«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր. հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ նոր քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվել: Այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմտեն: Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊ ընկերության վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն ՀՀ դրամ: Սա այն ընկերությունն է, որը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Լևովայի Սարգսյանին:
Նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քրեական գործով խուզարկություն է կատարվել «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի և քրոջ՝ Անի Լյովայի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ այդ գումարը օրենքով սահմանված կարգով հայտարարագրված չէ: «Նարեկ Լյովայի Սարգսյանի հայրը` Լյովա Ազատի Սարգսյանը, 2017թ-ի ընթացքում հանդիսացել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան և «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ: Լյովա Ազատի Սարգսյանը և վերջինիս դուստր՝ Անի Ազատի Սարգսյանը, «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2017թ. հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրեր, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները:
Արդյունքում՝ ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:
Բացի այդ, Նարեկ Սարգսյանը նույնպես նույն օրենքով սահմանված կարգով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով պարտավոր է եղել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իր գույքի և եկամուտների հայտարարագիր, որը սակայն չի կատարել: 2017թ. հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է: ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին: Ընթանում է նախաքննություն»,- նշվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
Սերժ Սարգսյանի եղբոր դեմ ծավալվող հակակոռուպցիոն արշավը այսքանով չի սահմանափակվում: Լյովա Ազատի Սարգսյանը, նույն ինքը՝ Լևոն Սարգսյանը, բացի ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան լինելուց՝ նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահն է: Սա այն հիմնադրամն է, որի պետական հիմնարկները հսկայական գումարներ են փոխանցում՝ տարբեր հիմնավորումներով: Նախաքննությունը թերևս կպարզի, թե որտեղից են գոյացել Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքի չհայտարարագրված միլիոնները: Առաջին գլխավոր տպավորությունն այնպիսին է, որ օղակը նախկին նախագահի շուրջ սեղմվում է, և կարծես թե բացահայտումների և խուզարկությունների շղթան հասնում է նաև նրան:
Նախորդ շաբաթվա սկզբին ձերբակալվեց Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության ղեկավարը՝ Վաչագան Ղազարյանը, որի մոտ 5 միլիոն դոլար չհայտարարագրված գումար էր հայտնաբերվել: Մի քանի օր անց 6 մլն-ից ավել չհայտարարագրված գումար է գտնվել նրա եղբոր ընտանիքում: Նրա մյուս եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, որին, ըստ ԶԼՄ հրապարակումների և սոցիալական ցանցերում տարածված տեսակետների, վերագրվում են 50/50 սկզբունքով տարբեր հափշտակություններ, ԱԱԾ կողմից բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք ունենալու մեղադրանքով, սակայն երկու ժամ անց Սաշիկ Սարգսյանն ազատ արձակվեց, որովհետև նրա զենքը օրինական էր, ինչը, ի դեպ, ենթադրելի էր: Ո՞վ է այս շղթայում հաջորդը, թերևս կերևա առաջիկայում: Սակայն, եթե ապօրինի հարստացման մեղադրանքով կասկածում են Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին, նշանակում է գործող իշխանությունն արդեն իսկ թիրախավորել է նախկին նախագահին:
Համենայն դեպս, հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր կհավատան, թե պետությունից թաքցված 6 մլն դոլարի մասին Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել: Թեպետ այս դեպքում թաքցնել բառն այնքան էլ տեղին չէ, որովհետև եթե գումարը ավանդադրված է բանկում, այն արդեն իսկ ինչ-որ իմաստով հայտարարագրված է: Այդ գումարը չի ներառվել պաշտոնատար անձանց հայտարարագրերում, սակայն նրանք, ովքեր հարկն է, այդ մասին իմացել են գումարը բանկում դնելու հենց առաջին իսկ օրը: Թե ինչու են լռել՝ սա էլ թերևս բացահայտման մեկ այլ գործ է:
Հայկ Դավթյան