Ռուսաստանում տեղի ունեցող Արմիա 2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին եւ անվտանգության թեմայով համաժողովին մասնակցելու համար ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հրավերով Մոսկվա մեկնած ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ռուսական երկու խոշոր պաշտպանական ձեռնարկությունների ղեկավարների հետ: Տոնոյանը հանդիպել է Ռոսոբորոնէքսպորտի եւ Ալմազ-անթեյ ընկերությունների ղեկավարների հետ:
Այդ հանդիպումներում քննարկվել է ռազմատեխնիկական գործակցության, ռազմարդյունաբերական արտադրանքի հանդեպ Հայաստանի հետաքրքրության հարցեր:
Մոսկվայում նաեւ ստորագրվել է հուշագիր՝ Royalsys Engineering ltd. Ընկերության եւ Կալաշնիկով կոնցեռնի միջեւ՝ Հայաստանում Կալաշնիկով ավտոմատների արտադրություն հիմնելու մասին: Մոսկվայում ցուցահանդեսին ներկայացվել է նաեւ հայկական ռազմարդյունաբերական արտադրանքը:
Մոսկովյան հանդիպումները հետաքրքրություն են ներկայացնում երկու առանցքային տեսանկյունից՝ Հայաստանի սպառազինության խնդիրներ եւ ռազմարդյունաբերական հեռանկար: Հայաստանը Ռուսաստանից սպասում է 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությանը, որի վերաբերյալ ռուսական մամուլում եղան տեղեկություններ, թե արգելակվում է: Հետո Հայաստանում ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքեց դա՝ ասելով, որ ամեն ինչ բնականոն ընթացքի մեջ է: Դրան հաջորդեց Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Մոսկվա բանակային միջազգային խաղերի առիթով, որի ընթացքում եղավ հանդիպում ՌԴ նախարարի հետ:
Այժմ կարճատեւ ժամանակ անց նոր այցի ընթացքում արդեն հանդիպումներ են լինում ռազմարդյունաբերողների հետ եւ այստեղ թերեւս առկա է հարց. արդյո՞ք Երեւանը բացի 100 միլիոնի համաձայնագրով նախատեսված սպառազինությունից քննարկում է նաեւ սպառազինության գնման այլ տարբերակներ, ինչով էլ պայմանավորված է Դավիթ Տոնոյանի հանդիպումը երկու առաջատար ձեռնարկությունների ղեկավարների հետ:
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարել են, որ ռազմա-տեխնիկական գործակցության մակարդակում կան հայ-ռուսական ուշագրավ քննարկումներ եւ մոտ ապագայում կլինեն հետաքրքիր նորություններ:
Մյուս կարեւոր հարցը ռազմարդյունաբերության ոլորտում գործակցությունն է, ինչը եւս ունի ռազմա-քաղաքական առանցքային նշանակություն: Ընդ որում, հարցը Երեւանն օրակարգ է բերել դեռեւս նախորդ իշխանության շրջանում: 2017 թվականի մարտին Մոսկվա կատարած այցից առաջ Սերժ Սարգսյանը հոդված հրապարակեց Իզվեստիա թերթում հայ-ռուսական հարաբերության առնչությամբ, որում առաջարկեց Գյումրիում ռուսական ռազմակայանի բազայի վրա ստեղծել ռազմարդյունաբերական համալիր, որի արտադրանքը հնարավոր կլինի իրացնել նաեւ ռեգիոնալ շուկաներում:
Ռուսաստանը այդ առաջարկին կարծես թե չի տվել նույնքան կոնկրետ պատասխան, մինչ այսօր: Դրա պատճառն այն է, որ Մոսկվան չի էլ քննարկե՞լ Սերժ Սարգսյանի առաջարկը, թե՞ հակառակը՝ այն քննարկման փուլում էր եւ հիմա շարունակվում է արդեն Հայաստանի նոր իշխանության հետ: Արդյո՞ք դրա մաս է կազմում Կալաշնիկովի հայաստանյան արտադրության մասին հուշագիրը:
Հայաստանի ռազմարդյունաբերական ներուժը բավական մեծ է եւ այստեղ թերեւս ավելացնելու բան չկա: Մյուս կողմից իհարկե շուկայում ուժեղ խաղացող գործընկերոջ առկայությունը կարող է տալ ներուժն ավելի արագ իրացնելու հնարավորությոն, իհարկե այստեղ ինքնիշխանության բաղադրիչի պարտադիր առկայության սկզբունքով:
Հայաստանում նոր իրավիճակը եւ նոր իշխանության հանգամանքը տեսականում կարող են լինել դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահությունից արված առաջարկի գեներացնող գործոն՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանը ներկայումս որդեգրել է առավել էֆեկտիվ եւ կոռուպցիայից զերծ կառավարման տրամաբանությունը: Առաջին հայացքից թվում է, թե ռուսական համակարգը սկզբունքորեն հակասում է այդ տրամաբանությանը:
Իրականում սակայն խոսքը ամենեւին ռուսական համակարգն օրինականությամբ «պատվաստելու» մասին չէ, այլ Ռուսաստանին հայկական համակարգում գործունեություն ծավալելու հնարավորության մասին: Իսկ Ռուսաստանը, այդ թվում ռուսական ռազմարդյունաբերությունը ներկայումս այնպիսի վիճակում են, որ հավելյալ հնարավորությունները ոչ միայն չեն խանգարի, այլ նաեւ անհրաժեշտություն են: Ընդ որում, հենց կոռուպցիոն սխեմաների անհրաժեշտությունից ազատ հնարավորությունները՝ նկատի ունենալով այն, որ դա մի բան է, որ Ռուսաստանին էլ անհրաժեշտ է օդի ու ջրի պես, սակայն Ռուսաստանն ինքն իր համակարգային տրամաբանության մեջ անկարող է բավարարել այդ անհրաժեշտությունները:
Հայաստանն այդ իմաստով կարող է լինել միջազգայնորեն լեգիտիմ հնարավորություն, քանի որ Հայաստանի ռազմաքաղաքական աջակցության որեւէ գործոն, առավել եւս տնտեսական նշանակալից բաղադրիչով, Ռուսաստանի համար միջազգայնորեն լեգիտիմ քայլերի եզակի հնարավորություններից մեկն է՝ նկատի ունենալով Հայաստանին նույնքան միջազգայնորեն ճանաչված առանցքային դերը ռեգիոնալ կայունության եւ անվտանգության, եւ այդ համատեքստով էլ միջազգային անվտանգության օղակում:
Այդ ամենը սկզբունքորեն կարող են դիտարկվել անիրատեսականության համատեքստում, սակայն ներկայումս կան մի շարք գործոններ՝ վերջին տարիների աշխարհաքաղաքական զարգացումներում, որոնք բացում են դրա ուղղությամբ աշխատանքային հնարավորության դաշտ: 2017 թվականի մարտին Սերժ Սարգսյանն իր առաջարկով անկասկած փորձում էր օգտագործել հենց այդ հնարավորությունը: Հայաստանի նոր իրավիճակն այդ իմաստով բացում է դրա առավել մեծ եւ իրատեսական հեռանկար: Նկատելի է, որ այդ ուղղությամբ սկսված է աշխույժ աշխատանք:
Լուսանկարը՝ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից