loading...

ՀՀԿ-ն հայտնվել է մղձավանջի մեջ. Փաշինյանի «սարսափազդու» ելույթի հետևանքները



Դիտումներ ` 388
ՀՀԿ-ն հայտնվել է մղձավանջի մեջ. Փաշինյանի «սարսափազդու» ելույթի հետևանքները

Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքային ելույթի, այպես կոչված, ներածական մասը թերևս ամենավիճահարույցն էր՝ առնվազն հնչած ձևակերպումների մասով ու պատահական չէ, որ այն դարձել է հակահեղափոխական հարձակումների թիրախ, բայց նաև՝ հասարակության որոշակի սեգմենտների միանգամայն օբյեկտիվ մտահոգությունների առարկա:

Նիկոլ Փաշինյանը «հեղափոխական Հանրապետության հրապարակը» հռչակեց երկրի բարձրագույն և միակ իշխանություն։ «Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն և Հայաստանի Հանրապետությունում հիմա հաստատվել է մի իրավական կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն»,- երեկ հայտարարել է Փաշինյանը՝ պնդելով, թե Հայաստանում չկա կոալիցիա, չկա կոալիցիոն իշխանություն, չկա խորհրդարանական մեծամասնություն։ «Գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին»,- հավելել է նա, հայտարարելով, որ իր կառավարությունը՝ «ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին»։

Ինքնին հասկանալի է, որ արտահայտված մտքերը բխում են հեղափոխության տրամաբանությունից կամ այն հանգամանքից, որ հեղափոխությունն առայժմ ավարտված չէ, ու այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի ելույթն՝ ամբողջության մեջ: Մյուս կողմից՝ հայկական հեղափոխությունը իր ծավալման ողջ ընթացքում գործել է, այսպես կոչված, ինստիտուցիոնալ միջավայրում և կարծում ենք՝ երեք ամիսը բավարար ժամանակ է, որպեսզի կառավարությունն ու նրա ղեկավարը կարողանային հեղափոխական էներգիան զուգորդել համակարգային մտածողության հետ: Նույնիսկ ֆորս-մաժորային իրավիաճակներում կամ հեղափոխականն էյֆորիան պահպանելու համար նպատակահարմար չէ պետական մարմինները, ինստիտուցիոնալ, համակարգային մտածողությունը ստորադասել «հեղափոխական հրապարակի» իշխանությանը, որովհետև դա հղի է անկանխատեսելի հետևանքներով. պետական համակարգը ոչ թե կազմաքանդման, դեինստիտուցիոնալիզացիայի, այլ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն ունի՝ ադապտացվելու համար նոր իրականությանը:

Առավել ևս՝ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով չի կարելի արժեզրկել պետական ինստիտուտների նշանակությունը, մանավանդ, որ հեղափոխության արդյունքների կապիտալիզացումը տեղի է ունենալու ոչ թե հրապարակում՝ ուղղակի ժողովրդավարության միջոցով, այլ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում, որոնք համոզված ենք, նոր լիցք, կրեատիվ մտածողություն են հաղորդելու իշխանության ինստիտուտներին: Ի վերջո, կառավարության այսօրվա կառուցվածքը, որը Փաշինյանը իրավմամբ, չի ուզում կոալիցիոն համարել, ոչ թե կառավարման մոդելի թերության, այլ՝ հենց Փաշինյանի որոշման հետևանք է, որն, ի դեպ, այնքան էլ ներդաշնակ չէ նույն հրապարակի տրամադրություններին:

 



Մյուս կողմից՝ «հեղափոխական հրապարակ» տերմինը քաղաքական կատեգորիա չէ, ու ինքին փոփոխական է՝ պայմանավորված կոնյուկտուրայով, իրավիճակային փոփոխություններով:

Պետք է նրբանակատ լինել՝ ուկրաինական հեղափոխության դառը փորձը չկրկնելու համար, երբ հրապարակի «ինստիտուցիոնալ» արժևորումը բերել է նրան, որ գրեթե ամեն օր քաղաքական կամ հասարակական խմբեր փողոցում հավաքում են մի քանի հազար մարդու և, ըստ էության, փորձում են հաճախ անհեթեթ լուծումներ պարտադրել իշխանությանը:

Հրապարակն այն միջավայրը չէ, որը կարողնա դառնալ որակյալ որոշումների կայացման հարթակ, ինչի վառ օրինակն է հենց Փաշինյանի վկայակոչած Աթենքը: Ի վերջո, աթենական դեմոկրատիան այդպես էլ չդարձավ համակարգ՝ պարտություն կրելով Սպարտայից:

Ուղղակի ժողովրդավարության մասին խոսակցությունը ռացիոնալ կարող է լինել միայն հանրաքվեի ինստիտուտն օրենսդրորեն ամրագրելու ու այն կիրառական դարձնելու համատեքստում, մնացած բոլոր դեպքերում՝ պետական ֆունկցիաների օտարումը հրապարակին հանգեցնելու է ժողովրդավարության ձևախեղմանը ու ընդունվող որոշումների մասնագիտական որակի շեշտակի անկմանը: Դա է վկայում համաշխարհային պատմության փոորձը ու ոչ միայն՝ Հին Հունաստանի օրինակով:

