Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն ասաց, որ հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում է նկատվել. Նախարարը, սակայն, ընդգծեց, որ հնարավոր է լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Հիշեցնենք, որ երեկ էլ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է արել հատկանշական հայտարարություն, թե՝ «Ադրբեջանին թող չթվա, որ Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է, իսկ ռազմական «նախաձեռնության» մենաշնորհը Բաքվինն է»: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Երեւանը չի վարանի զրկել Բաքվին ռազմական գործողությունների ծավալման վայրի, ժամանակի, ձեւի ընտրությունից: Ի՞նչ են ենթադրում այս երկու հայտարարությունները՝ հայկական կողմը պատերազմի՞ է պատրաստվում և արդեն իսկ ուրվագծվում է հավանական ռազմական գործողությունների մեկնա՞րկը, թե՞ կան այլ պատճառներ ենթադրելու, որ «արևելյան հարևանը» կարող է հենց Մնացականյանի նշված ժամանակահատվածում դիմել ռազմական արկածախնդրության: Չի բացառվում, որ նման հաշվարկը պայմանավորված է սեպտեմբերին վարչապետ Փաշինյանի՝ Վաշինգտոն նախատեսված այցով, որի ընթացքում հավանական է հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Բացի այդ, չմոռանանք, որ Հայաստանում է տեղի ունենալու նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովը՝ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում մեր կողմից կազմակերպվող թերևս ամենամասշտաբային միջոցառումը:
Սակայն պատերազմի հավանականության մասին է վկայում նաև վերջին ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը վստահ է՝ Ռուսաստանն ունի բոլոր հնարավորությունները տարածաշրջանում հավանական ռազմական գործողությունները կանխելու համար; Նման հայտարարությունն ուներ հետևյալ մեսիջը՝ եթե պատերազմ լինի, ապա հայկական կողմը դա դիտարկելու է իբրև Մոսկվայի կողմից չկանխված, ասել է թե՝ թույլատրված պատերազմ: Սակայն, եթե իրականում կա նման սպառնալիք, ապա հայկական կողմը պետք է բացի փակագծերը, քանի որ հասկանալի չէ՝ ի՞նչ է պահանջելու ռուսական կողմը հավանական պատերազմը կանխելու համար, և ի՞նչ շահեր է այստեղ հետապնդում հայկական կողմը: Բացի այդ, եթե խնդիր կա կանխելու ռուսական կողմից ուղղորդվող ինչ-ինչ գործընթացներ, ապա պետք է դրանց մասին խոսել բաց տեքստով, միևնույն ժամանակ, հանրությանը ներկայացնելով՝ ինչ է խոսվել, մասնավորապես, Արցախի մասով՝ Սոչիում՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում:
Իրականությունն այն է, որ Մոսկվան չի փոխվել: Մոսկվայում ոչինչ չի փոխվել՝ ո՛չ շահերը, ո՛չ էլ մոտեցումները։ Որքան էլ որ Հայաստանի նոր իշխանություններն անթաքույց ձգտում դրսեւորեն Մոսկվայի հետ «հարաբերություններ խորացնելու» ուղղությամբ, դա եւս ոչինչ չի փոխելու ո՛չ Մոսկվայի շահերում, ո՛չ էլ մոտեցումներում։ Սակայն փոխվել են հասարակական-քաղաքական եւ ռազմաքաղաքական իրողությունները Հայաստանում եւ Արցախում։ Անկախ նրանից, թե ինչ գնահատականներ է բարձրաձայնում պաշտոնական Երեւանը, պարզ է մի բան, որ Մոսկվան ոչ միայն «այնքան էլ դեմ չէ» նոր՝ «քառօրյա» ռեժիմով արկածախնդրություն կազմակերպել Հարավային Կովկասում, այլեւ դեմ չէ «փայ մտնել» դրա հետագա «կարգավորմանը», եւ, բնականաբար, որքան մեծ լինեն հայկական կողմի կորուստները, այնքան մեծ կլինի ռուսական «փայը»…
Ստելլա Խաչատրյան
loading...