loading...

Հայաստանը տարա՞ծք է կորցրել, թե՞ հանձնել է



Դիտումներ ` 1052
Հայաստանը տարա՞ծք է կորցրել, թե՞ հանձնել է

Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայությունը դարձել է հերթական միջադեպի, աղմուկի «հերոս»: Կառավարության նիստի օրակարգում է հայտնվել Հայաստան-Իրան սահմանին կից անցնող 40 կմ ճանապարհի նորոգման պայմանագիրը դադարեցնելու մասին որոշումը, քանի որ ռուսական սահմանապահ ծառայությունը թույլ չի տվել կատարել այդ աշխատանքը:

Հետաքրքիր իրավիճակ է, հատկապես անկախ եւ ինքնիշխան պետության համար: Մեկ այլ պետության սահմանապահ ծառայությունը թույլ չի տալիս այդ պետությանն իր տարածքում կատարել ճանապարհաշինական աշխատանք: Բայց այդ իրավիճակի արմատը հայ-ռուսական միջպետական պայմանագիրն է, համաձայն որի Հայաստանի եւ Թուրքիայի, ու Հայաստանի եւ Իրանի սահմանների հսկողությունը իրականացնում են ՌԴ սահմանապահները:

Թե ինչու է Հայաստանը գնացել այդ քայլին, գուցե հնարավոր է հասկանալ՝ նորանկախ Հայաստանը պատերազմի մեջ էր, կար ռեսուրսների սղության խնդիր, միաժամանակ անհրաժեշտ էր ուժեղ հսկողություն թե Թուրքիայի, թե Իրանի սահմանին, ինչը Հայաստանը գուցե չէր կարող անել սեփական ռեսուրսով՝ գտնվելով Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, եւ ըստ այդմ դիմել է ՌԴ այսպես ասած օժանդակությանը: Այդ «օժանդակությունը» շարունակվում է առ այսօր, պարբերաբար տալով աղմկոտ պատմությունների տեղիք:

Հայաստանի քաղաքական օրակարգում չկա հարց, թե արդյոք Հայաստանն արդեն չի կարող ինքնուրույն իրականացնել սահմանների հսկողությունը, այդպիսով Ռուսաստանի սահմանապահներին շնորհակալություն հայտնելով այդքան տարիների ծառայության համար ու ճանապարհելով տուն: Այդ հարցը չի հայտնվում, որովհետեւ Հայաստանը չի՞ կարող ինքնուրույն ապահովել սահմանային այդ հատվածների վերահսկումն ու անվտանգությունը, թե՞ որովհետեւ Ռուսաստանը չի հանձնի այդ սահմանները Հայաստանին: Չի բացառվում, որ կա թե մեկ, թե մյուս գործոնի ազդեցությունը:

 



Ի վերջո, Հայաստանը առ այսօր էլ ստիպված է ահռելի ռեսուրս տրամադրել Ադրբեջանի հետ սահմանը պահելուն, որը անմիջական մարտական ռեժիմում գտնվող սահման է: Մյուս կողմից, առանցքայինը թերեւս այն է, թե Հայաստանը տալով սահմանը պահելու գործառույթը ռուսական կողմին, որքանո՞վ է կարողանում միջպետական պայմանագրերի միջոցով վերահսկել այդ գործառույթի պատշաճ իրականացումն ու նաեւ այն չգերազանցելու, դրա սահմանից դուրս չգալու հանգամանքը: Իսկ այստեղ մեղմ ասած կա խնդիր: Օրինակ, այդ խնդիրը աղաղակող ձեւով դրսեւորվեց Գյումրիի ողբերգությունից հետո, երբ Ռուսաստանի ռազմակայանի զինծառայող Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամներին:

Պերմյակովին հայտնաբերել էին ռուս սահմանապահները, բայց միջպետական պայմանագրի համաձայն նրան Հայաստանի իրավապահներին փոխանցելու փոխարեն հանձնել էին ռուսական ռազմակայանին՝ «ի պահ»: Այդպիսով, Հայաստանի 7 քաղաքացիների դաժանաբար սպանած ոճրագործը չհայտնվեց Հայաստանի իրավապահ համակարգի ենթակայության տակ: Ու հարց է առաջանում, արդյոք Պերմյակովից բացի, նրա հետ ռուսական ռազմակայանում չպահվեց նաեւ ողբերգությանն առնչվող որեւէ գաղտնիք:

