Մարդկանց՝ հոգեբաններին դիմելու պատճառները կախված են նրանց տարիքից: Ավելի հասուն տարիքի մարդիկ հոգեբանների մոտ սովորաբար գնում են ընտանիքում չհասկացված լինելու, ինչպես նաև քրոնիկական հոգնածության և իրենց աշխատանքից հաճույք չստանալու անկարողության պատճառով:
Երիտասարդների շրջանում ուրիշ պատկեր է: Նրանց մոտավորապես 1/3 մասը վստահ է, որ տառապում է կլինիկական ընկճախտով, մնացածներն էլ հոգեբանին այցելում են այնպիսի հարցերով, որոնց հավաքական անունն է «ինչո՞ւ ես պահանջված չեմ իմ շրջապատում»: Նրանց մի մասն իրեն մեղադրում է սեփական ամաչկոտության և գորշության համար, մյուս մասն անկեղծորեն չի հասկանում, թե ինչու լինելով այդքան կատարյալ՝ դեռևս երկրպագուներով շրջապատված չէ: Եվս մեկ հատված բողոքում է, որ մարդ չկա, ում հետ կարող է շփվել. շրջապատում բոլորը անհետաքրքիր ու մակերեսային մարդիկ են:
Եվ այսպես, ի՞նչ անել…
Նպատակ դրեք
Մարդկանց ատելը, նվնվալը, ձեռք առնելը և շարունակ թույն ժայթքելն այնքան հեշտ բան է, որ ստացվում է ինքնաբերաբար, եթե ձեր կյանքը ձեզ չի բավարարում: Իսկ եթե այն ձեզ չի բավարարում, կներեք, բայց դուք հիմար եք, որովհետև խելացի մարդը դոկտորական թեզ գրելուց առաջ, նախ՝ ինքն իրեն կապահովի Մասլոուի բուրգի ստորին մակարդակներով, այն է՝ սնունդով, գլխին տանիք ունենալով, անվտանգությամբ և հոգեբանական հարմարավետությամբ, որն իր մեջ ներառում է նաև շփման ուրախությունը: Հենց որ այս պնդումը ձեզ համար հասկանալի ու ընդունելի դառնա, ուրեմն դուք կատարեցիք առաջին քայլը: Հաջորդ քայլն ինքներդ ձեզ ու ողջ աշխարհին հայտարարելն է, որ դուք դադարում եք միզանտրոպ լինելուց և այսուհետ ձգտելու եք սիրել մարդկանց:
Ձեզ համար շրջապատ ընտրելու բարձր նշաձող սահմանեք
Կարծրատիպերը պնդում են, որ ընկերության որակը չափվում է նրա տարիքով, բայց դա այդպես չէ: Երբ դուք զարգանում եք, անխուսափելիորեն փոխվում եք, և նորմալ է, որ ձեր մանկապարտեզային ընկերներից մեկը, ասենք, սկսի ձեզ նյարդայնացնել կամ ձանձրացնել իր մանկամիտ պահվածքով:
Խղճահարությունից ելնելով շփվելը նույնքան զզվելի բան է, որքան բոլոր այն բաները, որոնք արվում են խղճահարությունից դրդված:
Երբ դուք հասկանում եք, որ ձեր շրջապատն արդեն ձեզ ուրախություն չի պատճառում, ուրեմն արդեն ժամանակն է փոխելու այն: Որոշ մարդիկ իրենց շրջապատում են ավելի աղքատ, հիմար կամ տգեղ ընկերներով, որպեսզի նրանց ֆոնին իրենք շահեկան դիրք ունենան: Մի արեք այդ սխալը: Աշխատեք հավասարվել լավագույն օրինակներին, և վաղ թե ուշ կբարձրացնեք ձեր նշաձողը, այն դեպքում, երբ շրջապատված լինելով տգետ ու թուլակամ մարդկանցով՝ դուք ինքներդ անխուսափելիորեն կդեգրադացվեք:
Անհետաքրքիր զրուցակիցներ չկան, կան անտաղանդ կոմունիկատորներ