Մյուս կարևորագույն հանգամանքն այն է, որ արդյունավետ չէ պատմա-քաղաքական գնահատական տալ այն գործընթացին, որը դեռ ընթացքի մեջ է ու ամբողջովին բացահայտված չեն դրա խորքային հետևանքները: Պատմությունը չի սիրում իրադարձությունների իրավիճակային գնահատականներ ու որպես ճգրիտ գիտություն՝ գերադասում է գործ ունենալ կոնկրետ փաստերի, դրանց պատճառահետևանքային կապի հետ:

Սակայն այս ոչ այնքան տեսական էքսկուրսից հետո, որը կատարեցինք, բանականաբար՝ հեղափոխությանը չվնասելու սկզբունքով, գանք Փաշինյանի խոսքի արձագանքներին հակահեղափոխական ճամբարից, որոնք, որպես կանոն, արվում են ոչ թե օբյեկտիվության, այլ՝ ռևանշիզմի դիրքերից: Եթե նույնիսկ ՀՀԿ գործիչների շատ իրավիճակային գնահատականներ մոտ են օբյեկտիվությանը, ապա դրանց հետևում են այնպիսի եզրահանգումներ, որոնք ոչնչացնում են նրանց խոսքի արժեքը:


Օրինակ, ՀՀԿ խոսնակ Էդուրդ Շարմազանովի հայատարարության մեջ ասված է, որ երեկ տեղի է ունեցել «ոչ թե հաշվետվություն, այլ ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում»: Որպես պատմաբան՝ Շարմազանովը կարո՞ղ է վկայակոչել աշխարհի որևէ երկիր, որտեղ իշխանությունը «վախճանվել է»՝ ունենալով հանրային վստահության նման պաշար: Նման փաստի բացակայության պարագայում՝ ՀՀԿ խոսնակի խոսքը կորցնում է իր քաղաքական արժեքը, եթե նույնիսկ հայտարարության տեքստում կան մի քանի հաջողված պատմական զուգահեռներ:

«Նրա խոսքը Լյուդովիկոս 14-ի, ֆրանսիացի յակոբինյանների, բոլշևիկ տրոցիկստների և բռնապետերի մտքերի խառնուրդ էր»,- Փաշինյանի ելույթի մասին գրում է Շարմազանովը, սակայն եթե խորհրդարանի փոխխոսնակի նկարագրած իրավիճակը գոնե հեռավոր առնչություն ունենար հայաստանյան այսօրվա իրականության հետ, ապա կոռուպցիայի ու ծանր հանցագործության մեջ թաթախված նրա շատ կուսակիցների գնդակահարված դիակների պակաս Երևանի փողոցներում չէր լինի: Սակայն, ի հեճուկս Շարմազանովի նկարագրած հեղափոխական դատաստանի, Հայաստանում խստիվ պահպանվում են դատաիրավական ընթացակարգերը ու ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ազատության մեջ է, այլ նույնիսկ՝ անարգել հարցազրույց է տալիս ու իրենց գովազդում է հեռսուստաեթերում:

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ուժգին հարված էր Հայաստանի պետականությանը: Հետևողական կերպով էրոզիայի ենթարկելով պետական ինստիտուտները, կառույցներն ու մեխանիզմները, պետությունը փոխարինելով «ԵՍ ու Ժողովուրդը» առաջին հայացքից ականջահաճո, իսկ իրականության մեջ հակապետական բանաձևով»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հասարակական կարծիքը ենթարկելով մանիպուլյացիայի: Նույնիսկ ամենաանհաջող ելույթը՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը, չի կարող ուժգին հարված լինել պետականությանը, մանավանդ, որ այդ պետականությունը «հերոսաբար» դիմագրավել է Աշոտյանի հարազատ իշխանության՝ քրեաօլիգարխիայի քսանամյա թալանին ու ասպատակություններին: Էլ չենք խոսում այն մասին, որ ժողովրդին իր կուսակցության հետ նույնացնում է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Աշոտյանի «Բազե»-ի սիրված հյուր Ռոբերտ Քոչարյանը: Բա ինչո՞ւ էր Աշոտյանը 1998-ին պաշտպանում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, թե՞ ավտորիտարիզմի վտանգ չէր տեսնում նրա «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» հակաքաղաքական կարգախոսի մեջ

Կամ որտեղի՞ց է Աշոտյանին հայտնի, թե Լավրովը հրաժարվել է ընդունել Հայաստանի ԱԳ նախարարին: Այդ երբվանի՞ց է ցեկակրոն ՀՀԿ-ն վերածվել Ռուսաստանի ԱԳՆ անանուն աղբյուրի:

Քննադատել, անշուշտ, կարելի է, սակայն ՀՀԿ-ն նախ ինքը պետք է արդիականացվի՝ դառնալով դասական կուսակցություն, որպեսզի կարողնա ձերբազատվել արյունոտ ու կոռումպացված համակարգի հետևանքներից: ՀՀԿ-ն շարժվում է տրամագծորեն հակատակ ուղղությամբ՝ դիրքավորվելով Ռոբերտ Քոչարյանի ճամբարում, որտեղ դադարում է գոյություն ունենալ ցանկացած բան, որը թեկուզև հեռավոր աղերս ունի քաղաքականության հետ:

https://www.1in.am/2409700.html


loading...

Փակել