքը: Իսկ ահա Ադրբեջանը համարվում է որոշակիորեն անկախ երկիր, որն իր անկախության ոչ մի բաղադրիչ չի զիջել Ռուսաստանին: Ադրբեջանցիները նավթ ու տարանցիկ կոմունիկացիաներ ունեն:
Ադրբեջանը կամրջի դեր է կատարում ԱՄՆ-ի համար Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ, մասնավորապես՝ Աֆղանստան և Կիրգիզիա մուտք գործելու հարցում: Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքը կտրական վերապահումներ ունի ժողովրդավարական հարցերում, թուրքական և իսլամական աշխարհներում նրա հաճախակիորեն անցանկալի դիրքորոշումների վերաբերյալ և այլն: Ահա այս և այլ իրողությունների հաշվառմամբ է Արևմուտքն արտահայտում իր չեզոք վերաբերմունքը հայ-ադրբեջանական բանակցությունների հանդեպ: Չնայած ներկայումս ես չեմ տեսնում այն օրակարգը, որը դրված կլինի բանակցությունների սեղանին, բայց և անհնար չեմ համարում կողմերի վերադարձը անցյալ դարի 90-ականների օրակարգին:
Միաժամանակ համարում եմ, որ այսօրվա հայ դիվանագիտությունը պատրաստ չէ նույնիսկ դրան: