Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, գանգրահեր տիկնիկ է նվեր ստացել։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում` հրապարակելով զվարճալի խաղալիքի լուսանկարը։
Տիկնիկի հագին ջինսե տաբատ է, սպիտակ վերնաշապիկ, պարանոցին` նուրբ վարդագույն շարֆ։ Կերպարն ամբողջացնում է «Դուխով» գրությամբ խոսափողը։
«Այսպիսի տիկնիկ եմ նվեր ստացել, շնորհակալ եմ Աննա Գիվարգիզյան ջան», — գրել է վարչապետի կինը։
Նա ավելացրել է, որ տիկնիկը պատրաստել է Լիդիա Հովհաննիսյանը, իսկ դիզայնի հեղինակը Ռուզաննա Հովհաննիսյանն է։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից մեկը` Մարիամ Աղաջանյանը, հունիսի 1-ին որոշել էր ինքնատիպ նվեր մատուցել սիրելի վարչապետին և իր պատրաստած տիկնիկները փոխանցել էր Փաշինյանին։ ՀՀ վարչապետը շնորհակալություն էր հայտնել նվերի համար, բայց հրաժարվել էր նվերն ընդունել։ Նա ասել էր` եթե ինքն ընդունի աղջկա նվերը, մյուս քաղաքացիներն էլ կշտապեն նվեր բերել, իսկ դա անընդունելի է։