loading...

Ինչո՞ւ է աղմկում Բաքուն․ պատերազմի նախապատրաստությո՞ւն, թե՞ խուճապ



Դիտումներ ` 829
Ինչո՞ւ է աղմկում Բաքուն․ պատերազմի նախապատրաստությո՞ւն, թե՞ խուճապ

Ադրբեջանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետի վերջին այցը Ղարաբաղ «սադրանք է՝ ուղղված խաղաղ բանակցությունների տապալմանը» և կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին «համարժեք արձագանք տալ»:

«Հայաստանի իշխանության սադրիչ այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ և ագրեսիվ հայտարարությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում կայանալիք հանդիպումից առաջ, ի ցույց են դնում իրավիճակը միտումնավոր սրելու՝ Հայաստանի ղեկավարության մտադրությունը»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արցախում էր, որտեղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ու Հայաստանի ու պաշտպանության նախարարների ուղեկցությամբ եղել է առաջնագծում, որից հետո ֆեյսբուքյան տեսաուղերձում, մասնավորապես, ասել է․ «Առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կայուն կարելի է համարել այդ իրավիճակը և վերահսկելի: Հայաստանի Զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխան են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին․․․ Մենք պատրաստ ենք խաղաղության, իրապես խաղաղ բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի: Սա շատ կարևոր արձանագրում է, և կարծում եմ, որ այս արձանագրումը պետք է բոլորին հստակ լինի Հայաստանում և նրա սահմաններից դուրս»:



Բաքուն, ըստ էության, արձագանքում է Փաշինյանի այս այցին ու հայտարարությանը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ոչ առաջին և ոչ էլ՝ վստահաբար վերջին ղեկավարն է, որն այցելում է առաջնագիծ ու հանդես է գալիս հայտարարություններով։ Նախկինում էլ հնչել են նման հայտարարություններ, որոնք գուցե բովանդակային առումով ավելի կոշտ են եղել, քան այն, ինչ հնչեցրեց Հայաստանի վարչապետը նախօրեին։

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանը ոչ բոլոր դեպքերում է նման կոշտ հայտարարություններով անդրադարձել Հայաստանի ղեկավարների՝ Արցախ կատարած այցերին։ Օրինակ՝ Բաքուն գրեթե անարձագանք թողեց Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ՝ նրա վարչապետ ընտրվելու հաջորդ օրը։ Չնայած իր առաջին այցի ժամանակ Փաշինյանը հանդես էր եկել ավելի կարևոր հայտարարությամբ՝ կարևորելով Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին։

Ընդ որում՝ Բաքուն «իրավիճակը միտումնավոր սրելու» մեղադրանք է ներկայացանում Երևանին՝ այն պարագայում, երբ նյույորքյան հանդիպմանն ընդառաջ խոշոր զորավարժություն է անցկացնում՝ նաև հետևողականորեն թիրախավորելով Հայաստանի պետական սահմանը, ինչի հետևանքով հայկական կողմն առաջնագծում երեկ կորուստ է ունեցել։

Այս պարագայում ինչո՞ւ է աղմկում Բաքուն, արդյո՞ք առիթը միայն արտգործնախարարների հերթական հանդիպումն է, որից առաջ Ադրբեջանը փորձում է որոշակի քարոզչական ֆոն ստեղծել, թե՞ այլ լուրջ պատճառներ կամ հեռահար նպատակներ կան։


Բաքվի հռետորաբանությունը կոշտացել է հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվեց Մոսկվայում և Փարիզում՝ հանդիպումներ ունենալով նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի հետ։ Արդյո՞ք այս հանդիպումներում քննարկվել է ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող փաստաթուղթ կամ ուրվագծվել է կարգավորման այնպիսի հեռանկար, որը կարող էր անհանգստացնել Բաքվին, ու հիմա Ադրբեջանի իշխանությունները փորձում են ագրեսիվ քաղաքականությամբ փոխել իրենց համար զարգացումների անբարենպաստ սցենարը։

Տեսականորեն նման հնարավորություն, իհարկե, կա, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպումից հետո Փարիզում մի քանի ինքնավստահ հայտարարություններ արեց ԼՂ խնդրով, երբ հանդիպում էր հայ համայնքի ներկայացուցիչներին։

Մյուս կողմից՝ երեկ ինքնավստահ հայտարարություններով հանդես է եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ թափանցիկ ակնարկ անելով, թե իր երկիրը պատրաստվում է պատերազմի։ Ըստ այդմ՝ միանգամայն քննարկելի է նաև այն վարկածը, որ գուցե Ադրբեջանը փորձում է օգտվել Հայաստանի արտաքին քաղաքական որոշակի խնդիրներից, որոնք առկա են հատկապես հայ-ռուսական հարաբերություններում և մեծացնել ճնշումը Հայաստանի ու միջնորդների վրա։

Հատկանշական է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ Երևանի ու Բաքվի հռետորաբանությունը բացարձակապես բարենպաստ չէ կառուցողական բանակցությունների համար։ Համենայնդեպս, այնպիսի տպավորություն է, որ մոտ ապագայում պատերազմն անխուսափելի է, ու կողմերը միջազգային հանրությանն ու իրենց հասարակություններին նախապատրաստում են ռազմական գործողությունների։


loading...

Փակել