Շատ հաճախ ինտելեկտուալ մարդիկ բողոքում են, որ իրենց համար անհետաքրքիր է մարդկանց մեծամասնության հետ շփվել, քանի որ վերջիններս տգետ են, ձանձրալի և կանխատեսելի: Հարգելինե՛ր, դժվար թե Շերլոկ Հոլմսը ձեզնից հիմար լիներ, բայց նրա համար հետաքրքիր էր մարդկանց հետ շփվել ու նրանց ուսումնասիրել: Փաստերը, որոնք մեկին անօգուտ են թվում ու հոգնեցնում են, մյուսի համար դառնում են նրա մտածողական գործընթացի համար հարմար նյութ: Կարելի է, իհարկե, վկայակոչել ժամանակներն ու բարքերը, բայց դա ձեզ ոչինչ չի տա:
Շփումը դարձրեք ձեր սիրելի սպորտաձևը
Ի վերջո, շփվելու հմտությունը կյանքում ամենաշատն է պետք գալիս, այլապես բավականաչափ ապաշնորհ մարդիկ լավ աշխատանք չէին ունենա ու ձեզնից շատ չէին վաստակի:
Հմտացեք արժանիքներ գտնելու գործում
Ինչպես ժամանակին մի շատ տաղանդավոր դերասան է ասել, անգամ ամենավատ դերասանից սովորելու բան կա: Նույն կերպ էլ ամենալավ մարդն անգամ թերություններ ունի: Պարզապես մարդու մեջ գտեք մի բան, ինչով դուք կարող եք հիանալ: Շփման մեջ հաճելի մարդիկ այդպիսի գծեր մարդու մեջ գտնում են ակնթարթորեն և դրանք օգտագործում՝ վերածելով հաճոյախոսության: Իսկ չպարտադրող հաճոյախոսությունը բացում է դեպի յուրաքանչյուր մարդու սիրտն ընկած դուռը, բնականաբար, եթե դուք անկեղծ եք այդ պահին: Կեղծ գովեստը միանշանակ հակառակ էֆեկտը կունենա:
Մի հակաճառեք տգետներին
Հիմարների հետ վիճելը բացարձակ անօգուտ զբաղմունք է: Պետք չէ նրանց հասու դարձնել վերին ճշմարտությանը. Միևնույն է, դա նրանք չեն հասկանալու, և իրենց պետք էլ չէ: Քննարկման մեջ մտեք նրանց հետ, ովքեր ունակ են գնահատել ձեր փաստարկները, իսկ հիմարներին պարզապես ուսումնասիրեք, որ հասկանաք, թե ինչի են նրանք ընդունակ և ինչպես նրանցից պաշտպանվել:
Այնպիսի տեսք ունեցեք, որ ձեզ հետ ցանկանան շփվել
Ինտելեկտուալները հակված են արտաքին տեսքի դերը թերագնահատել շփման մեջ, սակայն իզուր: Աչքի ընկնող տեսք ունեցեք, հագնվեք ճաշակով, և կտեսնեք, թե որքան մարդ կցանկանա շփվել ձեզ հետ:
Վերահսկեք ձեր դեմքի արտահայտությունը և մի գնացեք խնջույքի, եթե վատ եք զգում ձեզ: Նվնվացողները ոչ ոքի պետք չեն, հավատացե՛ք:
Մի գերագնահատեք խթանիչների դերը
Իհարկե, ուրախ ընկերախմբում 1-2 գավաթ կոկտեյլը ձեզ չի վնասի, բայց եթե խորը նայենք, նյութերը միավորվում են նյութերի հետ, այլ ոչ մարդկանց: Եթե դուք ձեր ընկերներին չեք կարողանում սթափ տեսնել, մտածեք, թե արդյո՞ք ձեզ պետք են նման ընկերներ:
Դարձիր աստղ
Եթե դուք իսկապես անհարմարություն եք զգում նոր ծանոթների հետ շփվելիս, չեք ուզում անցնել ուշադրություն գրավելու նվաստացուցիչ ճանապարհով, ուրեմն ելքը մեկն է. այնքան լավը դարձեք, որ մարդիկ իրենք ցանկանան ձեզ հետ շփվել, օրինակ՝
Արեք ամեն ինչ, որ ձեզ շահեկանորեն կառանձնացնի ընդհանուր հասարակական ֆոնից, և այդ ֆոնը հնազանդ ծառայի պես կընկնի ձեր ոտքերի առաջ:
Նյութի աղբյուր՝ http://168.am