Այն, որ ռուս սահմանապահները խախտել էին իրավական կարգը, խոստովանեց նաեւ այն ժամանակ Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Բայց առ այսօր հայտնի չէ, թե արդյոք որեւէ մեկը դրա համար կրել է պատասխանատվություն: Ռուսաստանի սահմանապահ ծառայության հետ կապված մեկ այլ աղմկոտ, բարեբախտաբար ոչ ողբերգական պատմություն էլ տեղի ունեցավ հենց իրանական սահմանի ուղղությամբ, ավելի շուտ իրանական սահմանից բավական հեռու, Հայաստանի տարածքում: Ս

յունիքում ՏԻՄ ընտրության շրջանակում ռուսական ՖՍԲ աշխատակիցները՝ այդ կառույցի մեջ է սահմանապահ ծառայությունը, Սյունիքում փակել էին Ժառանգություն կուսակցության քարոզչական խմբի ճանապարհը, այն ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Այսինքն, ռուսական ՖՍԲ աշխատակիցները փակել էին Հայաստանի ԱԺ պատգամավորի ճանապարհը, այն էլ ոչ թե Հայաստան-Իրան սահմանին՝ որի պահպանման ծառայություն են իրականացնում, այլ սահմանից զգալիորեն հեռու, Սյունիքի մարզի տարածքում, որտեղ նրանք չունեն գործունեության իրավասություն:


Բայց հայտարարել էին, թե կատարում են հատուկ գործողություն, չներկայացնելով դրա որեւէ իրավական հիմք: Այդպես էլ անպատասխան մնաց հարցը, թե ի՞նչ իրավական հիմքով էին ՌԴ ՖՍԲ աշխատակիցները Հայաստանի տարածքում սահմանափակել Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը: Խորհրդարանի ղեկավարությունն այն ժամանակ տվեց անատամ մի արձագանք, եւ բանը այդքանով ավարտվեց: Ի՞նչ իրավական հիմքով են ռուս սահմանապահները այժմ արգելել Իրանի սահմանին կից անցնող Հայաստանի տարածքում գտնվող ավտոճանապարհը:

Եթե դա հայ-ռուսական միջպետական պայմանագրով սահմանված նրանց գործունեության եւ լիազորության գոտում է, ապա հարց է առաջանում, թե Հայաստանն ինչու է աշխատանքն իրականացրել առանց ռուս սահմանապահների հետ համաձայնության իրավական ընթացակարգային հարցերը լուծելու, որպեսզի չառաջանա ընդհատելու կամ դադարեցնելու անհրաժեշտություն: Իսկ եթե իրավիճակն այնպիսին է, որ կազմակերպությունը ապահովել է խնդրի իրավական ընթացակարգերը, սակայն ռուս սահմանապահները պարզապես արգելում են եւ Հայաստանը ոչ թե պետք է պահանջի, այլ համոզի նրանց, որ թույլ տան, ապա այստեղ արդեն ակնառու է, որ գործ ունենք պարզապես Հայաստանի շատ կոնկրետ տարածքում շատ կոնկրետ օկուպացիոն ռեժիմի եւ ինքնիշխանության կորստի հետ:

Հայաստանի կառավարությունը պետք է չափազանց հստակ պատասխան տա իրավիճակի վերաբերյալ, ընդ որում ակնհայտորեն ոչ միայն կոնկրետ դեպքի, այլ ընդհանրապես Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայության գործունեության ռեժիմի մասով: Այդ գործունեության ընթացքում ի հայտ եկած ու այդպես էլ անպատասխան մնացած աղմկոտ հարցերը եւ դրանց փաստացի շարունակությունն ակնառու է դարձնում Հայաստանում ռուս սահմանապահների գործունեության իրավական ռեժիմի լրջորեն վերանայման խնդիրը, որպեսզի, ինչպես հենց ռուսներն են ասում՝ զգալով իրենց ինչպես տանը, չմոռանան, որ հյուր են:

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել