loading...

Հեղափոխությունը հասավ Վճռաբեկ



Դիտումներ ` 1634
Հեղափոխությունը հասավ Վճռաբեկ

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, հայտարարելով, որ եկել է ճանապարհը երիտասարդներին զիջելու ժամանակը: Խոսել արդարադատության համակարգում Վճռաբեկ դատարանի նշանակության և կարևորության մասին, թերևս, միանգամայն ավելորդ է: Այն կարևորագույն դատական ատյան է, որի գործունեությունն առանցքային նշանակություն ունի արդարադատության համակարգի համար, ըստ այդմ նաև պետականության համար:

Միևնույն ժամանակ ավելորդ է խոսել նաև այն մասին, որ այդ դատական ատյանն էլ, ինչպես ամբողջ դատական համակարգը, եղել է գործադիր իշխանության քաղաքական գործիք, Հայաստանում գործած համակարգի քաղաքական, իշխանական նպատակները սպասարկելու համար: Այդ ամենը պարզ և բոլորին հայտնի իրողություններ են, և խնդիրը ներկայումս այն է, թե ինչպես ու ինչքան են փոխվելու դրանք:

Արդեն իհարկե հստակ է, որ դատական ատյանները այլևս ազատ են քաղաքական հրահանգներից: Բայց միևնույն ժամանակ ինքնին պարզ է նաև, որ դա ինքնաբերաբար արդարադատության բերող իրողություն չէ, այլ ընդամենը նախադրյալ:



Վերջին հաշվով, դատական համակարգի վերափոխումը մի կողմից պահանջում է նաև խորհրդարանի մեծամասնության կամք, իսկ այստեղ մենք գործ ունենք հայտնի իրավիճակի հետ, երբ կա գործադիր իշխանության ու խորհրդարանի մեծամասնության անհամամասնություն: Մյուս կողմից, սակայն, գործադիր իշխանությունը Հայաստանում լինելով բավականին ուժեղ, այսպես ասած՝ գերվարչապետական, դրանով հանդերձ ունի նաև հանրային ահռելի լեգիտիմություն և հեղափոխության արդյունք է, ըստ այդմ, դոմինանտը հենց այդ հանգամանքն է, ինչը բերում է արդեն իշխանության մյուս ճյուղերում ռեակցիաների:

Այդ իմաստով, թե այդ մյուս ճյուղերը, թե այդ թվում՝ դատական համակարգը չունենալով քաղաքական հրահանգավորում, գտնվում են հեղափոխական հրահանգավորման ներքո: Վճռաբեկ դատարանի նախագահի հրաժարականը, ըստ էության, «հեղափոխական հրահանգավորման» դրսևորումներից մեկն է: Անշուշտ, համարել, որ Վճռաբեկ դատարանի նախագահի փոփոխությամբ Հայաստանում հաստատվելու է արդարադատություն, կլինի միամտություն: Այստեղ լուծումները պահանջում են համակարգային, օրենսդրական փոփոխություններ: Ըստ էության, այդ մասով իրավիճակը բավականին պարզ է:

 



loading...

Փակել