Ռոստովի բնակչուհի Աննա Զագորսկայա-Վիները պատմել է քաղաքի ցանցային խանութներից մեկում հայկական պանրի հետ կապված միջադեպի մասին:
«Խանութի երեք աշխատակիցներ ինձնից խլեցին հայկական տնական պանրի կտորը: Տնականը տեսքից էլ երևում է: Ինձ գործընկերս օրերս հյուրասիրել էր: Դրամարկղի մոտ անվտանգության աշխատակիցը խնդրեց ինձ ցույց տալ պայուսակիս պարունակությունը:
Տեսնելով պանրի կտորը՝ նա կապով կանչեց ինչ-որ մեկի: Մի կին մոտեցավ՝ երկու օգնականների հետ և հրամայեց անվտանգության աշխատակցին մի կողմ գնալ, իսկ ինձ՝ հանել պանրի կտորը, այնուհետև ուղղակի խլեց ձեռքիցս այն՝ ասելով՝ դա մերն է»,- VKontakte-ի «Գլխավոր Ռոստով» խմբում հրապարակման մեջ նշում է բնակչուհին:
Աննան ոստիկանություն չի կանչել և աղմուկ չի բարձրացրել պանրի կտորի համար, սակայն հիպերմարկետի աշխատակիցների հետ տեղի ունեցած միջադեպն անվանել է ավազակություն:
Հայկական պանրի հետ կապված միջադեպը սոցցանցերում դարձել է բուռն քննարկումների առիթ. Ռոստովի բնակիչներն Աննա Զագորսկայա-Վիների գրառման ներքո խորհուրդ են տվել վերջինիս դիմել ոստիկանություն կամ խանութի աշխատակիցների նկատմամբ բողոք գրել: