Այսօր ՀԺ-ն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որպեսզի հերթական անգամ լուսաբանի զորակոչը, սակայն ի զարմանս մեզ, հսկիչ անցագրային կետի աշխատակիցները նշեցին, որ չեն կարող մեզ ներս թողնել: Հարցին՝ ո՞րն է պատճառը, պատասխանեցին, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի թույլտվությունը պետք է ստանանք: Մեր հավաստի տեղեկություններով՝ այսօր բանակ է զորակոչվելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին, արդյո՞ք ՀԺ-ին ներս չթողնելը կապված է սրա հետ:
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստացանք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
- Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ մեզ այսօր թույլ չեն տվել մտնել կենտրոնական հավաքակայան եւ լուսաբանել զորակոչը:
- Մենք ամսվա սկզբին հայտարարել ենք, որ 30 օրվա զորակոչի ընթացքում մոտավորապես 15-16 օր լինելու են լուսաբանման օրեր, մնացած օրերը չեն լինելու լուսաբանման օրեր: Լուսաբանման օրերին խնդրեմ համեցեք, բոլոր հասանելի ֆորմատներով լուսաբանեք, այլ օրերը չի լուսաբանվում, դա աշխատանքային գրաֆիկի հետ կապ ունի:
- Իսկ ի՞նչն է խանգարում, ինչո՞ւ կան այդպիսի օրեր, որոնք չպետք է լուսաբանվեն:
- Կան աշխատանքային ռեժիմին խանգարող եւ չխանգարող օրեր: Մի ամսվա մեջ 16 օրը չի՞ բավարարում:
- Ճի՞շտ է, որ այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին գնալու է ծառայության:
- Պաշտպանության նախարարի տղան, պաշտպանության նախարարի անձնական, ընտանեկան հարցն է, ես իրավասու չեմ մեկնաբանել դա:
- Միգուցե հենց դա է պատճառ հանդիսացել, որ այսօր չենք կարող լուսաբանել զորակոչի ընթացքը:
- Դա չի կարող պատճառ լինել, ծիծաղելի են նման լուրերը: Մեր երկիրը շատ փոքր է, եւ պաշտպանության նախարարի որդու ծառայության վայրը մի քանի ժամ հետո բոլորը կիմանան, հետեւաբար՝ առանձնահատուկ բան չի կարող այդտեղ լինել:
- Այսինքն, բոլորը կիմանա՞ն, թե որտեղ է ծառայում նախարարի տղան:
- Մենք այնքան փոքր երկիր ենք, ինչպե՞ս եք կարծում՝ այսքան ուշադրությունից հետո, այսքան փոփոխություններից հետո, որեւէ մեկի ծառայության վայրը կարո՞ղ է գաղտնիք մնալ, այն էլ պաշտպանության նախարարի տղայի:
- Մեր տեղեկություններով՝ այսօր «Զինուժ»-ը լուսաբանելու է հավաքակայանում տեղի ունեցող իրադարձությունները, դա ճի՞շտ է:
- «Զինուժ»-ը չի լուսաբանում, «Զինուժ»-ը 24-ժամյա ռեժիմով օրինականության պահպանության համար վիճակահանության եւ թափանցիկության տարրերի փոփոխություններն է նկարում՝ վերահսկելիության համար, որպեսզի հետագայում ծնողները, կամ հետագայում ինչ-որ խնդիր լինի պարզաբանման կարիք լինի, մենք կարողանանք իրենց ներկայացնել: Դրանք տարբեր բաներ են, բայց այսօր լուսաբանման օր չէ, այսօր ոչ ոք չի լուսաբանում, այդ թվում նաեւ «Զինուժ»-ը:
Հ.Գ. Նկատենք, որ ՊՆ-ի այս վարքը անհասկանալի է եւ աբսուրդ: Ի՞նչ ունեն թաքցնելու: Եթե վարչապետը հայտարարում է, որ բոլոր ոլորտներում բոլորն անխտիր պետք է թափանցիկ աշխատեն, ինչո՞ւ են կենտրոնական հավաքակայանի դռները կոնկրետ օրերի բացվում լրագրողների առաջ: Որ օրենքի որ պահանջով է ՊՆ խոսնակը նման հրահանգ իջեցնում: Ո՞ւր է զորակոչվելու պաշտպանության նախարարի որդին: Այս ամենը թույլ է տալիս այլ՝ ոչ դրական եզրակացություններ անել: