loading...

Հովիկ Աբրահամյանի սաբոտաժը․ նախկին վարչապետը «բունտ» է հասունացնում Նիկոլ Փաշինյանի դեմ



Դիտումներ ` 813
Հովիկ Աբրահամյանի սաբոտաժը․ նախկին վարչապետը «բունտ» է հասունացնում Նիկոլ Փաշինյանի դեմ

«Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է Արարատի մարզի մի շարք գյուղերի ոռոգման համակարգի խնդիրներին։ Մասնավորապես՝ մարզի գյուղերի բնակիչները վերջին շրջանում ոռոգման ջուր չեն ստանում, այգիները չորացել են, բերքը՝ ոչնչացել։ Այգեստան, Հնաբերդ, Վերին Արտաշատ գյուղերի բնակիչներն այսօր կառավարության մոտ էին։ Պատճառը նույնն է՝ Ջրօգտագործողների ընկերության նորանշանակ ղեկավարը ջուրը Արտաշատի գյուղերի համար փակում է, որպեսզի Վեդիում գտնվող իր հողատարածքները ջրվեն։ Գյուղացիների պահանջը նաև ՋՕԸ նախագահ Մարտիկ Առաքելյանի հրաժարականն է, քանի որ, նրանց խոսքերով, Առաքելյանը՝ Հովիկ Աբրահամյանի հրահանգով, դիտավորյալ սաբոտաժ է անում, որպեսզի բնակիչները դուրս գան կառավարության դեմ։ Կառավարության մոտ հավաքվածներին ընդունել է վարչապետի օգնականը, որը խոստացել է մինչև երեկո հարցին լուծում տալ։

Ինքնին հասկանալի է, որ տվյալ դեպքում խնդիրն ամենևին էլ տեխնիկական չէ կամ պայմանավորված չէ միայն համակարգային խնդիրներով ու ջրային տնտեսության հիմնարկի թափթփված աշխատանքով։ Ջուրը կա, սակայն այն մարդկանց չի հասնում ու, փաստորեն, միտումնավոր դժգոհություններ են հասունացնում գյուղացիների մոտ՝ նրանց տրամադրելով նոր կառավարության դեմ։ Խնդիրն այնքան խորքային է, որ անգամ Արարատի մարզպետը չի կարողացել կարգավորել այն, ու գյուղացիների պատվիրակներն այսօր ստիպված բախել են կառավարության դուռը։

Տարածքային կառավարման մարմիններում, մասնավորապես՝ մարզպետարաններում նշանակվել են հեղափոխության կադրերը, սակայն նրանք առայժմ չեն կարողանում վերահսկել իրավիճակը՝ հատկապես այն մարզերում, որտեղ ավանդաբար ուժեղ է եղել քրեաօլիգարխիայի ազդեցությունը։

 



Արարատն այդ մարզերի թվում է, որի միանձնյա ֆեոդալը նախկինում Հովիկ Աբրահամյանն էր, իսկ վարչապետի պաշտոնից նրա պաշտոնանկությունից հետո մարզում մեծ ազդեցություն ձեռք բերեցին նաև Գրիգորյան եղբայրները՝ «Ավշարի» սեփականատերերը։

Արարատի մարզում ջրի խնդիրն անմիջականորեն կապված է կոռուպցիոն մեծ ռիսկերի հետ։ Գյուղացիները բացահայտ ասում են, որ ջրային տնտեսության գրասենյակի ղեկավարը Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է, որը ջրի մուտքն արգելափակում է Արտաշատի գյուղեր՝ այն ուղղելով Վեդի, որտեղ 80 հա հողատարածք ունի Հովիկ Աբրահամյանը, մեծ հողատարածքներ՝ Գրիգորյան եղբայրները։ Օլիգարխիայի ներկայացուցիչները բիզնես են անում տասնյակ հազարավոր մարդկանց ապրուստի, օրվա հացի հաշվին։ Այդպես եղել է տարիներ շարունակ, սակայն հեղափոխությանը հաջորդող գոնե առաջին ամռան ընթացքում վիճակը չի փոխվել, ու մարդիկ այսօր Երևան էին եկել՝ պահանջելու, որ գոնե այս տարրական հարցում հեղափոխությունը հասնի նաև իրենց մարզ, գյուղ։

Ընդ որում՝ այս պարագայում գործ ունենք կոռուպցիայի բազմաշերտ դրսևորման հետ․ ՋՕԸ նախագահ Մարտիկ Առաքելյանը հլու-հնազանդ ծառայում է օլիգարխիային՝ դրա դիմաց վերջինից ստանալով ինդուլգենցիա ու անխնա մսխելով ջրային տնտեսության միջոցները։ Գործ ունենք պետական միջոցների թալանի հետ։

Սակայն խնդիրն ունի նաև վառ արտահայտված քաղաքական ենթատեքստ։ Հովիկ Աբրահամյանը «մի կրակոցով երկու նապաստակ է խփում»։ Նա մի կողմից զարգացնում է իր բիզնեսը, մյուս կողմից՝ երաշտի մատնված գյուղացիներին տրամադրում է նոր կառավարության դեմ, այլ խոսքով՝ գյուղացիական «բունտ» է նախապատրաստում Նիկոլ Փաշինյանի դեմ։


Արգամիչը նոր կառավարությունից նեղանալու հիմքեր ունի․ նա Մարտի 1-ի գործում գտնվում է, այսպես կոչված, մեղադրյալի կարգավիճակից հինգ րոպե պակաս ռեժիմում։ Իհարկե, մեծ հաշվով, Աբրահամյանը նման քայլերով ավելի է բարդացնում իր վիճակը, սակայն, ըստ երևույթին, նա որոշել է գնալ վաբանկ։

Գյուղացիներն առայժմ չեն տրվում Հովիկ Աբրահամյանի սադրանքին՝ վստահելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սակայն գյուղացիների համբերությունն անսպառ չէ, մանավանդ որ անհասկանալի է մնում, թե ինչպես են ջրային տնտեսության առանցքային պաշտոններում շարունակում տոն թելադրել կոռումպացված պաշտոնյանները, որոնք հավատարմորեն շարունակում են ծառայել քրեաօլիգարխիային ու նրա երկարամյա «մենեջեր» Հովիկ Աբրահամյանին։

 

https://www.1in.am/2410434.html


loading...

Փակել