Հոկտեմբերի 5-ից երկար սպասված «Սուպեր մամա 2»-ը մեծ էկրաններին է: Թեեւ արդյունքներն ամփոփելու համար դեռ շատ վաղ է, բայց առաջին արձագանքների մասին
Life.panorama.am-ը խոսել է «Սուպեր մամայի» գլխավոր հերոս Հայկ Մարությանի հետ:
«Ֆիլմը սպասված էր, իսկ դա փաստում է այն, որ կինոթատրոններում արդեն հինգ օր է, ինչ դժվարությամբ են տոմսեր գտնվում: Այս օրերին հետաքրքիր աժիոտաժ է սկսվել թե համացանցում, թե իմ շրջապատում, բոլորն ասում են, որ տոմսեր չկան, դա նշանակում է, որ շատ արագ են դրանք սպառվում: Այս ամենը խոսում է ֆիլմի սպասվածության եւ գովազդային ճիշտ մարտավարության մասին: Սակայն այս ամենից ոչ պակաս կարեւոր է, որ ֆիլմը դիտելուց հետո մարդիկ միեւնույն ոգեւորությունն ունենան: Գովազդով կարող ես շատ մարդկանց բերել կինոթատրոններ, սակայն, եթե ֆիլմը վատը եղավ, այդ հոսքը կտեւի ընդամենը երկու շաբաթ, մինչեւ ֆիլմն արդեն տեսած մարդիկ կարտահայտեն իրենց կարծիքները եւ եթե դրանք դրական չեղան, ապա կփնովեն ֆիլմն ու կպակասեցնեն նաեւ ֆիլմը չդիտած մարդկանց ոգեւորությունը: Հիմա մենք հույս ունենք, որ մեր ֆիլմի լավ արձագանքները կշարունակվեն մինչեւ վերջ, համենայն դեպս՝ դեռեւս ինձ հասած բոլոր կարծիքները դրական են, իսկ դա շատ ոգեւորող է»,- նշեց Հայկ Մարությանը:
Դիտարկմանը, որ անգամ համաշխարհային օրինակով, որեւէ ֆիլմի երկրորդ մասը մեծամասամբ զիջում է առաջինին, եւ հարցին, թե այս իմաստով ի՞նչ սպասելիքներ ունեն ֆիլմի կազմակերպիչները, Հայկն ուրախությամբ ընդգծեց.
«Մինչ այս լսածս կարծիքներում ինձ ամենաշատն ուրախացնում է հենց այդ փաստը, որ մարդիկ նշում են, թե սա առաջինից լավն էր, եւ դա այն դեպքում, երբ առաջինը անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ ռեկորդային տոմսերի վաճառք ունեցավ: «Սուպեր մամա 2»-ի ստեղծման ընթացքում էլ, երբ նման հարցեր էին ծագում, ես ասում էի, որ ինչքան էլ համաշխարհային կինոասպարեզում կա այդ միտումը, բայց, միեւնույն է, դրանց կողքին կան նաեւ բացառություններ: Ի վերջո, յուրաքանչյուր ֆիլմ նկարահանելիս փորձում ես մինչ այդ կատարածդ աշխատանքներից ավելի լավն անել, չէ որ դու այդ ընթացքում ավելի շատ ես փորձ ձեռք բերել, առավել շատ ես հմտացել եւ այլն: Մենք թե ռեժիսուրայի, թե դերասանական, թե տեխնիկական իմաստով փորձել ենք մեր նախորդ աշխատանքներից մեկ քայլ առաջ գնալ եւ փառք Աստծո, դա մեզ հաջողվեց»:
loading...