loading...

Ինչպե՞ս քնել ամառվա շոգին. 9 օգտակար խորհուրդ



Դիտումներ ` 458
Ինչպե՞ս քնել ամառվա շոգին. 9 օգտակար խորհուրդ

Հայաստանի մարզերի մեծ մասում օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի, եւ մարդկանցից շատերն այսպիսի եղանակին բախվում են քնի հետ կապված խնդիրների։ NEWS.am Medicine-ը մի քանի օգտակար խորհուրդներ է ներկայացնում, թե ամառվա տապին ինչպես է կարելի ավելի հեշտ քնել։

1. Ննջասենյակը մթնեցրեք

Ամռանը ցերեկվա տեւողությունը երկարում է, մթնել է սկսում միայն ուշ երեկոյան։ Մեր օրգանիզմի համար չափազանց կարեւոր է, որ քնելիս շուրջը մութ լինի, քանի որ ցանկացած վառ լույս արգելակում է մելատոնինի, այսպես կոչված՝ քնի հորմոնի արտադրումը, առանց որի օրգանիզմը չի հասկանում, որ քնելու ժամանակն է։ Դրանից բացի, վառ լուսավորությունը մեծացնում է ուղեղի ակտիվությունը, վերացնում քնկոտությունը եւ էներգիա ու առույգություն հաղորդում։

Ամռանը հեշտ քնելու համար անհրաժեշտ է ննջասենյակը մթնեցնել, իսկ քնել պատրաստվելուց կես ժամ առաջ ցանկալի է չնայել վառ լույսին (նաեւ սմարթֆոնների, պլանշետների եւ համակարգիչների էկրանների լույսին)։

2. Քնելուց առաջ խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից

Մասնագետներից շատերը պնդում են, որ ցերեկը եւ երեկոյան սպորտով զբաղվելն ավելի լավ է եւ անվտանգ, քան առավոտյան։ Հիմա ցերեկվա ժամերին չափից ավելի շոգ է ֆիզիկական ծանրաբեռնվածությունների համար, սակայն խորհուրդ չի տրվում նաեւ ուշ երեկոյին թողնել, քանի որ օրգանիզմը կառույգանա, եւ քնելն ավելի կբարդանա։

 



3. Աշխատեք քնելուց առաջ չուտել

Կուշտ ընթրիքից հետո ստամոքսի ինտենսիվ աշխատանքը նպաստում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը։ Ե՛վ ստամոքսի աշխատանքը, ե՛ւ մարմնի բարձր ջերմաստիճանը ձեզ կխանգարեն շոգին քնել։ Այդ պատճառով աշխատեք ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ, ըստ որում՝ ցանկալի է, որ ընթրիքը թեթեւ լինի՝ չընդգրկելով այնպիսի մթերքներ, որոնք երկար են մարսվում՝ միս, կոշտ բանջարեղեն, յուղոտ եւ տապակած սնունդ։

4. Հրաժարվեք ալկոհոլից

Չնայած տարածված կարծիքին, ալկոհոլը նյարդային համակարգը չի հանգստացնում, հակառակը՝ գրգռում է, ուստի եթե երեկոյան խմեք, դա կխանգարի քնել, գիշերն էլ ընդհանրապես շատ անհանգիստ կանցնի։

5. Քնելուց առաջ կոֆեին մի՛ օգտագործեք

Քնելուց առաջ խորհուրդ է տրվում նաեւ սահմանափակել կոֆեինի օգտագործումը։ Մի՛ մոռացեք, որ կոֆեին է պարունակվում ոչ միայն սուրճի եւ թեյի մեջ. այն փոքր պարունակություն չունի նաեւ շոկոլադում, սպորտային կոկտեյլներում եւ քաղցր գազավորված ըմպելիքների շատ տեսակներում։

6. Քնից առաջ ցնցուղ ընդունեք

Քնելուց առաջ սառը ցնցուղ ընդունելը լավ գաղափար է։ Այն կօգնի շոգ օրից հետո թուլանալ եւ հեշտ քնել։

7. Սենյակը նախապատրաստեք

Եթե տանը օդորակիչ կա, դրա օգնությամբ քնելուց առաջ սենյակը հովացրեք, սակայն ցանկալի չէ այն գիշերը միացված թողնել։ Անկողինը բացեք դեռեւս մինչեւ օդորակիչը միացնելը, որ այն սառնությունը պահպանի։

Մահճակալի մոտ գտնվող պահարանի վրա կարելի է բամբակի կտոր դնել՝ մենթոլի լուծույթով թրջած, ինչպես նաեւ սառույցի խորանարդիկներով ափսե։ Սա կօգնի օդը խոնավեցնել եւ շնչառությունը թեթեւացնել։

8. Ընտրեք համապատասխան սպիտակեղեն

Հաստ ներքնակները, ծածկոցները եւ վերմակները ջերմությունը պահպանում են, ամռանն ավելի լավ է դրանցից հրաժարվել՝ փոխարինելով բամբակե կամ մետաքսե սավաններով եւ բամբակե թեթեւ ծածկոցով։

Ծղոտից կամ բամբուկից ներքնակը ամռան համար նույնպես լավ ընտրություն է համարվում, քանի որ մարմնի ջերմությունը չի պահպանում եւ ձեզ չի տաքացնի։

9. Քնեք բամբակյա հագուստով

Ոմանց կարող է թվալ, որ մերկ քնելը լավ գաղափար է, բայց իրականում մերկ քնելու դեպքում ավելի կշոգեք։ Ավելի ճիշտ կլինի բամբակյա գիշերազգեստ հագնել, սակայն ոչ մի սինթետիկ գործվածք, քանի որ դրանք չեն «շնչում», եւ դրանց մեջ էլ ավելի շոգ կլինի։

NEWS.am Medicine

loading...

Փակել