loading...

Ինչպես Մխիթարյանը ռեկորդ սահմանեց՝ հայտացուցակից դուրս մնալով



Դիտումներ ` 2641
Ինչպես Մխիթարյանը ռեկորդ սահմանեց՝ հայտացուցակից դուրս մնալով

Եվրոպական ֆուտբոլում տրանսֆերային պատուհանը դեռևս չբացված՝ մամուլում տեղեկություններ տարածվեցին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ այլ թիմ տեղափոխվելու վերաբերյալ: Հավանական էր համարվում Հայաստանի ազգային հավաքականի ավագի՝ վարձակալության հիմունքներով Միլանի «Ինտեր» տեղափոխվելը: Խոսվում էր, որ իտալական ակումբի ղեկավարները բանակցում են Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Ավելին, իտալական հեղինակավոր Corriere dello Sport-ը գրեց, որ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»:

Նշվում էր նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը և պատրաստ է հայ ֆուտբոլիստին այլ ակումբի տրամադրել 35 միլիոն ֆունտով: Ավելի ուշ բրիտանական daily Star պարբերականը տեղեկություն տարածեց, որ Մխիթարյանը 2018-ի հունվարին ամենայն հավանականությամբ կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելին, նշվում էր, որ հայ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել միանգամից 10 ակումբներ՝ «Բորուսիան», «Ինտերը», «Արսենալը», «Միլանը», «Տոտենհեմը», «Էվերթոնը», «Վեսթ Հեմը», «Վալենսիան», «Սևիլիան» և «Ատլետիկոն»:

Daily Star-ի այս հրապարակումն իրական աժիոտաժ առաջացրեց ֆուտբոլասերների շրջանում: Այսօր դժվար է գտնել մի ֆուտբոլիստի, որի տրանսֆերը գնելու ցանկություն հայտնեն միանգամից 10 ակումբներ: Կարճ ժամանակ «Յունայթեդի» հայտացուցակից դուրս մնալով՝ Մխիթարյանը ըստ էության ռեկորդ սահմանեց: Ու մինչ մամուլը Մխիթարյանին տեղափոխում է այս կամ այն թիմ, մեր ֆուտբոլիստը սկսեց խաղալ ու նույնիսկ գովեստի խոսքերի արժանացավ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կողմից:



Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Բարնլիի» հետ խաղի երկրորդ կեսում դուրս գալով փոխարինման՝ Մխիթարյանն էապես նպաստեց «Յունայթեդի»՝ պարտությունից խուսափելուն: Այս մրցավեճում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առաջին կեսից հետո պարտվում էր 2:0 հաշվով: «Լինգարդի հետ երկրորդ կեսում ասպարեզ դուրս եկած Մխիթարյանն էլ աշխուժացրեց խաղը: Այս շրջանում խաղային գրաֆիկը խիստ հագեցած է: Այս առումով, սակայն, բոլոր թիմերն էլ հավասար են: Այսօր մենք ավելի լավ տեսք ունեինք դաշտում, և կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» արժանի էր հաղթանակի»,- ասել էր Մոուրինյոն:

Սթափ գնահատելով իրավիճակը՝ կրկին անգամ համոզվում ենք, որ Մխիթարյանին «Յունայթեդից» այլ թիմ ուղարկելը 80 տոկոսով լրագրողների և վերլուծաբանների մտքի փայլատակումների հետևանք է: Երբ շատերի համար հավանական էր թվում Մխիթարյանի՝ Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալը, այս թիմի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում ի չիք դարձրեց այդ խոսակցությունները: «Մխիթարյանի՝ «Բորուսիա» վերադառնալու մասին խոսակցությունները մեծ երևակայության հետևանք են: Հայ ֆուտբոլիստի Դորտմունդ վերադառնալը շատ քիչ է հավանական: Ամեն դեպքում չի կարելի ամբողջովին բացառել, որ մի օր Մխիթարյանը նորից հանդես կգա «Բորուսիայում»»,- ասել էր Վացկեն:


Նշենք, սակայն, որ Վացկեի հայտարարությունից հետո շատ լրատվամիջոցներ շարունակում էին Մխիթարյանին ուղարկել Դորտմունդ: Մեկնարկային կազմից դուրս մնալու հետևանքով նման ուշադրության արժանանալը խոսում է հայ ֆուտբոլիստի մեծության մասին: «Յունայթեդի» հայտացուցակից շարունակ դուրս են մնում պաշտպաններ Դարմիանը, Բլինդը, Շոուն, բայց նրանց անվան շուրջ նման աժիոտաժ չի առաջանում: Յուրաքանչյուր մարզիկի կարիերայում լինում են վերելքի և անկման ժամանակահատվածներ: Մարզիկի մեծությունն ու պրոֆեսիոնալիզմը կայանում է նրանում, որ անկման ժամանակահատվածները կարճ տևեն: Իրական պրոֆեսիոնալ են այն մարզիկները, որոնք չեն ընկճվում և, հաղթահարելով դժվարությունները, սահուն կերպով վերադառնում են շարք:

«Բորուսիայից» տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Մխիթարյանին անմիջապես չհաջողվեց տեղ գտնել թիմի հիմնական կազմում: Մեր ֆուտբոլիստը պայքարեց՝ դառնալով հեղինակավոր ակումբի մի մասնիկը: Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագը պայքար է մղում նորից հիմնական կազմ վերադառնալու համար: Վստահ ենք, որ մեր մեծ պրոֆեսիոնալը կրկին կապացուցի, որ կարևոր նշանակություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Հուսանք նաև, որ Մխիթարյանը կօգնի Հայաստանի ազգային հավաքականին հաղթել Ազգերի լիգայի խաղարկությունում, որը կմեկնարկի 2018-ի սեպտեմբերին:

http://www.1in.am/2272693.html


loading...

Փակել