loading...

Հայ-վրացական ճեղքում. ու՞մ էր պետք այդ սխալ որոշումը



Դիտումներ ` 667
Հայ-վրացական ճեղքում. ու՞մ էր պետք այդ սխալ որոշումը

Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի ցամաքային ճանապարհով իրականացնել ցորենի ներկրում Հայաստան: Վրաստանի կառավարության նախորդ որոշումը, որն արգելում էր ներկրումը Վրաստանի ցամաքային ճանապարհով, Հայաստանի համար առաջացրել էր խնդիր: Ընդ որում՝ երկշերտ խնդիր: Նախ առաջացել էր ծովային ճանապարհով, հետո երկաթուղով փոխադրման դեպքում գնաճի ռիսկ: Բացի այդ, գործազուրկ կարող էր մնալ մի քանի հարյուր բեռնատարի վարորդ, փոխադրող ընկերություններ, որոնք իրականացնում էին ցամաքային ներկրումը:

Գնաճի խնդիրը կարծես թե լուծվում էր՝ Հարավկովկասյան երկաթուղին վրացական կողմի հետ պայմանավորվել էր փոխադրման գնի 52 տոկոս նվազման հարցում: Սակայն մնում էր բեռնափոխադրող ընկերությունների եւ վարորդների հարցը, որոնք մնում էին գործազրուկ եւ կրում զգալի վնասներ:

Հայաստանի վարորդները բողոքի ակցիա էին պլանավորում, փակելով Բագրատաշենի անցակետը վրացական բեռնատարների համար: Ամբողջ հարցն այն է, որ դժգոհում էին նաեւ վրացի վարորդները, որոնք էլ օրերս բողոքի ակցիա էին անում Վրաստանի պետական գերատեսչությունների դեմ, ընդդեմ ցորենի ներկրման արգելքի:

Նախ հայտարարվեց, որ սեպտեմբերի 15-ից ուժի մեջ մտնելիք որոշումը հետաձգվում է 15 օրով: Այժմ ասվում է, որ հետաձգվում է մինչեւ տարեվերջ:

Որոշումը հնարավոր է դիտարկել որպես հայ-վրացական ճեղքում, քանի որ Վրաստանի կառավարությունը խոշոր հաշվով անհասկանալի պատճառներով ամիսներ առաջ կայացրել էր ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի մասին որոշումը: Այդ որոշումը ֆորմալ առումով չի եղել հատուկ Հայաստանի դեմ, այն վերաբերել է բոլոր երկրներին, սակայն հարցն այն է, որ դե ֆակտո Վրաստանի տարածքով ցորեն ներկրում է միայն Հայաստանը, ըստ այդմ ստացվում է, որ արգելքը հենց Հայաստանի դեմ էր:

 



Վրաստանի կառավարության որոշումը ոչ միայն չէր բխում Հայաստանի շահից, այլ հեռանկարի առումով նաեւ դեմ է Վրաստանի պետական շահին ու անվտանգությանը: Ով եւ ինչն է եղել որոշման պատճառը: Միեւնույն ժամանակ, աներկբա է, որ խնդիրը պետք է այս ամիսների ընթացքում վերանայվի եւ չեզոքացվի ոչ միայն ժամանակավորապես, այլ հիմնավորապես:

Ընդունված է համարել, որ Վրաստանը Հայաստանը շրջափակելու միջոց է դիտարկվում Թուրքիայում ու Ադրբեջանում: Ու դա իհարկե այդպես է: Բարդ է ասել, արդյոք թուրք-ադրբեջանական լոբբինգն է աշխատել Թբիլիսիում, թե՞ պարզապես եղել է ամբողջապես չհաշվարկված որոշում: Այդուհանդերձ աներկբա է թերեւս նաեւ այն, որ Հայաստանի հետ հարաբերության որեւէ արգելափակում խորքային առումով շրջափակում է նաեւ Վրաստանի համար: Հարցն այն չէ, որ Թբիլիսին կախված չէ Հայաստանից եկող ճանապարհներից, թեեւ այդ իմաստով Հայաստանը դեպի Իրան Վրաստանի ամենահուսալի ճանապարհն է: Բայց, հարցն այն է, որ Հայաստանի հետ չխորացող հարաբերությունը շրջափակում է Վրաստանի համար, պարզապես ոչ թե տրանսպորտային կամ հաղորդակցային, այլ ռազմա-քաղաքական շրջափակում, որը իրականում թերեւս ավելի ծանր ու բարդ տարբերակ է:

Հայաստանի հետ հարաբերության խորացման արգելափակումը Վրաստանն էլ ավելի է սեղմելու թուրք-ադրբեջանական աքցանի մեջ: Ըստ այդմ, վրացական պետականությունը, վրացական էլիտան կանգնած է այդ կապակցությամբ ռազմավարական կարեւոր որոշումների ու հեռանկարների գծագրման ընտրության առաջ: Սեղմվե՞լ աքցանում՝ ինչը գուցե կարճաժամկետում կամ միջնաժամկետում բավական գայթկաղիչ ու շահեկան է տնտեսական առումով, թե՞ բացվել դեպի Հայաստան ու այդպիսով ապահովել ավելի ճկուն քաղաքականության հնարավորություն եւ անվտանգության առավել բարձր մակարդակ:

Անշուշտ, այստեղ կան օբյեկտիվ խնդիրներ, ադ թվում արտաքին քաղաքական, ինտեգրացիոն միջավայրերի, սակայն դրանք հայ-վրացական ֆորմատում լիովին հաղթահարելի են, եւ այդ խնդիրը գուցե ավելի գերագնահատված է, քան կա իրականում:

 


Օրերս Հայաստան էր այցելել Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նիկոլ Փաշինյանը նրա հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Վրաստանի վարչապետն առաջարկել է հայ-վրացական հարաբերության խորացման բավական հավակնոտ ծրագիր եւ վստահ են, որ առաջ են գնալու դրա իրականացման ուղղությամբ:

Հայ-վրացական հարաբերությունն ունի նոր գաղափարների անհրաժեշտություն, որոնց միջոցով պետք է ապամոնտաժվեն դրա առնչությամբ առկա կաղապարները, որոնք կարողանում են հմտորեն օգտագործել այն սուբյեկտները, ում համար շահեկան չէ հայ-վրացական երկկողմ պետական ու հանրային հարաբերության սերտացումը:

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Վրաստանի համար պետք է լինեն ոչ թե խանդի առիթ, երբ Թբիլիսին Երեւանը կարող է դիտարկել Կովկասում ժողովրդավարության առաջատարի կամ ժողովրդավարության առանցքի հարցում մրցակից, այլ պետք է դիտարկվեն իբրեւ ժողովրդավարական անվտանգության ավելի լայն շրջանակի հնարավորություն: Այդ ուղղությամբ կա ահռելի աշխատանքի անհրաժեշտություն:

Այդ իմաստով հետաքրքիր դրվագ էր Վրաստանում Հայաստանի դեսպանի նախաձեռնությամբ կազմակերպված ճանաչողական այցը Հայաստան, որի շրջանակում Հայաստան էին այցելել Վրաստանում հավատարմագրված մոտ երկու տասնյակ դիվանագետներ՝ Եվրամիության երկրների դեսպաններ, Իրանի դեսպանը, Վատիկանի դեսպանը եւ այլք, որոնց Երեւանում հյուրընկալել են քաղաքական բարձր մակարդակով՝ վարչապետի եւ արտգործնախարարի:

Անկասկած է, որ դեսպանները պատկերացնում էին քայլի քաղաքական նշանակությունը, դա վկայում է, որ հայ-վրացական հարաբերությունն այդ իմաստով դիտարկելի ուղղություն է նաեւ միջազգային քաղաքականության համատեքստում, որի գեներացումը կախված կլինի Երեւանի ու Թբիլիսիի աշխատանքից:

https://www.lragir.am/2018/09/20/380046/


loading...

Փակել