loading...

ՀՀԿ-ն կասկածում է Սերժ Սարգսյանին. ում էր լավ ճանաչում Ֆելիքս Ցոլակյանը



Դիտումներ ` 1878
ՀՀԿ-ն կասկածում է Սերժ Սարգսյանին. ում էր լավ ճանաչում Ֆելիքս Ցոլակյանը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ մայիսի 8-ին «ժողովրդի թեկնածուի» օգտին քվեարկելու մասին ՀՀԿ խմբակցության որոշումը ամենեւին չի նշանակում, թե բոլորն են քվեարկելու կողմ: Շարմազանովը ասել է, որ 53 ձայն ՀՀԿ-ն կապահովի, այսինքն ենթադրաբար կապահովի այն ձայները, որոնք կպակասեն ԵԼՔ, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցություններին, բայց բոլորը չէ, որ կքվեարկեն կողմ:

Էդուարդ Շարմազանովը ասել է օրինակ, որ ինքը չի փոխել իր կարծիքը: Դա նշանակու՞մ է, որ կքվեարկի դեմ, պարզ չէ: Եվ պարզ չէ, թե ովքեր են քվեարկելու կողմ եւ ովքեր դեմ, ու ինչպե՞ս է դա որոշվել, ով ինչ հարցում եւ ում է համոզել:Մի բան հստակ է եւ ՀՀԿ խոսնակի պատասխանը վկայում է, որ կուսակցություն որպես այդպիսին այլեւս չկա եւ անգամ Սերժ Սարգսյանի խոսքը, փաստորեն, ՀՀԿ համար հիմք չէ: Իսկ այդ խոսքը նա, համենայն դեպս պաշտոնական հաղորդագրության համաձայն, ասել էր դեռեւս ապրիլի 25-ին, երբ իր հրաժարականից երկու օր անց երեկոյան հրավիրել էր խորհդարանի ՀՀԿ խմբակցության նիստ եւ հորդորել էր լինել միասնական:

«Ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ», ըստ այդմ ժամանակ տարածած պաշտոնական հաղորդագրության ասել էր Սերժ Սարգսյանը, միաժամանակ խոսելով նաեւ այն մասին, որ կուսակցությունը պետք է խորհրդարանում գործի տարբերվող ձեւաչափով:



Ինչ էր դա նշանակում՝ տարբերվող ձեւաչափ, դարձյալ պարզ չէր:Բայց Սերժ Սարգսյանի այդ ազդակները, որոնք հնչել էին այն օրը, երբ խաղի մեջ աշխույժ ներգրավվել էր Կարեն Կարապետյանը, բավական ուշագրավ էին:Մի քանի օր անց ՀՀԿ-ն որոշեց, որ չի առաջադրելու վարչապետի թեկնածու եւ միասնաբար տապալեց նաեւ այլ թեկնածուի, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը:

Բացառություն էր իհարկե ԱԱԾ գեներալ լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը, որի մասնագիտական եւ քաղաքական փորձառությունն ու իմաստնությունը անկասկած թույլ էր տվել ըմբռնել ու պատկերացնել իրավիճակի ամբողջ լրջությունն ու խորությունը, պարզորոշ պատկերացնելու համար, որ խնդիրը միանգամայն դուրս է Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ տիրույթից եւ առնչվում է պետական անվտանգությանը:Ըստ երեւույթին միայն Ֆելիքս Ցոլակյանն էր, որ հստակ պատկերացրել էր թե Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստի առանցքային նախադասությունը Նիկոլի ճիշտ լինելու եւ իր սխալվելու մասին, թե ապրիլի 25-ի խորհրդակցության ազդակները:

Գործնականում միասնական քվեարկել էր միայն Ֆելիքս Ցոլակյանը եւ մնացյալ 55 պատգամավորներն էին շեղվել քաղաքական պահից, որը ՀՀԿ համար քաղաքական կերպի մեջ մտնելու եւ այդ իմաստով հաղթանակի բացառիկ հնարավորություն էր:


Ո՞վ կամ ինչն էր շեղել նրանց Սերժ Սարգսյանի հուշած կամ ցույց տված «ճշտից» ու միասնականությունից, մղելով կատարել քվեարկություն, որն այլ բան չէր, քան պետականության հանդեպ ծայրահեղ անպատասխանատվություն եւ քաղաքական ինքնասպանություն: Ի՞նչ գիտեր կամ ու՞մ էր ճանաչում անվտանգության գեներալ Ցոլակյանը, որ չգիտեին կամ լավ չէին ճանաչում ՀՀԿ պատգամավորները:

Մյուս կողմից, ի՞նչ է փոխվել այժմ, որ կա այլ որոշում, բայց չկա միասնականություն: Տեղեկություն կար, որ մայիսի 8-ին վարչապետ ընտրելու որոշման համար խմբակցության նիստին մասնակցել է նաեւ դեռեւս կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:Եթե կուսակցության խոսնակն ասում է, որ քվեարկելու են ոչ բոլորը, դա նշանակում է, որ դերե՞ր են բաշխված, թե՞ ոչ բոլորն են այլեւս ընդունում Սերժ Սարգսյանի փաստարկները եւ հորդորները: Իհարկե հայտնի չէ, թե հատկապես ինչ է ասել Սարգսյանը, բայց դիրքորոշումների տարբերությունը վկայում է, որ, եթե խոսքը ընդամենը դերերի բաշխման մասին չէ, ապա խմբակցության մի մասը չի ընդունում Սերժ Սարգսյանի դիրքորոշումը:

Չի բացառվում, որ Սարգսյանին անգամ կասկածում են, նրա հրաժարականից հետո: Մյուս կողմից նրան գուցե հաջողվել է ցրել մի մասի կասկածներն ու համոզել, որ խնդիրը ոչ թե այն է, որ Նիկոլը ճիշտ էր, իսկ իրենք սխալ, այլ ճիշտը Նիկոլն է որպես տարբերակ՝ թե քաղաքական, թե պետական առումով, որովհետեւ մնացյալ բոլոր տարբերակները լինելու են պետության տակ դրվող ականներ, որքան էլ տվյալ իրավիճակում թվան հաղթական:Մայիսի 2-ի առավոտը դա ցույց տվեց լիուլի:


http://www.lragir.am/index/arm/0/comments/view/175612


loading...

Փակել