Իշխանությունը հայտարարում է դիվանագիտական հաղթանակի մասին, որպես դրա ապացույց մատուցելով Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որ ստորագրվեց նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Դա ներկայացվում է որպես Արեւմուտքն ու Եվրասիան կամ Ռուսաստանը համադրելու հմուտ կարողություն: Այստեղ ճշմարտության հատիկ կա, անշուշտ, թեեւ պայմանավորված մի շարք՝ այդ թվում Հայաստանի իշխանությունից անկախ հանգամանքներով:
Անհերքելի է, որ Հայաստանի համար կարեւորագույն համաձայնագրի ստորագրումը նաեւ իշխանության քայլերի արդյունք է: Բայց այդ դեպքում պետք է արձանագրել նաեւ, որ 2013-ի այսպես ասած տապալումն էլ Հայաստանի իշխանության դիվանագիտության տապալում էր, դիվանագիտական ձախողում: Այլապես քաղաքականապես մեղմ ասած այդքան էլ կոռեկտ չէ 2017-ի ստորագրությունը հռչակել դիվանագիտական հաղթանակ, իսկ 2013-ի անհաջողության համար մեղադրել Եվրոպային՝ թե պնդում էր «կամ-կամ»-ը:
Այդուհանդերձ, պետք է արձանագրել կարեւոր իրողությունը՝ նոյեմբերի 24-ի համաձայնագիրը, եւ մտածել դրա արդյունավետ եւ արագ իրականացմանը նպաստելու մասին, ինչը ոչ միայն իշխանության, այլ նաեւ հանրության պատասխանատվությունն է: Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ամրագրում է լիովին նոր իրավիճակ թե Հայաստանի ներքաղաքական, ներհասարակական ռեժիմում, թե տարածաշրջանում եւ անգամ աշխարհքաղաքական իրողություններում: Հայաստանը գործնականում դառնում է իրապես երկու կամ գուցե ավելի ուժային կենտրոնների համադրման մի հարթակ, կամ մեկ քայլ առաջ կատարում այդ հարթակի կարգավիճակում:
Իսկ գուցե այդ ուժային կենտրոններն են Հայաստանը մղում մեկ քայլ առաջ: Դա իհարկե Հայաստանի համար պատմական հնարավորությունների նոր միջավայր է, որը սակայն նշանակում է պատասխանատվության նոր եւ լրջագույն աստիճան: Եթե աշխարհքաղաքական չբարձրաձայնված կոնսենսուսը բերում է Հայաստանի դերակատարման աճի, ապա դա նշանակում է, որ այդ դերակատարմանը համարժեք չլինելու, դերը լիարժեք կատարելու ունակ չգտնվելու դեպքում Հայաստանը փաստորեն ոչ միայն ինքն է տապալվում, այլ կարող է տապալել մի ամբողջ աշխարհքաղաքական նախագիծ:
Միեւնույն ժամանակ, նոր դերը կամ առկա գործընթացում Հայաստանին մեկ քայլ առաջ մղելը անկասկած ինքնաբերաբար, բախտի բերմամբ, ուժային կենտրոնների բարի կամքի շնորհիվ չէ, որ տեղի է ունենում: Հայաստանի հարցում մեկ քայլ առաջ մղելու աշխարաքաղաքական կոնսենսուսի ձեւավորման հարցում վճռորոշ նշանակություն է ունեցել ոչ թե հայկական դիվանագիտությունը, այլ զինված ուժերը՝ ապրիլյան պատերազմում, հասարակական աներեւակայելի եւ շատերի, իսկ գուցե նաեւ հենց նույն ուժային տարբեր կենտրոնների համար անսպասելի կամավորական բազմաբնույթ աջակցության պայմաններում:
Ավելին, ապրիլյան պատերազմում զինված ուժերն ու հասարակությունն այդպիսով մաքրել են հայկական դիվանագիտության 2013-ի եւ դրան նախորդած տարիների էական սխալների հետագիծը, ձեւավորելով հայկական պետականության զարգացման նոր կոր, նոր իրավիճակ, նոր հեռանկար: Զինուժը պահել է Հայաստանը, նահանջի ճանապարհ չթողնելով դիվանագիտությանը: Ապրիլի պատերազմից հետո Հայաստանը գործնականում վարում է ռազմա-քաղաքական դիվանագիտություն, չունենալով դրա այլընտրանքը:
Մի բան, որը հայկական պետականության երկու տասնամյակի էական բացթողումն էր: Ռազմա-քաղաքական դիվանագիտության արդյունքն է, օրինակ, որ փաստացի ադրբեջանական ռազմա-քաղաքական դաշինքի կարգավիճակից ՀԱՊԿ կոչվող կառույցը դրսեւորում է որոշակիորեն հայկական քաղաքականությանը համարժեք լինելու նշաններ, ինչպես Մինսկի վերջին Վեհաժողովում: Այդ տեսանկյունից, ի դեպ, ձեւավորվել է հետաքրքիր իրավիճակ:
Հայաստանի հասարակական-քաղաքական մի քանի խմբերի համար այդ հանգամանքը դարձել է «ստվերից» դուրս գալու եւ գլուխը բարձրացնելու առիթ: Մարդիկ, խմբեր, որոնք մինչ այդ զբաղված էին ՀԱՊԿ եւ ռուսական քաղաքականության հակահայկական դրսեւորումները արդարացնելու «սեւ աշխատանքով», այժմ փորձում են այսպես ասած «շտկել մեջքը» եւ ծածանել ՀԱՊԿ Մինսկի դիրքորոշումը:
Դա այլ բան չէ, քան ապրիլյան պատերազմում հայկական զինված ուժերի, հրամանատարների, զինվորների սխրանքի եւ հասարակության համախմբվածության վրա մակաբուծելու անբարո ջանք: Այդ նրանք են ստիպել, այդ թվում 100-ից ավելի զոհի գնով, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունք փոխվի, առաջին հերթին եվրասիա-ռուսական բլոկներում:
Այդ նրանք են թե Ռուսաստանը, թե ՀԱՊԿ դրել նոր իրավիճակի առաջ, երբ ակնհայտ է դարձել, որ Մոսկվան էլ, ՀԱՊԿ-ն էլ տարածաշրջանում եւ ըստ այդմ աշխարհքաղաքական գործընթացի շղթայի առնվազն այդ տիրույթում գործնականում կենսունակ կարող են լինել միայն Հայաստանի շահին ու անվտանգությանը համարժեք լինելու դեպքում: Դրա հետ մեկտեղ, ապրիլյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո բացահայտվեց Հայաստանում ռուսական քարոզչության մի ամբողջ «տեղական պլեադայի» անպետքությունը:
Մարդիկ, որոնք Մոսկվային մի քանի տարի շարունակ հավաստիացրել էին, որ Հայաստանն այլեւս գրպանում է եւ մնում է ընդամենը համբերել մի քանի օր, երբ կգա խնդրագիրը պետական եւ համազգային մակարդակով, հանկարծ պարզվեց, որ ընդամենը նպաստել են Հայաստանի վրա պատրաստվող գրոհի այսպես ասած տեղեկատվական աջակցությանն ու նաեւ փորել են Հայաստանում եւ տարածաշրջանում ռուսական քաղաքականության փոսը, ընդ որում դրա դիմաց շռայլորեն վարձատրվելով հենց Ռուսաստանից:
Ապրիլյան պատերազմից հետո փոսում հայտնվեցին հենց նրանք: Այժմ փորձում են դուրս գալ փոսից, հայկական զինուժի ստեղծած նոր իրավիճակի վրա մակաբուծելու միջոցով: Կստացվի՞, թե ոչ: Միարժեք ասելն իհարկե բարդ է, քանի որ շատ բան կախված է նաեւ ռազմա-քաղաքական դիվանագիտություն իրականացնելու Հայաստանի իշխանության եւ այդ դիվանագիտությանը տեր լինելու հանրության կարողությունից: Բայց աներկբա է, որ եթե այդ խմբերը կամ շերտերը հաջողեն դուրս գալ փոսից, ապա վաղ թե ուշ վերստին փոսում է հայտնվելու ռուսական քաղաքականությունը թե Հայաստանի, թե Կովկասի մասով ընդհանրապես:
Նյութի աղբյուրը` Yelaket.am