«Լակմուս»-ի տեղեկություններով՝ Ապրիլյան պատերազմին հաջորդած օրերին ուշագրավ դեպքեր են արձանագրվել. գողությունների շղթա է սկսվել Երևանում և մարզերում գտնվող աչք շոյող առանձնատներից:
Կոլյա անունով մի երիտասարդ որոշել է ընկերոջ հետ օգնել սահմաններում պատերազմական լարված իրավիճակը հսկող դիրքապահ զինվորներին...օլիգարխների հաշվին: Այն տները, որոնք դուր են եկել չարամիտներին, ներթափանցել են ներս՝ օգտագործելով նաև իրենց մարմնամարզական հմտությունները:
Նրանց հետ չեն պահել նույնիսկ տների բարձր պատերը:
Հանգիստ մագլցել են պատերով և տներից գողություններ արել նույնիսկ այն ժամանակ, երբ տան անդամները տանն են եղել:
Երբեմն ստիպված են եղել նաև «հատուկ օպերացիայի» պահին մտնել տան անդամի «դերի մեջ» և արձագանքել իբրև տան անդամ՝ գողությունը հաջողությամբ ավարտին հասցնելու համար: Գիշերը, ննջասենյակում, գողության ամենաթեժ պահին, տանտիրուհին կրնկի վրա բացել է դուռը և առանց լույսը վառելու հարցրել՝ «Լյով, քնեցի՞ր»:
Կոլյան ներսից «Լյովի» ձայնով արձագանքել է՝ «հա»: Հոգատար տանտիրուհին դուռը ծածկել է՝ «ամուսնուն» չխանգարելու համար ու գնացել: Գիշերային գողերն արել են իրենց գործն ու տանտերերի ոսկեղենը վերցնելով լքել տունը...
Տասնյակների հասնող գողություններից ստացված գողոնի մի մասը ծառայեցրել են ազգային նպատակներին: Խանութներից սնունդ, քաղցրեղեն, անհրաժեշտ պարագաներ են գնել զինվորների համար ու, բարձելով մի քանի բեռնատար մեքենաներ, «սնիկերսներով» ուղևորվել զորամասեր:
Երբ հասել են տեղ՝ զինվորականները և կամավորները հաճելի անակնկալից զարմացած հարցրել են՝ ո՞վ է ուղարկել: Տղաները պատասխանել են՝ ժողովուրդը ձեր կողքին է, նրանք են հավաքել, ուղարկել...
Հետագայում պարզվել է, որ տուժածների շարքում հայտնի գործարարներ և նախկին պաշտոնյաներ կան: